Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին շարունակվեց գործով վկա Մանվել Ղարիբյանի հարցաքննությունը:
Աղվան Հովսեփյանի պաշտպանը հարց ուղղեց վկային նրա ու եղբոր՝ Վարշամ Ղարիբյանի համատեղ բիզնեսների մասին, թե ինչպե՞ս է «Երեւան» հեռուստաընկերությունը հայտնվել իրենց ընդհանուր բիզնեսում, ինչպե՞ս է դարձել նրանց սեփականությունը, ինչպե՞ս է ձեւակերպվել եղբոր անունով, ի՞նչ տեղեկություն ունի Աղվան Հովսեփյանի որդու՝ Արմեն Հովսեփյանի բաժնետեր դառնալու մասին:
Ղարիբյանը պատմեց, որ «Երեւան» հեռուստաընկերությունը ձեռք բերելու որոշումը եղել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը: Նրա խոսքով՝ իր եղբոր՝ Վարշամի, անունով է գրանցվել, որովհետեւ այդ պահին անձնագիրն իր մոտ չի եղել: Ըստ վկայի՝ հեռուստաընկերությունում բաժնետեր էր նաեւ Համլետ Ղուշչյանը, որն իր բաժնեմասը փոխանցեց ինչ-որ Բոգոյի՝ իրենց վատություն անելու համար. «Չգիտեմ՝ ինչ պայմաններով տվեց Բոգոյին, հետո արդեն Բոգոյից ո՞վ կարող էր վերցնել, մի քաղաք, մի Բոգո»:
Վկայի խոսքով՝ «Երեւանը» եղել է ամենաթույլ հեռուստաընկերություններից, եղել է անմխիթար վիճակում, «քաղաքականության մեջ չկար ընդհանրապես, մի կոպեկ շահույթ ընդհանրապես չի ստացել», միայն ներդրում է կատարել բացառապես ինքը՝ Մանվել Ղարիբյանը, որոշ ներդրումներ կատարել են նաև միության անդամները։
Կարդացեք նաև
«Հեռուստաընկերությունը հին ապարատներով էր աշխատում, նոր ապարատներ գնեցինք իմ անձնական միջոցներով: Մինչեւ 2008 թվականը ներդրումներ ես եմ արել: Ոչ մի կոպեկ շահույթ չէինք ստանում, միայն ներդրումներ էինք անում ու աշխատավարձ տալիս»,- ասաց Մանվել Ղարիբյանը:
Վկային հարց ուղղվեց, թե ինչպե՞ս հեռուստաընկերության 50 տոկոս բաժնետեր դարձավ Աղվան Հովսեփյանի որդին, ի պատասխան վկան ասաց. «Լսելով, որ հեռուստաընկերության համար պետք է 5 կամ 7 տարին մեկ լիցենզիա հանվեր (իսկ եթե հեռուստաընկերությունը լիցենզիա չունենար, իրենից ոչ մի բան չէր ներկայացնում), ու իմանալով, որ Աղվան Հովսեփյանի յուրաքանչյուր պահանջի դեպքում պարտավոր էին տալ՝ անկախ նրանից, թե ում անունով կլիներ՝ «Նիգ-Ապարան» միության, թե Վրեժի անունով, դրա համար: Իսկ եթե Վարշամն ասում է՝ իմն է, չեմ տալիս, դա ուրիշ թեմա է: Դա ուրիշ խնդիր է, ինքը իրավունք չունի չտալ, դա իրենը չի, որ չտա»:
Աղվան Հովսեփյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ համար էր պետք, որ Արմեն Հովսեփյանի անունով գրվեր, շահավե՞տ բիզնես էր, թե՞ որ Աղվան Հովսեփյանը պիտի օգներ, որ այդ հեռուստաընկերությունը ինչ-որ ձեւով զարգանար, եկամուտ ստանար: Ի պատասխան վկան ասաց. «Ես չեմ հավատում, որ կարող է լինել մի հեռուստաընկերություն, որ շահույթ ունենա: Ես դրանով զբաղվել եմ ու հասկացել, որ հնարավոր չէ: Չի կարող շահույթ ստանալ, ինչքա՞ն գովազդ պիտի անի, այն էլ մի հեռուստաըներություն, որ քաղաքականությունից դուրս է»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով որպես տուժող ճանաչված Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է որպես «Շանթի Յուրա» ճնշել է գործով վկա Հովհաննես Եղիազարյանին` պահանջելով ցուցմունք տալ Հովսեփյանի դեմ: Ըստ «Փաստինֆո»-ի՝ այս մասին այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտնեց գործով վկա Մանվել Ղարիբյանը` Վարշամ Ղարիբյանի եղբայրը:
Նա պատմեց Հովհաննես Եղիազարյանի կողմից իրեն փոխանցված խոսքերը, որ դատական նիստերից մեկի ընթացքում Վ. Ղարիբյանը բարկացած դուրս է եկել նիստերի դահլիճից, անպատվել, ում` հայտնի չէ, և միջանցքում գտնվող Հովհաննես Եղիազարյանին ասել ցուցմունք տալ և ասել, թե Աղվան Հովսեփյանն է կարճել իր վերաբերյալ քրեական գործը: Հովհաննես Եղիազարյանն էլ, որը Ղարիբյան եղբայրների ազգականն է, ըստ Մանվել Ղարիբյանի, պատասխանել է` նման տեղեկություն չունի: Վկայի այս հայտարարությունը դատարանն առաջարկեց գնահատել որպես հանցագործության մասին հաղորդում, նշեց, որ եթե դատախազը դիտարկի որպես հաղորդում, ապա դատարանը կտրամադրի նիստի արձանագրության կրիչը:
Միևնույն ժամանակ, վկային նախազգուշացում տրվեց` սուտ մատնության հետևանքների և քրեական պատասխանատվության մասին: Վկան պնդեց իր խոսքերը: