Դամբուլներ դեպի Մոզամբիկ
Այսօրվանից «Առավոտը» սկսում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Այս սյունակները հեղինակի մոտեցումները, պատկերացումներն ու գնահատականներն են մեր իրականության ամենատարբեր երեւույթների վերաբերյալ:
Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս կտեսնեն ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայաքում կտեղադրվեն շաբաթ օրերին:
Կարելի՞ է, արդյոք, պատկերացնել Հայաստանում իրականացվող մի այսպիսի սոցհարցում, որտեղ հարցերից մեկը հետեւյալն է.
- Եթե առաջիկա կիրակի Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցկացվի Արարատյան դաշտավայրում աճեցվող սեւ, պճղովի դամբուլը Հարավարեւելյան Աֆրիկայում գտնվող Մոզամբիկի Հանրապետություն արտահանելու վերաբերյալ, ինչպե՞ս կքվեարկեք:
Եվ հարցման մասնակիցների 58 տոկոսը պատասխաներ, որ կողմ կքվեարկեր այդ նախաձեռնությանը, ավելին՝ կողմ քվեարկածների 40 տոկոսը՝ որպես դամբուլի Մոզամբիկ արտահանման հիմնական առավելություն, նշեր այն հանգամանքը, որ դա կնպաստի ալկոհոլ օգտագործած վարորդների մասնակցությամբ մահվան ելքով վթարների թվի կտրուկ նվազմանը:
Հավանաբար, կարիք չէր լինի նման զվարճալի ենթադրություններ անել, եթե չլիներ վերջերս միջազգային հեղինակավոր մի կազմակերպության անցակցրած սոցհարցումը: Այստեղ, ի շարս այլ հարցերի, նաեւ այսպիսի մի հարց կար.
- Ինչպե՞ս կքվեարկեիք, եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն:
Այս միանգամայն իրական սոցհարցման մասնակիցների 58 տոկոսը պատասխանել է, որ կողմ կքվեարկեր, իսկ նրանց 40 տոկոսը՝ որպես կողմ լինելու հիմնական պատճառ, նշել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդումը:
Ի՞նչ զգացողություններ է ունենում սթափ գիտակցությամբ հարցվողը, երբ կարդում է սոցհարցման հարցաթերթիկը: Արդյո՞ք նրա մոտ չի առաջանում տրամաբանական տարակուսանք՝ ի պատասխան ձեւակերպված հարցերի: Օրինակ՝ մի՞թե Մոզամբիկին անհրաժեշտ է սեւ դամբուլ, այն էլ՝ պճղովի, կամ՝ մի՞թե ինչ-որ նշանակություն ունի Հայաստանում անցկացված հանրաքվեն Եվրոպական Միության երկրների համար: Հարցաթերթիկի սեւ եզրագծով հերթական քառակուսին բաղձալի «ծիտիկով» օժտելուց առաջ բանական հարցվողը առնվազն պետք է պատասխանի՝ «Ի՞նչ կապ ունի» հարցին: Ի՞նչ կապ ունի մեր հարազատ դամբուլի արտահանումը մահվան ելքով վթարների հետ: Ի՞նչ կապ ունի Եվրոպական Միությունը մեր անվտանգության հետ:
Իսկ ինչպիսի՞ն կլինեին հարցման արդյունքները, եթե հարցման պահին մեր հայրենակիցներին տեղեկացվեր, որ Եվրոպական Միությունը տնտեսական-քաղաքական կառույց է, որի անվտանգությունն ապահովում է անվտանգային եւ պաշտպանական գործառույթներ հռչակած մեկ այլ կառույց: Հասկանալի է, որ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը կարող է տեղյակ չլինել, որ այժմ կրկին ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ Եվրամիությունը նույնպես ունենա ռազմականացված պաշտպանական հնարավորություններ, քանզի ահագնանում են մտահոգությունները ռուսական հնարավոր ոտնձգությունների մասով, եւ Եվրամիությունը չի ուզում հույսը դնել միայն իր անվտանգությունն ապահովող ՆԱՏՕ-ի վրա: Սակայն ամենօրյա լրահոսին հետեւող ուշիմ հայաստանցին առնվազն պետք է հիշի, թե ինչ ուղերձներ են հղել Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանին տնտեսական, քաղաքական եւ անվտանգային կուրսը փոխելու եւ դեպի Եվրոպա թեւածելու վերաբերյալ:
Լավ, իսկ հեչ ո՞ւմ անվտանգությունն է ապահովել, չար ու անարդար հարեւաններից պաշտպանել, փրկել այս հրաշալի միությունը: Վերը նկարագրած գիտելիքների տեր հարցվողը Վրաստանից եւ Ուկրաինայից այն կողմ օրինակ չի գտնի:
Ինչո՞ւ է միջին վիճակագրական հայաստանցի հարցվողը ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցի Եվրամիությանը: Այո, թող մեր շեֆությունը ստանձնի եւ մեր անվտանգությունը երաշխավորի Եվրամիությունը, Ամերիկան, Չինաստանը, Հնդկաստանը … ցանկացած մեկը, բացի Ռուսաստանից: Գուցե պատճառն այն է, որ Հայաստանը երբեք չի եղել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Չինաստանի գաղութը, գուբերնիան կամ պստիկ գործընկերը եւ չգիտի, թե ինչ առանձնահատկություններ ունեն անգլիացու, ֆրանսիացու կամ չինացու սապոգները: Սա, սակայն, բոլորովին այլ զրույցի թեմա է:
Աղասի ՀՈՒՆԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2024