Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ տարի շարունակ Հայաստանի բոլոր պաշտոնյաների մեկնաբանություններում կարմիր տողով գնում է մեկ նախադասություն՝ սա քաղաքական որոշում է»․ Մետաքսե Հակոբյան

Նոյեմբեր 29,2024 22:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պատշաճ տեղեկացված չեն քաղաքացիություն ստանալու կապակցությամբ։ Ես կասեի, որ ընդհանրապես տեղեկացված չեն, որովհետեւ ընդհանրապես բացատրություն չի տրվել, մեկ օրվա մեջ կայացվել է որոշում, այնուհետեւ պարտադրանք՝ եթե ուզում եք աշխատենք, եթե ուզում եք ունենալ բնակարան, ընդունեք քաղաքացիություն»,- Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ դրանից հետո մեկ տարի շարունակ Հայաստանի կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաների մեկնաբանություններում կարմիր տողով գնում է մեկ նախադասություն՝ սա քաղաքական որոշում է։ «Այս քաղաքական որոշումը կայացրել է իշխանությունը եւ որեւէ բացատրություն չի տվել։ Հետեւաբար, մնում է, որ մարդիկ իրենք սկսեն տրամաբանել կամ փորձեն ինչ-որ տեղեկություն ստանալ ինչ-որ անձանցից։ Որպես Արցախի ԱԺ պատգամավոր՝ ես հակված եմ այն մտքին, որ հասցեատերը Արցախի Հանրապետության իշխանություններն են։ Եվ այս հարցերի պատասխանները շատ դեպքերում պիտի կարողանային տալ հենց Արցախի Հանրապետության իշխանությունները, որովհետեւ ժողովրդին հետաքրքիր չէ՝ ինչպե՞ս են ընդունում այստեղ ՀՀ իշխանություններն Արցախի իշխանություններին»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը հավելեց, որ սխալ դիսկուրս է, երբ քննարկվում է՝ ընդունե՞լ քաղաքացիություն, թե՞ ոչ։ «Սա քաղաքական որոշում է, սրանով, այո, որոշվում է մեր ապագան։ Եվ տարբեր կոնվենցիաներ մեջբերելով եւ մեզ համոզելով, որ այսինչ կոնվենցիաներով պաշտպանված է ձեր իրավունքը, մի տեսակ վստահություն չի ներշնչում, որովհետեւ Արցախի Հանրապետության ժողովուրդը բացարձակ վստահություն ու հավատ չունի Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ Արցախի իշխանությունների նկատմամբ: Եվ ժողովուրդը քաոսային իրավիճակում ստիպված դիմում է այլ կառույցների, որտեղ էլ շատ շատերը, օգտվելով արցախցիների հոգեվիճակից, ուղղակի շահագործում են նրանց՝ դարձնելով 40+10 սոցիալական ծրագրի մատերիալ։ Հետեւաբար, այս հարցի մոտեցումը պետք է հայեցակարգային լինի, պետք է այդ քաղաքական որոշման դրույթների, պատճառների, հետեւանքների մասին արցախցիները մանրամասն տեղեկացված լինեն, որպեսզի որոշեն՝ սեփական կամքով, իրենց որոշմամբ գնան քաղաքացիություն ընդունելւու, թե ոչ»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930