Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Համբարձումյան. «Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում տարվա կեսին հարկման ռեժիմի փոփոխություն»

Նոյեմբեր 29,2024 23:57

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող  մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման դաշտ տեղափոխելու կապակցությամբ այսօր հրավիրված քննարկման նախաձեռնության հեղինակներից «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Վահագն Համբարձումյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Սա մի հանրային քննարկում է, որը նախատեսված է 13 հազար հարկ վճարողի կյանքի որակի փոփոխման հետ կապված նախագծի քննարկմանը: Նախագիծ, որն իրականում թեկուզ միջգերատեսչական քննարկումներ անցել է, բայց լայն շերտերի հետ խորը եւ վերլուծական քննարկումներ չեն իրականացվել:

Մենք պետական մարմինների ներկայացուցիչներին հրավիրել ենք այդ հարցը քննարկելու, որովհետեւ իրականում խնդիրը հապճեպ ընդունելը եւ արագացված ռեժիմով կյանքի կոչելը ճիշտ չենք համարում: Ամենասուրը ժամկետների խնդիրն է, եւ ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում տարվա կեսին հարկման ռեժիմի փոփոխություն: Հաշվառողները շատ լավ գիտակցում են, թե դա հաշվառման տեսանկյունից ինչի կհանգեցնի՝ ինչ տարաձայնությունների, ինչ բարդությունների: Երկրորդ, հեղինակներն ասում են, որ վարձու աշխատողը 20 % եւ ավելի հարկ է վճարում, իսկ մասնագիտական ծառայություն մատուցողը՝ 5 %: Եթե մենք ընդունում ենք այդ հանգամանքը, ապա իրենք էլ պետք է ընդունեն այն հանգամանքը, որ այսօր լիքը մասնագիտական ծառայություններ գործում են ստվերում:

Մենք ասում ենք՝ եկեք թիվ մեկ խնդիր դարձնենք բոլորին ստվերից հանելը՝ բոլոր գործիքակազմերով: Ընդ որում, գործիքակազմը չի ենթադրում վարչարարության կիրառում: Գործիքակազմը ենթադրում է այնպիսի միջավայրի, իրավակարգավորումների ստեղծում, որտեղ մասնագիտական ծառայություններ մատուցողները չկարողանան իրականացնել ստվերային գործունեություն: Մենք ունենք երկու կարծիք: Որ շրջանառության հարկի շեմը խոչընդոտ է՝ ընդունում ենք: Մարդիկ, մոտենալով 115 մլն դրամին, չեն ուզում աճել: Երկրորդը, այո, այն իրականում խոչընդոտ հանդիսանում է նաեւ ստվերում գործելու համար: Բայց խնդիրը կացնահարելով լուծելը, կարծում ենք, ճիշտ չէ: Դրա համար առաջարկում ենք փաստարկված, կառուցողական, բոլոր պետական մարմինների ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել եւ տալ մեր առաջարկությունները: Առնվազն, հետաձգում պետք է լինի: Պետք է ստեղծել մասնագիտական խմբեր եւ հատ առ հատ ուսումնասիրել: Գուցե կլինեն մասնագիտական ծառայություններ, որոնք պետք է հանվեն, կամ հակառակը՝ պետք է ավելացվեն: Հնարավոր է նույնիսկ գալ մեկ ընդհանուր հայտարարի, որ մասնագիտական ծառայությունները պետք է ընդհանուր տեղափոխվեն  2027 թվականի հունվարի 1, ինչպես գիտենք՝ հայտարարություններում արդեն նշել են քաղաքական պատասխանատուները»,- ասաց պարոն Համբարձումյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930