Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարության զրահը հագած…

Նոյեմբեր 29,2024 19:17

Բագրատ սրբազանի ՖԲ գրառումը.

«Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանն՝ արժանավորի հետ… Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը…Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իրենց կատարած չար գործերի… Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում…նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները» (Ես. Գ:4-12):

Արդյո՞ք այս խոսքերը չեն հիշեցնում քեզ և մեզ բոլորիս մեր օրերի իրականության մասին:

Սուրբ Գրքի մարգարեական այս հղումն արմատապես խոսում է պետականության գոյության երեք կարևոր եզրաշերտերի և քայքայման պատճառների մասին.

Ա) Քաղաքական համակարգի ամլություն,
Բ) Հոգևոր-բարոյական անկում,
Գ) Սոցիալական անարդարություն և տնտեսական ճգնաժամ:

Հստակ է, որ հասարակական կյանքի առաջընթացը կամ անկումը, որն էլ խորքային իմաստով նպաստում է պետության վերելքին ու զորացմանը կամ պատճառ դառնում կազմաքանդմանը և վերջնական կործանմանը, հիմնված է այս երեք շերտերի վրա: Հատկանշական է նաև, որ Աստվածաշունը, որքան էլ խոսում է անուններով անհատների պատմության մասին, այդքան և ավելի կապված է հավաքականության, երկրի և պետության պատմության հետ, որի վերջնահանգրվանը կա՛մ «Ավետյաց Երկիրն» է, այսինքն՝ հոգևոր, քաղաքական, տնտեսական բոլոր առումներով հզոր և զարգացող պետականությունը, կա՛մ նրա վերջնական կազմաքանդումը և կորուստը՝ որպես հետևանք նույն համակարգերի և այդ համակարգերը կառավարողների ներքին փտածության, քաղաքական մտքի անկարողության կամ ամլության, սոցիալական անարդարության և տնտեսական քայքայման ու փողի և իշխանության պաշտամունքի: Այսինքն՝ երկրի կառավարիչների վարքաբանությունը կամ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը ուղիղ համեմատական է երկրի կորուստի կամ վերելքի հետ:

Աստվածաշունչ մատյանն՝ իր ողջ հոգևոր բովանդակությամբ և էությամբ հանդերձ, որոշակի կարմիր թելով խոսում է քաղաքական պատմության, օրակարգի և հասարակական կառուցակարգի մասին, որի բարձրակետը Տերունական աղոթքի «եկեսցէ Արքայութիւն Քո» հայտարարությունն է, որը խորհրդանշում է մարդկային կյանքի նոր առաջընթացն ու զարգացումը՝ ընթացքը դեպի նոր ժամանակաշրջան: Այսինքն՝ այն ապագայատեսիլ կամ ապագային ու փոփոխությանը միտված աղոթք-հայտարարություն է, որտեղ առկա է ոչ միայն անհատական ներքին փոփոխությունը, այլև հասարակական կարգի և հարաբերությունների վերափոխման հույսը՝ վերացնելու լայն շերտերի միջև ներքին թշնամությունն ու ատելությունը, մեղքի մեջ լինելու ժխտողականությունը (externalization), քաոսային նկարագիրը, անհուսությունն ու անզորությունը, փոխարենը հաստատելու Հաշտությունը, մեղքից հրաժարումն ու ինքնամաքրումը, ապաքինումն ու վերականգնումը, որով Երկիրն ու իր ժողովուրդը լիովին կվայելեն ազատությունն ու արդարությունը՝ դառնալով «ազգ արդարության…, ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, անարգանքի փոխարեն ցնծություն…Շեն բնակություն” (Ես. 61:3-7, 62:4)):

Հետևաբար, սուրբգրային պատգամից և նրանից բխած աղոթքից անխուսափելի է ընդվզումը և անարդարության դեմ պայքարը, որի հստակ ձևակերպումը կատարել են քրիստոնյա մտածողները, ըստ որի «երբ ձեռքերդ միացնում ես աղոթքի համար դա ըմբոստության սկիզբն է հասարակական խառնաշփոթի ու քայքայման դեմ»: Այսպիսի հոգեվիճակի մահացու թշնամիներն են հարմարվողականությունը և ներքին պայքարի բացակայությունը, դրանից ածանցվող անպատասխանատվության և անկարողության զգացումը։ Այսինքն՝ աղոթքը ոչ թե կայական (ստատիկ) կամ սոսկ անհատական կրոնական պահանջմունքը բավարարելու սպառողական հոգեվիճակ է, այլ նաև գործնական ընթացք է ընդդեմ ստի, կեղծիքի և հասարակական անարդարության՝ հասնելու ճշմարտության, արդարության և ազատության :

Այս ճշմարտության լույսի ներքո եմ ցանկանում դիտարկել մեր այսօրվա իրավիճակը, որն ուղղակիորեն արտացոլանքն է վերոնշյալ սուրբգրային իրականության: Ի՞նչ ունենք այսօր՝ անօրեն և ստախոս կառավարիչ՝ իր արբանյակներով, հայրենուրաց և նահատակների սխրանքն ուրացող «իշխանություն»՝ փողի և իշխանության պաշտամունքով, հանձնված Արցախ և հազարավորների հայրենազրկում, պատանդառնված և գերեվարված հայրենակիցներ, հայրենիքի շարունակական կորուստ և կորուստների սպառնալիք, սոցիալական անարդարության գերդրսևորում, հարկահանության տեսքով ուղղակի հալածանքներ հատկապես ընդդիմացողների և արժեք ստեղծող գործարարների նկատմամբ, քաղաքական հալածանքներ, պետական համակարգերի անգործություն, քայքայում և կազմաքանդում և տևական ու շարունակական ինքնաարդարացում: Այսինքն՝ ունենք մի իշխանություն, որն ուղղակի սպառնալիք է սեփական պետությանը «ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները»:

Հետևաբար, այլևս առավել քան հստակ է, որ այս «իշխանությունը» նպատակադրված քաղաքականություն է վարում Հայաստանի պետականության պարզապես կազմաքանդման ուղղությամբ՝ իր բոլոր դրսևորումներով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթություններով: Անդրադառնալով հատկապես ներքին եզրաշերտին՝ պետք է արձանագրենք հետևյալը.

ա. Պետականության տեսիլքի իսպառ բացակայություն՝ կեղծ հակադրությունների և համադրությունների մատուցմամբ,

բ. Հանձնվողական քաղաքականություն՝ տեղեկատվական ահաբեկությամբ անընդհատ քարոզելով պայքարելու անիմաստության մասին՝ փորձելով խորացնել պարտվածի և հուսահատության տրամադրությունները, այն դարձնելու ներքին «հոգևոր» մշակույթ:

գ. Զանազան օրենքների և օրինագծերի միջոցով հայության և ՀՀ կրթական, գիտական, մշակութային ամբողջ ներուժականության ոչնչացում, իսկ «բարեփոխումների» և ակադեմքաղաքի պաստառի ներքո՝ բուհերի փակման պարտադրանք՝ «ներոնյան ինքնագոհուտյան» սկզբունքով:

դ. Թմրանյութերի և խաղամոլության անզուսպ տարածում՝ հատկապես երիտասարդության և դպրոցահասակների շրջանում՝ ցանկանալով ունենալ այս մոլությունից կախվածություն ձեռք բերած ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ սերունդ, որն ընդունակ չի լինի ո՛չ փոփոխությունների և ո՛չ էլ սխրանքների: Մամուլի վերջին հրապարակումներն իսկ վկայում են իշխանության տարբեր թևերի՝ այս արատավոր երևույթի մեջ առերևույթ թաթախված լինելու մասին:

ե. Ազգի ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ջնջում՝ իր պատմության, հաղթանակների, կորուստների և վերելքների, հոգևոր ժառանգության, իր ձգտումների, իղձերի և երազների առումով՝ նրան վերածելով ԱՆՊԱՏԻՎ զանգվածի՝ պատրաստելով ցանկացած նվաստացման և ստորացման:

զ. Նյութի՝ պայմանական ՀԱՑԻ պաշտամունքի ներարկում, որն ուղղակի հակադրությունն է մարդու հոգեմտավոր էությանը և պետականության գործառնությանը և բացարձակ ճշմարտությանը. «Մարդ միայն հացով չի ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4):

է. Հայության ինքնության կարևորագույն հիմնասյան՝ Հայ Եկեղեցու հեղինակության վերացում, հոգևոր կյանքը վերածելով «մշակութային քրիստոնեության»՝ առանց կենդանի Աստծու հավատքի, այսինքն՝ անինքնություն, անդիմագիծ և անսեռ մի խառնամբոխի:

ը. Հանրային Ներքին թշնամության խրախուսում, սերունդների միջև կապի խզում, հեղինակությունների ոչնչացում, այսպիսով ժողովրդին վերածելով գոյությունը պարզպես քարշ տվող քաոսային հանրույթի, որն անընդունակ է իր իղձերի ու տեսիլքների շուրջ հավաքական կամքի և միավորման:

թ. Թշնամու սպառնալիքների ներքո Հայաստանի տարածքների, ռազմավարական նշանակության ճանապարհների վերահսկողության հանձնում, ցեղասպանության ուրացում, սահմանադրության փոփոխություն, բանակի մարտունակության չեզոքացում, ադրբեջանցիներով վերաբնակեցում

ժ. Հայրենիքը վերածել տարածքի, որի համար ոչ թե մաքառում են կամ կյանք են տալիս, ինչպես աշխարհի բոլոր ազգերը, այլ շահագործում են և զոհում «հանուն ոչնչի»:

Սա մեր օրերի պատկերն է… Մեզ պատերազմ է հայտարարված ուղղակի լինել չլինելու դաժան և վճռորոշ ջրաբաժանով: Ես և դուք հենց այսպիսի օրերում ենք ապրում: Այս բոլորով հանդերձ մեզ՝ այսօրվա ապրողներիս և գործողներիս է վիճակված փոխելու այս իրականությունը և բեկելու պատմության ընթացքը:

Ժամանակը վաղուց սպառվել է մեկդի թողնելու բոլոր քաղաքական, գաղափարական և անձնային այլ տարաձայնությունները, ոչ թե ենթարկվել այսօրվա իրականության թելադրանքներին և պահանջներին, այլ ստեղծել մեր իրականությունը, որի առանցքը Հայկական օրակարգն է և ՀոգԵՎոր Հայաստանի տեսիլքը:

Մեզ դատելու են Աստված, մեր նահատակներն ու հերոսները, գալիք սերունդները և պատմությունը: Հետևաբար, մեր այսօրվա ենթադրյալ հուսահատություններն ու հուսախաբությունները չեն կարող ավելի մեծ լինել, քան մեր կյանքն է և մեր անմահությունը: Ի վերջո, մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը:
«Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ։ Այն կամքով, համառությամբ, համբերությամբ, աննահանջ մարդկանց մասին է: Այն չարիքի հեռացման, մեր կյանքի ներքին ՀԱՇՏՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հաղթանակի, մեր ՊԱՏՎԻ և ՊԵՏՈՒԹՅԱՆ վերականգնման մասին է: Եվ քանի դեռ մենք գերության ու կալանքի մեջ ենք, «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև ՀԱՂԹԱԿԱՆ ավարտ.. ԵՎ ԱՅՆ ՉԻ ՈՒՇԱՆԱԼՈՒ…

«Հոգով եռացեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ:11-12): «Հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. Զ: 14-16):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930