Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային օրենսգրքի այս փոփոխություններից լինելու են վարքագծային կանոնների փոփոխություններ, վստահության պակասն ավելի է մեծանալու, ստվերը ավելի է մեծանալու». Հակոբ Ավագյան

Նոյեմբեր 29,2024 23:18

ՓՄՁ ոլորտը ներկայացնող միությունները, ասոցիացիաները եւ միավորումներն այսօր մասնագիտական քննարկում էին կազմակերպել՝ նվիրված հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին, որով մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի համակարգից տեղափոխվում է հարկման ընդհանուր համակարգ:

Միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերներ էին ուղարկվել փոխվարչապետին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահի ժ/պ-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, տեղակալին եւ անդամներին՝ օրենքի նախագծի հեղինակներից եւ պատասխանատուներից պահանջելով վերադառնալ կառուցողական հանրային քննարկման դաշտ: Եկել էին միայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ՊԵԿ վարչության պետերից մեկը, էկոնոմիկայի նախարարության մի խորհրդատու:

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով քննարկմանը եկած պետական կառույցների ներկայացուցիչներին, նախ մեկնաբանեց, թե ինչու է բաց նամակի մեջ օգտագործվել «պահանջում ենք» եզրույթը: «Քաղհասարակությունը եւ ընդհանրապես հասարակությունը առաջին իրավատերն է՝ պահանջելու պետական ծառայություն մատուցող ցանկացած չինովնիկից: Իսկ ինչու ենք ասում՝ վերադարձեք կառուցողական երկխոսության դաշտ, որովհետեւ, ցավոք սրտի, ժամանակն ու փաստերը այլ բան են խոսում:

Մասնավորապես, այս տարվա հունիս ամսին ԱԺ կողմից ընդունվեց փոքր եւ միջին բիզնեսում հարկերը եւ դրույքաչափերը բարձրացնելու եւ շրջանառության հարկը կոնցեպտուալ գաղափարական փոփոխության ենթարկելու էլի մի վատթարացնող նորմ: Այսինքն, պարզեցված հաշվառում հունվարի 1-ից այլեւս չի լինելու»,-ասաց բանախոսը:

Դիմելով Բաբկեն Թունյանին՝  Հակոբ Ավագյանը հիշեցրեց. «Անձամբ ձեզ շնորհակալություն, որ արձագանքեցիք եւ խորհրդարանական լսումները կազմակերպեցիք: Բայց մենք հենց այնտեղ ասում էինք՝ խնդրում ենք, մի շտապեք, մի ընդունեք: Հիմա որ ասում եք՝ այս-այս ծառայությունները հանելու ենք, սա մնալու է, նորից տալիս եմ այդ պարզագույն հարցը՝ արդյոք արե՞լ եք ազդեցության գնահատում, որ հաշվապահներին թողնում եք, խորհրդատուներին՝ հանում: Այդ դեպքում անգամ այն արդյունքը, որ դուք եք բերել նախագծի հիմքում, ստանալո՞ւ եք, թե՞ ոչ: Չեք արել:

Ես ուզում եմ ամենակարեւոր բանն ասել: Մենք իրականում արդարության պահանջի եւ արդարության զգացումի պակաս ունենք: Գրել ենք, ասում ենք՝ խնդրում ենք, քաղաքական որոշում կայացնողները թող գան այս հանդիպմանը, որ իրենք իրական դաշտի հետ շփվեն ու որոշում կայացնեն: Իսկ փոխվարչապետի գրասենյակից արագ պատասխանում են՝ ժամանակ չունի: Էկոնոմիկայի նախարարության առնվազն փոխնախարար պետք է տեսնեինք այստեղ, բայց չեմ տեսնում: Մանավանդ, որ էկոնոմիկայի նախարարությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացման առաջին պատասխանատուն է: Ու ինչո՞ւ ենք ասում՝ եկեք երկխոսենք: Պատճառը, ու դա վիճակագրությունն է փաստում, մեր չլսված լինելն է: Գուցե, հանձնաժողովի մակարդակում լինում են հանդիպումներ: Պարզագույն բան ասեմ. այսօր ՓՄՁ երկխոսության ամենաֆորմալ հարթակը փոխվարչապետին կից է, ու ենթախորհուրդն էլ էկոնոմիկայի նախարարին է կից: Ֆիննախի հիմնավորման թղթի մեջ էր գրված՝ 55 հազարից ավելի տնտեսավարողի էր վերաբերում հունիսի 12-ի որոշումը: Նույնիսկ այդ խորհրդի ներսում այդ հարցը չքննարկվեց: Հիմա մենք իրավունք չունե՞նք պահանջել, ասել՝ վերադարձեք կառուցողական երկխոսության դաշտ:

Մենք ցանկանում ենք քաղաքական որոշումներ կայացնողների մակարդակով խոսել: Բարձրագույն չինովնիկների առօրյա պարտականությունն է, որ որոշումներ կայացնելիս գան երկխոսության դաշտ: Վերջին տարիներին ունենք որոշում ընդունելու շատ վատ մշակույթ, որի հիմքում չեն դրվում հստակ հաշվարկներ, թվեր: Ի տարբերություն քաղհասարակության, պատգամավորների՝ նախարարություններն ունեն այդ հաշվարկներն անելու ավելի մեծ ինստիտուցիոնալ կարողություններ: Ոչ թե միակողմանի, ինչպես ֆիննախն է անում: Ես ամեն անգամ ասում եմ՝ ֆիննախի հետ ես հարց չունեմ՝ դուք կարող եք ձեր հաշվարկն անել, գրել՝ սրանով 13 միլիարդ փող ենք վերցնելու եւ այլն: Իմ հարցը տնտեսության զարգացման հետ է: Էկոնոմիկայի նախարարություն, դու հաշվարկ արե՞լ ես: Հստակ մի քանի անգամ ասել եմ, այսօր էլ եմ ամրագրում, որ այս նախագծի փոփոխություններից 13 միլիարդ չի հավաքվելու: Լինելու են վարքագծային կանոնների փոփոխություններ, վստահության պակասն ավելի է մեծանալու, ստվերը ավելի է մեծանալու»,-ասաց Հակոբ Ավագյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930