Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՞թե հնարավոր չի մեզ էլ տեղափոխել, որ չմնանք փլատակների տակ».4-րդ կարգի վթարային շենքի բնակչուհի

Նոյեմբեր 29,2024 19:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արզումանյան 10 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքում հերթական փլուզումն է տեղի ունեցել։

«Արզումանյան 10 եւ 17 շենքերը գերակա շահ ճանաչվեցին 2023 թ. ապրիլի 13-ին: Դրանից հետո մենք մտածեցինք, որ գուցե մեր հարցերը արագ կկարգավորվեն, բնակիչներին կտարհանեն եւ կտանեն անվտանգ բնակարաններ` վարձակալական հիմունքներով, բայց գործընթացը չգիտեմ ինչ պատճառներով ձգձգվում է: Մենք կարծում էինք, որ  գերակա շահ ճանաչվելը կարագացնի այս ամենը, սակայն մինչեւ հիմա դեռ ոչ մի բնակիչ չի տարհանվել: Մենք սպասում ենք այն  մի քանի բնակիչներին, որոնք պետք է պայմանագրեր ստորագրեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արզումանյան 10 հասցեի բնակչուհի  Զարուհի Առաքելյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանն իրենց հետ պայմանագրեր է ստորագրել, վթարային շենքի բնակիչների 50 տոկոսն արդեն կնքել է այդ պայմանագրերը, համաձայն  է, որ շենքը քանդվի,  տեղում նորակառույց  կառուցվի, 3 տարի անց վթարային շենքի բնակիչները տեղափոխվեն այնտեղ. «Սակայն մի քանի բնակիչ համաձայն չեն, պայմանագրեր չեն կնքում: Արդեն երկար տարիներ մենք պայքարում ենք մեր կյանքի, անվտանգության համար, աղետն էլ սպասեցնել չի տալիս, գալիս է՝ երբ իրեն է հարմար եւ ոչ թե սպասում բնակչի ստորագրությանը կամ դատական գործընթացներին»:

Բնակչուհին տեղեկացրեց, որ 3 հոգու գործերը  ներկայումս գտնվում են դատարանում, իսկ դատական  գործընթացները տեւական են. «Ըստ պայմանագրի՝ մինչեւ վերջին բնակիչը չստորագրի, բնակիչներին չեն կարող տարհանել այդ շենքից»:

Զարուհի Առաքելյանը նշեց, որ փլուզումը սկսվում է առաջին մուտքից եւ առաջին մուտքում ակնառու վտանգում գտնվող բնակիչների համար պահանջում են աստիճանական տարհանում, ինչպես արվել է Արզումանյան 17 շենքի բնակիչների պարագայում. «Նրանք տեղափոխվել են վարձակալական հիմունքներով անվտանգ բնակավայրեր, թող նույնն էլ մեզ հետ անեն, մի՞թե հնարավոր չի մեզ էլ տեղափոխել, որ չմնանք փլատակների տակ»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930