Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանը «հակապետական» որակեց ռուս պաշտոնյաների մասնակցությամբ համաժողովը

Նոյեմբեր 29,2024 19:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումի մեկնարկին հյուրանոցի նախասրահում էր նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։ Համաժողովի մասնակիցների մոտ տպավորություն ստեղծվեց, որ դեսպանը նույնպես մասնակցելու է հասարակական համաժողովին, սակայն պարզվեց, որ նա ներկա է գտնվելու զուգահեռաբար ընթացող մեկ այլ միջոցառման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին։

Ավելին, պարզվեց, որ Գուրգեն Արսենյանի սրտով չէր «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումը։ Նա դժգոհությամբ դիմեց համաժողովի մասնակիցներից տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին՝ ասելով․ «Սա հակապետական միջոցառում է, բան չանեք․․․ ես էդքան չարչարվում եմ, եկել եմ ստեղ, որ դզեմ, իսկ դուք․․․»։

«Մի հատ ինձ նայի․․․ հակապետակա՞ն»,- տարակուսեց Թաթուլ Մանասերյանը։

Հավանաբար սկանդալից խուսափելու համար թե՛ Գուրգեն Արսենյանը, թե՛ Թաթուլ Մանասերյանը չշարունակեցին բարձր տոների անցնող զրույցը։

Aravot.am-ը փորձեց Գուրգեն Արսենյանից ճշտել՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ էր վրդովված խոսում։ Նա հրաժարվեց հարցերի պատասխանել, այդ թվում նաեւ՝ թեմայից դուրս այլ հարցերի։

Թեմայի շուրջ մեկնաբանություններ չարեց նաեւ Թաթուլ Մանասերյանը․ «Գուրգենն է․․․ լուրջ մի վերաբերվեք»։

Ի դեպ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի բնութագրմամբ այդ «հակապետական» միջոցառմանը մասնակցում էին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել