Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի «Վերջին մեղրամիս » գրքի շնորհանդեսը, որը լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը: Ցերեկույթը նվիրված էր պոետի ծննդյան 60-ամյակին: Վաղուց գրողի հետ որեւէ հանդիպում այդքան մարդաշատ չէր եղել, սրահում տառացիորեն ասեղ գցելու տեղ չկար: Միջոցառումը սկսվեց Բագրատ Սրբազանի օրհնությամբ:
«Իմ ճանաչած տարիների մեջ ոչ մի վայրկյան Խաչիկ Մանուկյանի ընկալումների, սկզբունքների, ապրումների եւ գրչի փոփոխություն տեղի չի ունեցել՝ ոչ հարմարվելու, ոչ էլ կյանքում կոմպրոմիս ունենալու առումով: Ինչպես միշտ ասել եմ՝ մեր սիրելի Խաչիկի գրիչի թանաքի եւ իր իր արյան գույնը նույնն են…Մեր կյանքի համար ինքը ոչ միայն ընծայել է իր գրիչը, միտքը, սիրտը, իր ամբողջական նվիրումը, այլեւ իր կյանքի ամենաթանկը՝ իր զավակին, իր որդուն, որը բոլոր բանաստեղծությունների, գաղափարական խոսքի եւ արտահայտությունների, բոլորի խտացումն ու բարձրակետն է…Մարդ, որի համար կյանքում ոչ մի միլիմետր զիջում տեղի չի ունեցել…Եվ դեռ ավելին՝ անընդհատ ընծայում ու ընծայում է…»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Մանրամասն տեսանյութում.
Կարդացեք նաև
«Ճիշտն ասած՝ այս հանդիպումը լինելու էր Բեյրութում, բայց հետո արկերը պայթեցին, ապա՝ տեւականորեն պայթեցին, ու մենք որոշեցինք, որ Երեւանն էլ պակաս Բեյրութ չէ, ուրեմն կանցկացնենք հանդիպումը Երեւանում, մանավանդ որ այստեղ ինձ ծանոթ ընկերներ են, հին ընկերներ, նոր ընկերներ, բարեկամներ… Ճիշտն ասած, իմ ծննդյան օրը գարնանն էր, մենք ամռանը պետք է լինեինք Բեյրութում, գարունից ամառ անցումը ոչինչ, բայց արդեն աշունն էլ էր անցնում եւ հասցրինք ձմռան շեմը չանցած` այսօր այսպես նշել ինձ համար շատ պատվելի օջախում:
Իհարկե, կարող էինք մտածել ավելի մեծ տեղ վերցնելու եւ ավելի շատ մարդկանց տեղյակ պահելու մասին, բայց ես կարծում եմ՝ ախր սա Իսահակյանի տունն է, այստեղ Վարպետն է մտել, ապրել, իր շունչն ու ոգին են այստեղ, այն ապրեցնող, հզոր ոգին, որ ազգ է պահում: Եվ ընդհանրապես` բոլոր այն գրողները, որոնք գալիս են անարատ պատմության ուժն իրենց մեջ կրելով, ազգապահպան երեւույթներ են:
Պատահական չէ, որ բոլոր այդ տաղանդավորները, բոլոր ինքնիշխանները ընդվզեցին ժամանակի դեմ, որովհետեւ իրենց աչքի առաջ, մեր աչքի առաջ ազգ ու հայրենիք էր վերանում: Մենք այդ ամենը տեսնում ենք եւ ի ցավ մեզ, նկատի ունեմ ընդհանրական իմաստով՝ մեզ, չենք ընկալում այն, ինչ պատահում է, խորությամբ չենք ընկալում, կարծես բթացել ենք մեր ժամանակի առաջ, եւ կարծես սովորական են դարձել այս տեղատարափ կորուստները, հողզիջումները ու բութ մտքերը, որ անընդհատ հետեւում են մեր ազգին: Ես շատ ուզում եմ, որ մեր ժողովուրդն իր հայացքը շրջի դեպի Իսահակյանը, Թումանյանը, Երվանդ Քոչարը, մեծերը…
Մի անգամ արդեն ասել եմ, երբ ինչ-որ վեհերոտ գոյանքներ ասում են, թե հերոսը հարկ վճարողն է, ես դրանց առաջարկում եմ կանգնել Սասունցի Դավթի արձանի դեմ, որ տղամարդու շունչ գա վրաները, որ հասկանան, թե իրական հերոսն ով է, հարկ վճարողն ով է…Բաներ կան, որոնք խելագարացնում են մարդկանց: Եվ ես շատ ուզում եմ, որ, գնահատականները հենց սկզբից տալով հասկանանք, մենք ճիշտ երակի մեջ ենք, մեր ազգային նկարագիրը չկորցնելու արահետում ենք: Երբեք ու երբեք, գոնե քանի ես շնչում եմ, թույլ չեմ տալու իմ զավակի նվիրումն իր հայրենիքին փոշիացնեն»,- հուզված ասաց Խաչիկ Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը նշեց, որ հավաքվել ենք մի բանաստեղծի շուրջ, որը տարիներ շարունակ խոսել է մեր մտքից, հոգուց ու սրտից: Նրա ձեւակերպմամբ՝ մենք մի սերունդ ենք, որ ունենք Խաչիկ Մանուկյանի նման տաղանդավոր բանաստեղծի ժամանակակիցը լինելու բախտավորությունը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ Խաչիկ Մանուկյանն իր 60-ամյա ճանապարհն անցել է բազմաթիվ գրքերով, գրական հաջողություններով եւ երբեք իր ձայնը, երանգը չի հարմարեցրել ու չի կեղծել. «Խաչիկն այն բանաստեղծն է, որ ընթերցողի առաջ վերականգնեց հայ բանաստեղծի, հայ գրողի կերպարը»:
Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանի խոսքով՝ Խաչիկ Մանուկյանն իր ստեղծագործական կենսագրությամբ բանաստեղծի սեփական բարձունքը նվաճած մարդ է, որը մեր երկրին պատուհասած փորձությունների պայմաններում անխուսափելի, հաղթական գալիքի երազանքի կրողն է:
Երեկոյի գեղեցիկ մասն էր կազմում Խաչիկ Մանուկյանի պոեզիայի նմուշներից զգացմունքային ասմունքը, իսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ Մավր Մկրտչյանի երգը՝ Խաչիկ Մանուկյանի բառերով, ուղղակի արցունքներ քամեց ներկաների աչքերից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ