«Հանգամանքները մեզ թույլ են տալիս կասկածներ ունենալ, որ այս գործընթացն առավելապես ուղղված է եղել արցախցի մեր հայրենակիցների քաղաքական իրավունքների սահմանափակմանը»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Տաթեւիկ Սողոյանը։
«Այս ռադիկալ փոփոխությունը՝ իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիություն ճանաչել-չճանաչելու, սկսվեց 2023 թվականին Արցախի տարածքում սանձազերծված ագրեսիայից հետո, երբ իշխանությունը ձեռնարկեց անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ մարդու իրավունքների խախտման պրոցեսը։ Ավելի քան 120 հազար մարդու ՀՀ-ն դադարեց ճանաչել որպես սեփական քաղաքացի։ Եվ պետք է արձանագրել, որ նման ռադիկալ եւ ապօրինի դե ֆակտո որոշումը չստացավ որեւէ իրավական ձեւակերպում։ Այսինքն՝ չեղավ մի իրավական ձեւակերպում՝ օրենք կլիներ կամ կառավարության որոշում, որը կարձանագրեր, որ այս պահից սկսած չենք համարում այս մարդկանց ՀՀ քաղաքացի։ Ուղղակի պետական պաշտոնատար անձինք եւ վարչական մարմիններն սկսեցին տալ մինչ այդ Հայաստանում ձեւավորված կայուն իրավական պրակտիկային ուղղակիորեն հակասող մեկնաբանություններ»,- ասաց նա։
Տաթեւիկ Սողոյանն ասաց, որ այդ կայուն իրավական պրակտիկան ոչ թե 2018 թվականից է վերացել, այլ գործել է մինչեւ 2023 թվականի բռնի տեղահանությունը։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականի համապետական ընտրությունների ժամանակ ՀՀ դատարաններն արձանագրել են, որ Արցախի բնակիչները՝ 070 կոդով անձնագիր ունեցող անձինք, ունեն Հայաստանում ընտրելու ակտիվ իրավունք։ Ըստ նրա՝ կան օրինական ուժի մեջ մտած եւ չբողոքարկված դատական ակտեր, որոնք ճանաչում են, որ այդ անձնագիրը կրող անձինք ՀՀ քաղաքացիներ են եւ Հայաստանում ընտրելու իրավունք ունեն։ Նա հիշեցրեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց պաշտոնը ստանձնելիս ունեցել են 070 կոդով անձնագրեր։ Մասնավորապես, նա նշեց ԶՈւ պետ Էդվարդ Ասրյանի եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունները։
Անդրադառնալով վերադարձի իրավունքին՝ Տաթեւիկ Սողոյանն ասաց․ «Ոչ մի անձի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չի կարող չեղարկել այն իրողությունը, որ այդ մարդիկ ծնվել ու նրանց նախնիները հազարամյակներով ապրել են այդ հողում, այնտեղ են ցանկացել ինքնորոշվել ու ապրել։ Եվ դա չի կարող հերքել այն ագրեսիվ պատերազմը, էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել Արցախի տարածքում։ Եվ դա չի կարող հերքել այն հանգամանքը, որ այդ անձինք հարկադրված են եղել իրենց կյանքի ու անվտանգության անմիջական սպառնալիքի ներքո լքել Արցախի տարածքը»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ