«Անկախության հռչակագիրը պետք է մնա անփոփոխ եւ իր տեղում՝ Սահմանադրության նախաբանում, քանի որ չունի դադարեցման կամ խմբագրման իրավաբանական հիմք. այն դարերի համար ուղեցույց-փաստաթուղթ է եւ հանդիսանում է հայոց պետականության հարատեւության հիմնական հենասյունը»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:
– Օրերս, խորհրդարանի ամբիոնից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ Անկախության հռչակագրին՝ ասելով. «Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ»։ Իբրեւ այդ փաստաթղթի ընդունմանը մասնակցություն ունեցած անձ, ի՞նչ կասեք այս մասին։
– Նիկոլ Փաշինյանը, 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտվելով Ադրբեջանին՝ դարձավ Պուտինի, Էրդողանի եւ Ալիեւի խամաճիկն ու կամակատարը։ Քանի որ այդ երեքը հանդես են գալիս միասնական ճակատով Հայաստանի դեմ, իրենից պահանջում են հրաժարվել մեր պետության հիմքում դրված պետությունաստեղծ այդ փաստաթղթից։ Ինքը փորձում է այդ եղանակով՝ տարբեր անհեթեթ հայտարարություններ անելով, մեր ժողովրդին համոզել եւ ընտելացնել, որ ինքը ընդունելու է նոր Սահմանադրություն եւ նոր Սահմանադրությունում այլեւս հղում չի լինելու Անկախության հռչակագրի վրա։ Սա է նրա օրակարգը։ Իսկ Հռչակագրում, ինչպես հիշում եք, նշվում է եւ Արցախի՝ Հայաստանի մաս կազմելու եւ Հայոց ցեղասպանության մասին։
– Անկախության հռչակագիրը Գերագույն խորհրդում ընդունվել է միաձայն՝ անկախ այդ շրջանի քաղաքական խճապատկերից եւ առկա տարաձայնություններից. Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարող է շրջանցել այդ հանգամանքը։
Կարդացեք նաև
– Ինչպես հիշում եք՝ Գերագույն խորհուրդը ձեւավորվեց, պատգամավորներ ընտրվեցին մրցակցային պայմաններում, բացառիկ ազատ ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ Գերագույն խորհուրդը օժտված էր բարձր լեգիտիմությամբ, արտահայտում էր մեր ամբողջ ժողովրդի կամքը։ Անկախության հռչակագիրը կազմելու համար խորհրդարանի կողմից ստեղծվեց բազմակուսակցական ժամանակավոր հանձնաժողով։ Այդ ժամանակ, ես էլ էի ընդգրկվել այդ հանձնաժողովի մեջ, քանի որ ներկայացնում էի 1989 թվականին ստեղծված Հայաստանի ազգային անկախություն կուսակցությունը։
Գերագույն խորհուրդը՝ հանդիսանալով իշխանության միակ բարձրագույն մարմինը, 1990 թվականի օգոստոսի 23-ին միաձայնությամբ ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, ինչն, ըստ էության, համահայկական համաձայնագիր է հայ ժողովրդի կենսագոյի, հիմնական արժեքների ու ապագայի կերտման մասին։
Այդպես է, եւ դրա վառ ապացույցն է, երբ հետագայում խորհրդարանը հենվելով Հռչակագրի վրա, ելնելով Հռչակագրի դրույթներից, սահմանեց անկախ պետականության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը եւ օրհներգը, դրանով իսկ հաստատելով, որ իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է 1918-1920 թվականների առաջին հանրապետության։
– Ադրբեջանի նախագահը պնդում է՝ ՀՀ Անխակության հռչակագրում տարածքային պահանջ կա Ադրբեջանից, ուստի Հայաստանը պետք է հրաժարվի հռչակագրից,՝ փոխելով ՀՀ Սահմանադրությունը, նախաբանից հանելով Անկախության հռչակագրին հղումը։ Ըստ էության Փաշինյանը փորձում է կատարել Ալիեւի հրահանգը ու կարծես առանձնակի դիմադրության չի էլ արժանանում։
– Շատ ճիշտ նկատեցիք, փորձում է կատարել Ալիեւի հրահանգը։ Սակայն, ի հեճուկս փաշինյանների, պետք է ասեմ, որ իրենք դա չեն կարողանալու անել, քանի որ, նախ, Հռչակագիրը, ինչպես նաեւ հետագայում ընդունված Սահմանադրության դրույթներն ու պետական խորհրդանիշները միջազգային իրավունքի հետ երբեւէ որեւէ խնդիր չեն ունեցել եւ այժմ էլ չունեն։
Երկրորդ, քանի որ հայ ժողովրդի համար ժամանակը իր լրումին է մոտենում, ապա շուտով մենք ականատես կլինենք հայ ժողովրդի նոր զարթոնքին, ինչպիսին 1988 թվականին տեղի ունեցավ։ Քաղաքական դաշտը դեռեւս պղտոր է, այժմ մտնում ենք զուլալման փուլ եւ ես վստահ եմ, որ շուտով ազգայնական ուժերը ի մի են գալու, կհամախմբվեն եւ միասնական հանդես կգան՝ որդեգրելով այն արժեքները, որոնք մեր ժողովրդի մեծամասնության մտածումներն ու ձգտումն են՝ Աստվածային արժեքները եւ հայոց փառքի վերականգնումը։ Իսկ մենք՝ Գերագույն խորհրդի պատգամավորներս, լի ենք վճռականությամբ՝ սկսել գործնական քայլեր, դիմակայելու այս ազգադավ երեւույթին։
– Հայաստանի իշխանության որդեգրած կեցվածքը՝ այդ թվում նաեւ Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության առանցքային դրույթները փոխելը, անմիջականորեն առնչվում է մեր ինքնությանը, սպառնալիք է մեր ինքնությանը։ Ի դեպ, մեր ինքնության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար իր մեկնաբանություններն է անում։ Այս մասին ի՞նչ կասեք։
– Անկախության հռչակագիրը պետք է մնա անփոփոխ եւ իր տեղում՝ Սահմանադրության նախաբանում, քանի որ չունի դադարեցման կամ խմբագրման իրավաբանական հիմք. այն դարերի համար ուղեցույց-փաստաթուղթ է եւ հանդիսանում է հայոց պետականության հարատեւության հիմնական հենասյունը։
Հայաստանի Անկախության հռչակագիրը հայոց անկախ պետականության վերականգնման հիմնադիր փաստաթուղթն է, համահայկական նշանակության ակտ, ուստի եւ այն պետք է մնա որպես անկախ պետության պահպանման եւ հարատեւության երաշխիք։
Երկրորդ, անընդունելի եմ համարում արտաքին՝ թշնամական՝ թուրքական, ռուսական եւ ադրբեջանական ուժերի ճնշմամբ Հայաստանի իշխանության որդեգրած կեցվածքը՝ Հռչակագրի եւ Սահմանադրության առանցքային դրույթները փոխելու միտումը։ Միտում, որն անմիջականորեն առնչվում է մեր ինքնության, պատմական հիշողության, պատմական արդարության, բռնազավթված՝ միջազգայնորեն ընդունված Հայաստանի տարածքներից (Հայոց սահմանները գծված են՝ Ազգերի լիգայի (1920թ. փետրվարի 24)՝ արեւելյան եւ Վիլսոնի իրավարար վճիռ (1920թ. նոյեմբերի 22)՝ արեւմտյան որոշում-վճիռներով։ Արեւելյան սահմանը գրեթե ամբողջությամբ ընդգրկում է Արցախը, Գարդմանը, իսկ արեւմտյան սահմանը, ինչպես հայտնի է՝ ընդգրկելով պատմական Հայաստանի շուրջ 164 հազար քառակուսի կիլոմետր տարածք, դուրս է գալիս Սեւ ծով՝ Տրապիզոն քաղաքով։ Շատ քիչ պետություններ կան, որ ունեն միջազգային հանրության կողմից անմիջապես ընդունած նման փաստաթղթեր իրենց պետությունների սահմանների եւ տարածքների վերաբերյալ։ Ըստ այս երկու փաստաթղթի՝ Հայաստանի տարածքները կազմում են շուրջ 220 հազար քառակուսի կիլոմետր) հրաժարվելու եւ դրանով իսկ հարված հասցնելու հայ ժողովրդի ձգտմանը՝ ազատագրելու բռնազավթված հայոց տարածքները, վերականգնելու Հայաստանի փառքը եւ ապրելու Աստվածային արժեքներով։
Նորից եմ կրկնում, դա տեղի չի ունենալու եւ մենք շատ շուտով ականատես կլինենք այս ապազգային տարրերի հեռացմանը ու պատասխանատվության՝ արդարադատության առաջ կանգնելը։
Նիկոլը սարսափում է Անկախության հռչակագրից, ինչպես սատանան Խաչից։ Քանի որ Հռչակագիրը խոչընդոտում է նրա նկրտումներին, նրա մտածելակերպը օտար է հայոց գենային համակարգին, նա մտածում է ստամոքսով։ Նրա համար նյութականը ամեն ինչից վեր է. ի՞նչ հայ, ի՞նչ անցյալ, ի՞նչ պատմություն, ի՞նչ հոգեւոր, ի՞նչ Աստված, սրանք բոլորը նրա համար սուտ կատեգորիաներ են։ Դրա համար էլ նա սարսափում է Անկախության հռչակագրից։
– Տպավորություն է, որ մեր ժողովուրդն էլ անտարբեր է դարձել Արցախում իրականացված ցեղասպանությանը, Արցախը թուրքերին հանձնելու եւ Հայաստանի այլ տարածքների վրա Ադրբեջանի իշխանության հաստատման իրողություններին։
– Կարծում եմ՝ դա թվացյալ է, հայ ժողովուրդը նույնիսկ խորհրդային դաժան ճնշապայմաններում էր ապստամբում, վկա՝ 1960-80-ական թվականներին ազգային միացյալ կուսակցության գործունեությունը, որի հարյուրավոր նվիրյալների նետում էին խորհրդային բանտեր։ Այժմ էլ մեր ժողովուրդը լուռ եռում է եւ ներքին մղումով սպասում է պոռթկման հարմար պահի։ Սպասում է հայոց բանակի հերթական հաղթանակին Աստծո օգնությամբ եւ հայոց տարածքների ազատագրման ու արդար պետության կառուցմանը։
Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ նոր աշխարհակարգ հաստատելու փուլ ենք մտնում, եւ ուրվագծվում է, որ Արեւմուտքի արեւելյան մասում կերտվում է նոր հզոր պետություն՝ Ուկրաինան՝ Կիեւյան Ռուսը, իսկ հարավ-արեւելյան մասում վերածնվում է մյուս հզոր պետությունը՝ Հայքը։ Այս երկու պետությունները կազմելու են Արեւմուտքի արեւելյան եւ հարավ-արեւելյան ճակատների պատնեշները։
Իսկ Հայքը վերահաստատելու է իր պատմական դերակատարությունը Աստվածային, արիական արժեքների վերահաստատման եւ արիական առանցքի՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Հունաստան (Եվրոպա) ձեւավորման եւ կենսագործունեության առումով։ Այդ առանցքը դառնալու է արիական արժեքների, մշակութային, տնտեսական եւ ռազմաքաղաքական միավորում։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2024