«Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ արձանագրում է, որ 01․12․1989 թվականին Հայկական ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը եւ ԼՂ Ազգային խորհուրդն ընդունել են Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ վերամիավորման մասին համատեղ որոշումը, որի երրորդ կետի երկրորդ նախադասությամբ ամրագրված է, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքները։ Ինչից էլ բխում է, որ Արցախի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացի եզրույթներն, ըստ էության, նույնական են։ Հետեւաբար, ըստ Գերագույն դատարանի, ՀՀ-ն Արցախի Հանրապետության համար չի կարող ընկալվել որպես օտարերկրյա պետություն, իսկ Հայաստանի քաղաքացիները՝ որպես օտարերկրյա քաղաքացիներ։ Սրանով ես ցանկանում եմ ուղղակի նկատել, որ Արցախի Հանրապետության օրենսդրական համակարգում ՀՀ-ն որպես օտարերկրյա պետություն չէր դիտարկվում»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա դիմեց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանին․ «Դուք ձեր ելույթում ասացիք, որ ոչ թե դադարել ենք քաղաքացի լինել, այլ երբեւէ քաղաքացի չենք համարվել։ Ես պետք է արձանագրեմ, որ այժմ էլ պետք եղած տեղը համարում եք քաղաքացի եւ պարզաբանեմ, թե ինչու։ Օրինակ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից՝ կապված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հետ, հետախուզվում են բազմաթիվ արցախցիներ, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն։ ՆԳՆ-ն ինչո՞ւ է որոնում զինվորական ծառայությունից խուսափելու մեջ կասկածվող արցախցիներին, եթե նրանք ՀՀ քաղաքացի չեն եւ ՀՀ-ում զինվորական ծառայություն անցնելու պարտականություններ չեն կրում»։
Արմեն Ղազարյանը նշեց, որ վերամիավորման մասին որոշմամբ ՀԽՍՀ քաղաքացիությունը կտարածվեր ԼՂ բնակչության վրա, եթե չլինեին հաջորդած իրադարձությունները։ «Վերամիավորման մասին որոշումից հետո տեղի են ունեցել մի քանի իրադարձություններ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախություն, օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է անկախություն։ ՀՀ հռչակած անկախությունն ամրագրվել է սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, որին չի մասնակցել ԼՂ բնակչությունը։ Դրանից հետո, չգիտես ինչու, որոշակի իրադարձություններ կան, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում։ Հիմա որ ԼՂ Գերագույն դատարանը նման որոշում է կայացրել, դրանից չի բխում այն հանգամանքը, որ չեն եղել նշածս իրադարձությունները։ Այսինքն՝ դե ֆակտո այդ որոշման այդ կետը երբեւէ չի գործել։ Այդ պարագայում ստացվում է, որ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որը հակասում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի կողմից ընդունված Օտարերկրացիների մասին օրենքի դրույթին»,- ասաց Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ առաջին անգամ է լսում, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող արցախցիները հետախուզվում են, լրացուցիչ կպարզի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ