Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է առաջանում՝ ո՞ր երկրի քաղաքացիներն են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, պատասխանը մեկն է՝ նրանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են»․ Արմեն Ղազարյան

Նոյեմբեր 29,2024 18:35

«Հարց է առաջանում՝ ո՞ր երկրի քաղաքացիներն են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, եթե Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիության մասին երկու օրենքներն էլ չեն տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա։ Հարցի պատասխանը մեկն է՝ նրանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են, որը թեկուզ եղել է չճանաչված պետություն, բայց եղել է պետական միավորում»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա․ «Երբ ասում եք՝ ինչ-որ պահից դադարում եք համարել քաղաքացիներ, ոչ, այդպես չէ։ Անձինք ի բնե քաղաքացի չէին, որպեսզի մենք դադարեինք կամ չդադարեինք համարել։ Դրա վկայությունն այն է, որ իրավունքի որոշ ծավալից օգտվել են, որոշներից՝ ոչ, ինչպես նաեւ չեն կատարել որոշ պարտականություններ, որոնք բխում են քաղաքացիությունից»,- ասաց նա։

Ղազարյանը հավելեց, որ ՀՀ կառավարության 2023 թվականի որոշմամբ հստակ արձանագրվում է, որ ԼՂ բնակչության նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն՝ բռնի տեղահանությունը կոլեկտիվ հանցագործություն է։ Հայաստանը դա ֆիքսել է եւ օգտագործել է նաեւ կոլեկտիվ պաշտպանության գործիք, ոչ թե անհատական ապաստանի վարչարարության գործիք։ Ժամակավոր պաշտպանությունը կոլեկտիվ պաշտպանության գործիք է, այն կիրառվել է նաեւ մի շարք այլ երկրներում, վերջերս կիրառվել է նաեւ ԵՄ կողմից՝ Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով Եվրոպական Միությունում հայտնված Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ։

«Եթե մենք դիտարկենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ապա Հայաստանի Հանրապետությունը չէր կարող նրանց ճանաչել փախստական։ Սա որեւէ կերպ չպետք է խառնել վերադարձի իրավունքի արգելքի կամ վերադարձի իրավունքի հանդեպ որեւէ խոչընդոտի հետ։ Խոսքն այն մասին է, որ եթե անձի կյանքին վտանգ է սպառնում, ընդունող երկիրը որեւէ կերպ չի առաջացնի այնպիսի իրավիճակ, որ անձը վերադառնա այն տարածք, որտեղ նրա կյանքին վտանգ կարող է սպառնալ»,- ասաց Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ արցախցիների մտահոգությունն այն է, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են խնդիրներ ստեղծվել իրենց վերադարձի իրավունքի տեսանկյունից։ Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Քաղաքացիության ձեռքբերումն արդյոք որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է վերադարձի իրավունքի վրա։ Ես նույնպես հակված եմ այն մտքին, որ՝ ո՛չ, որեւէ կերպ չի անդրադառնում։ Բացի այդ, գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռը, որտեղ դրա մասին խոսվում է»։
Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930