Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն ամենայն հավանականությամբ ևս կինքնառաջադրվի ու կմասնակցի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի՝ ամսի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվող նախնական ընտրություններին՝ «փրայմրիզին»։
«Մի բան է հստակ, ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնելու, ես մի անգամ արդեն ստանձնել եմ այդ պատասխանատվությունը, գնահատականն այն է, որ հիմա էլ գյումրեցիներից շատ եմ ստանում հեռախոսազանգեր, հաղորդագրություններ։
Փաստաթղթերը դեռ չեմ ուղարկել, քննարկումների մեջ եմ թե՛ Գյումրիի իմ ընկերների, բնակիչների և թե՛ իմ կուսակիցների հետ։ Ամենայն հավանականությամբ մասնակցելու եմ, իսկ ինքնառաջադրվելու միակ դրդապատճառը կլինի Գյումրին՝ իմ հարազատ քաղաքը, ստեղծված իրավիճակից դուրս հանելը։
Գյումրին սպեցիֆիկ քաղաք է, անձերին կամ շատ է սիրում կամ, «ատել» բառը չօգտագործեմ, ասեմ՝ չի ընդունում։ Իրականում բարդ է, չգիտես, թե դու որ կարգավիճակում ես՝ գյումրեցին քեզ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, ամեն դեպքում կարծում եմ՝ իմ անկեղծությունը գյումրեցին ճիշտ է հասկացել, արդյունքը կտեսնենք «փրայմրիզից» հետո»։
Կարդացեք նաև
Մենք պատգամավորից հետաքրքրվեցինք, թե հայտնի՞ է արդեն քվեարկության ձևը։
«Մոտավոր մակետը կա, թե ինչ ձևով են աշխատանքներն ընթանալու․ լինելու են շրջիկ խմբեր՝ երիտթևի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք Գյումրու տարբեր թաղամասերում պտտվելու են, քվեարկություն են կազմակերպելու։ Եթե որևիցե քաղաքացի ցանկություն ունենա մասնակցելու, տեղում քվեաթերթիկներ կլինեն, տեղում կքվեարկի։ Քվեատուփերը հետո են բացվելու, գաղտնիությունն ապահովված կլինի»,-մանրամասնեց պատգամավորը։
Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ կարող է ծանոթ-բարեկամի սկզբունքը գործել ու դա ազդի քվեարկության արդյունքների վրա, որոշ չափով կեղծ պատկերացում ստեղծվի թեկնածուների վարկանիշի մասին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մեր նպատակը մինչև ընտրությունները ժողովրդավար մեխանիզմ մտցնելն է ու ոչ միայն Գյումրիում, այլ հետագայում այլ քաղաքներում ևս։ Կեղծելու իմաստ չեմ տեսնում, եթե ինչ-որ բան ես անում, որը կարող ես չանել, անես ու կեղծես, տրամաբանությունն ու իմաստն է կորում այս պարագայում։
Եվ հետո՝ եթե որևէ մեկը կարողանում է այս կարճ ժամանակահատվածում Գյումրու 120 հազար բնակչի տուն առ տուն մտնի ու ասի՝ անպայման ինձ կընտրեք, չեմ կարծում, որ որևէ մեկը նման հնարավորություն ունենա։ Ունենալու դեպքում էլ կասկածում եմ, որ գյումրեցին կկատարի նրանց խնդրանքը։
Կեղծելը բացառվում է»։
Մեր դիտարկմանը, թե դուք խոսում եք ժողովրդավար մեխանիզմի ներդրումից, մինչդեռ շատերը քննադատում են «փրայմրիզի» անցկացումը զուտ այն պատճառով, որ քաղաքապետի պաշտոնակատարը ՏԻՄ ընտրությունների ժամանակ լինելու է ՔՊ-ի թեկնածուն, հենց հաստատվի ժ/պ-ի պաշտոնում, վարչական ռեսուրսներն էլ կօգտագործի՝ ի շահ իր ընտրության, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․
«Ես հակառակը կարող եմ պնդել, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո նա լծված է լինելու քաղաքն այս վիճակից հանելուն․ թե՛ քաղաքապետարանի ներսի խնդիրները, թե՛ քաղաքի խնդիրները շատ-շատ են։ Ես կասեմ՝ այն մարդը, որ ժամանակավոր պաշտոնակատար չէ, նա ունի առավելություն, որովհետև կարողանալու է պատշաճ քարոզարշավ անել, իսկ այն մարդը, որը ժամանակավոր պաշտոնակատար է, իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում, իսկ դա իրենից խլելու է 24/7 ռեժիմով աշխատանք։ Նա կարճ ժամանակահատված հետո ընտրությունների պիտի մասնակցի, իսկ դա նրա համար ոչ թե առավելություն է, այլ ժամանակի կորուստ, որովհետև չի կարողանալու լիարժեք քարոզարշավ անցկացնել։
Վարչական ռեսուրս օգտագործելը ինձ համար շատ խորթ է, որովհետև 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները եղել են ժողովրդավար, արդար ու մաքուր, ու վարչական ռեսուրսը որևիցե տեղ, եթե անգամ ուզես օգտագործել, անհնար է․ քաղաքացին գոնե մի բան հստակ հասկացել է, որ ընտրության իրավունքն իրենն է, քվեն իրենն է, ու որևիցե մեկը չի կարող իր քվեն վերցնել ու ստիպել․ պարտադրել կամ գողանալ։
Եթե քաղաքացին այդ ամենը հստակ գիտակցել է, դրանից հետո դու ինչքան ուզում ես՝ վարչական ռեսուրս օգտագործի։ Այն վատ մեթոդները, որոնք կային նախկինում ընտրությունների ժամանակ, դրանք չեն աշխատելու, հետո էլ չեն աշխատելու, երբևէ չեն էլ աշխատելու, չնայած Գյումրիում երբևիցե չեն էլ աշխատել։ Գյումրիում ո՛չ վարչական ռեսուրս, ո՛չ գումար, ո՛չ այլ մեթոդներ՝ կարուսել և այլն, երբեք չեն աշխատել։ Եթե այն ժամանակ չեն աշխատել սրանք, հիմա առավել ևս չեն աշխատելու։
Միշտ ասում են՝ Գյումրին անկանխատեսելի քաղաք է, ես կասեի՝ հակառակը, ամենականխատեսելի քաղաքն է․ գյումրեցին ում ուզեց, որ լինի քաղաքապետ կամ պատգամավոր՝ գնալու է, ընտրի, որին չուզի՝ չի ընտրի։ Գյումրեցին այն մարդը չէ, որ այսօր ուրիշի քմահաճույքով անի, մյուսն օրն էլ մեկ ուրիշի քմահաճույքով։ Գյումրեցին միշտ իր ուզած ձևով է անում, իր համար նշանակություն չունի՝ ով ինչ ցանկություն ունի, ով ինչ ռեսուրս է օգտագործում, գյումրեցին անում է այն, ինչ ինքն է ուզում։
Այս «փրայմրիզին» իմաստն այն է, որ գյումրեցուն տաս այն հնարավորությունը, որ ինքը կարողանա ընտրել իր թեկնածուին, հետագայում էլ քվե տա նրան։
Կուզենամ, որ այս ընտրությունները լինեն միասնականության, համերաշխության, սիրո, «Տուն՝ քաղաք Գյումրի», կառուցելու միջոց։ Չի կարելի ամեն ընտրությունից հետո թշնամի դառնալ միմյանց, հերիք է, վերջ պիտի տանք դրան։ Կան թշնամացած ընտանիքներ Գյումրիում, որ նրանց երեխաներին հարցնես՝ ինչո՞ւ եք թշնամի, պատճառը չգիտեն, հնուց եկել ու այդպես շարունակվել է ու պատճառը եղել են ընտրությունները։ Այդ տխրահռչակ էջը պիտի փակվի Գյումրիում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ