Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին հարցաքննվող Մանվել Ղարիբյանը պատմեց, որ ընտանիքներով շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Աղվան Հովսեփյանի հետ:
Հովսեփյանի պաշտպանը նրանից հետաքրքրվեց՝ այդ մտերմության պարագայում եղե՞լ է, որ Աղվան Հովսեփյանը ձեզ, կամ դուք նրան առաջարկեք համատեղ բիզնես գործունեություն ծավալել:
Ի պատասխան՝ վկան ասաց. «Ես առաջարկել եմ, Աղվան Հովսեփյանն ասաց՝ «բիզնեսից հեռու եմ, ի պաշտոնե ժամանակ էլ չունեմ»: Երբ ես գործարար էի, բայց Աղվան Հովսեփյանը քննիչ էր աշխատում, դեռ էդ ժամանակներից ենք մտերիմ, ոչ թե՝ գլխավոր դատախազ է դարձել, նոր ենք ընկերություն արել: Ես ինքս առաջարկել եմ, ասել եմ՝ լավ փող եմ վաստակում, խնդրում եմ, եթե հնարավոր է՝ ընդհանրապես դու ոչ մի գումար փող չվերցնես, հեռու մնաս այդ կոռուպցիոն խնդիրներից: Եթե պետք է՝ ես գումար կտամ, որ ընտանիքդ խնդիր չունենա: Ինքն ասել է՝ խնդիր չկա: Ամեն օր ընկերություն եմ արել հետը»: Վկայի խոսքով՝ բազմաթիվ մարդիկ են իրեն դիմել, որ Աղվան Հովսեփյանին միջնորդի, որ դատախազ աշխատեն, բայց ինքը նման քայլի չի գնացել. «Ասել եմ՝ իմ հետ գործ չունեք, ես ինքս ասում եմ՝ դու փող չվերցնես, ես ո՞նց գնամ, իրեն ասեմ՝ դատախազ նշանակի, թեկուզ՝ լավ աշխատող»:
Աղվան Հովսեփյանը վկայից հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ է դատարանում հարցաքննված Արշավիր Սարգսյանին՝ հիշեցնելով, որ վերջինս դատարանում ցուցմունք տալիս ասել է, թե ինքն ու Աղվան Հովսեփյանը բիզնես պարտնյորներ են եղել: Ի՞նչ կասեք սրա մասին՝ այս հարցին Ղարիբյանը պատասխանեց. «Ամբողջ հանրապետությունը գիտի՝ եթե ինձ հետ պարտնյոր չեք, չեք կարող որեւէ մեկի հետ պարտնյոր լինել: Երբ մեր հարաբերությունը կար, Արշավիրը չկար, իմ բիզնեսը որ կար, Արշավիրը բիզնես չուներ»:
Կարդացեք նաև
Իսկ որտեղի՞ց հայտնվեց Արշավիր Սարգսյանը՝ այս հարցին էլ վկան պատասխանեց. «Ես հիշում եմ, որ մի անգամ ասացիք, որ Արշավիրի նկատմամբ ինչ-որ մահափորձ է եղել Մոսկվայում, փախել, եկել է: Ասացիք՝ մեզ ընկեր է, ծանոթ է՝ կարո՞ղ ես օգնել, որ մի գործ անի: Ասացի՝ կզրուցենք: Զրուցել ենք, թե ինչ կարող ենք անել՝ որպես օգնություն»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ