«Պտղաբերության հետ կապված խնդիրների վտանգը մեծանում է ամեն օր՝ ծխվող ծխախոտի քանակի հետ զուգահեռ»,-ասում է «Ավանգարդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ գինեկոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ-գինեկոլոգ Արթուր Սարկիսովն ու ընդգծում, որ վիժման և արատավոր պտուղների մակարդակն ավելի բարձր է ծխողների շրջանում, և առանց ծխի ծխախոտը նույնպես հանգեցնում է վիժումների մակարդակի բարձրացման:
Բժիշկը շեշտում է, որ ծխախոտի օգտագործումը հատկապես վտանգավոր է 14 տարեկանից մինչև 25 տարեկան տղաների համար, քանի որ այդ շրջանում տղամարդու մոտ սկսվում է սերմատոգենի, սերմնաառաջացման պրոցեսը, և նրանք այդ ժամանակ ծխախոտի բացասական ազդեցության համար ավելի թիրախային ու խոցելի են:
Խոսելով վիժումների ու հղիության արհեստական ընդհատումների բացասական հետևանքներից Արթուր Սարկիսովն ընդգծում է, որ ի տարբերություն վիժումների` հղիության արհեստական ընդհատումները հետագայում կարող են հանգեցնել անպտղության:
-Որո՞նք են վիժման, մասնավորապես` կրկնվող վիժումների հիմնական պատճառները:
Կարդացեք նաև
-Վիժումը հղիության ինքնաբեր ընդհատումն է, որը տեղի է ունենում բեղմնավորումից մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը ընկած հատվածում: Հանդիպման հաճախականությունը կազմում է 15-20%: Հղիության սովորութային կրելախախտը հստակ խանգարում է, որը բնութագրվում է ձախողված հաջորդական առնվազն երեք և ավելի հղիության կորուստներով:
Հղիության կորուստ ունեցած զույգերին մտահոգում է երկու հիմնական խնդիր՝ պատճառը և կրկնվելու հավանականությունը: Սովորութային`կրկնվող վիժումները վերարտադրողական բժշկության մեջ ամենացավալի և բարդ հարցերից մեկն են, քանի որ դրանց պատճառագիտությունը հաճախ մնում է անհայտ: Մինչև 10 շաբաթական ժամկետը հղիության կորուստների հիմնական մասը պայմանավորված է լինում քրոմոսոմային խանգարումներով: Այլ հնարավոր պատճառներից են՝ ինֆեկցիաների առկայությունը, հորմոնալ խանգարումները`վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, շաքարային դիաբետ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, արյան մակարդելիության օղակի խանգարումները`ժառանգական թրոմբոֆիլիա, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, անատոմիական գործոնները՝ արգանդի բնածին արատ (միջնապատով արգանդ՝ առաջին եռամսյակի վիժում, թամբաձև արգանդ՝ երկրորդ եռամսյակի վիժում), արգանդի պարանոցային անբավարարություն՝ սովորութային երկրորդ եռամսյակի վիժման հաստատված պատճառ, ինչպես նաև արական գործոնները՝ սպերմատոզոիդի ԴՆԹ-ի ֆրագմենտացիա, իմունային համակարգի խանգարումներ: Այլ գործոններից՝ ծնողների տարիքը, ծխախոտը, ալկոհոլը, կոֆեինը, սթրեսը…
-Ի՞նչ ազդեցություն ունի ծխախոտը կանանց և տղամարդկանց վերարտադրողական օրգանների վրա:
-Ծխելը, բացի այն, որ մեծացնում է սրտի, անոթների և թոքերի հիվանդությունների վտանգը, նաև կարող է պտղաբերության հետ կապված խնդիրներ առաջացնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ծխախոտի ծխի քիմիական նյութերը (օրինակ՝ նիկոտինը, ցիանիդը և ածխածնի երկօքսիդը) ավելի են արագացնում ձվաբջիջների կորուստը: Ցավոք ձվաբջիջները չեն կարող վերականգնվել կամ փոխարինվել: Սա նշանակում է, որ դաշտանադադարը տեղի է ունենում 1-ից 4 տարի ավելի շուտ ծխող կանանց մոտ՝ համեմատած չծխողների հետ: Տղամարդ ծխողները կարող են ունենալ սերմնահեղուկի որակի նվազում՝ ավելի ցածր քանակով (սպերմատոզոիդների քանակ) և շարժունակությամբ (սպերմատոզոիդների շարժվելու ունակություն): Ե՛վ արական, և՛ իգական սեռի ծխողների մոտ անպտղության մակարդակը մոտ երկու անգամ գերազանցում է չծխողների մոտ հայտնաբերված անպտղության մակարդակին: Պտղաբերության հետ կապված խնդիրների վտանգը մեծանում է ամեն օր ծխվող ծխախոտի քանակի հետ զուգահեռ:
Կին ծխողները արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվարանները խթանող ավելի շատ դեղամիջոցների կարիք ունեն և ավելի քիչ ձվաբջիջ է ստացվում այս պացիենտների ձվարանների պունկցիայի ընթացքում: Արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծխող պացիենտները ունեն հղիության 30%-ով ցածր հավանականություն, համեմատած ԱՄԲ դիմող պացիենտների հետ, ովքեր չեն ծխում:
-Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ վիժման պատճառներից մեկն էլ ծխախոտի օգտագործումն է: Էլեկտրոնային ծխախոտները, տևական ժամանակ է, սովորական ծխախոտներին փոխարինող այլընտրանք են: Արդյոք բացասական ազդեցություններն ավելի՞ մեղմ են դրանց կիրառման պարագայում:
-Ծխելը վնասում է ձվաբջիջների և սպերմատոզոիդների գենետիկական նյութը, դրանից ելնելով՝ վիժման և արատավոր պտուղների մակարդակն ավելի բարձր է ծխողների շրջանում: Առանց ծխի ծխախոտը նույնպես հանգեցնում է վիժումների մակարդակի բարձրացման:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատման՝ աշխարհում տարեկան գրանցվում է ծխախոտի օգտագործման հետ կապված ավելի քան 7 մլն մահ, որոնցից՝ ավելի քան 6 մլն-ը ծխախոտի ուղղակի ազդեցության, իսկ մոտ 890․ 000-ը՝ երկրորդային ծխի պատճառով: Ծխախոտի օգտագործումը հատկապես վտանգավոր է 14 տարեկանից մինչև 25 տարեկան տղաների համար, քանի որ այդ շրջանում տղամարդու մոտ սկսվում է սերմատոգենի, սերմնաառաջացման պրոցեսը, և նրանք այդ ժամանակ ծխախոտի բացասական ազդեցության համար ավելի թիրախային ու խոցելի են:
-Հղիության ընթացքում ծխելը կարո՞ղ է պտղի արատների պատճառ դառնալ:
-Ծխող կանայք ավելի հավանական է, որ հղիանան քրոմոսոմային ոչ լիարժեք հավաքակազմով պտղով (օրինակ՝ Դաունի համախտանիշով), քան չծխող կանայք: Արտարգանդային հղիությունները և վաղաժամ ծննդաբերությունը նույնպես ավելի հաճախ են տեղի ունենում ծխող կանանց մոտ:
Հղիության ընթացքում ծխելը կարող է նաև հանգեցնել երեխայի աճի հապաղման, ինչպես նաև ցածր քաշով երեխաների ծննդյան, որոնց մոտ հետագայում կարող է զարգանալ դիաբետ, գիրություն, սրտանոթային հիվանդություններ: Երեխաները, որոնց ծնողները ծխում են, ավելի մեծ ռիսկի են ենթարկվում մանկական հանկարծամահության համախտանիշի (SIDS) և բրոնխիալ ասթմայի զարգացման համար:
Կանայք, ովքեր ենթարկվում են պասիվ ծխի ազդեցությանը, կարող են տառապել վերը նշված բոլոր առողջական վտանգներից:
-Արդյոք առաջին վիժումը ցուցու՞մ է այն բանի, որ կինը բուժման կարիք ունի:
-Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ եզակի վիժումից հետո, որևէ ուղեկցող հիվանդություն չունեցող կնոջը ծավալուն քննության ենթարկելու անհրաժեշտություն չկա, և փորձագետների մեծամասնությունը պացիենտների գնահատումն ու բուժումը սկսում է միայն երկու կամ երեք անընդմեջ վիժումներից հետո։ Այդուհանդերձ, նման զույգերի մոտավորապես 50%-ի մոտ կրկնվող վիժման պատճառն այդպես էլ մնում է չբացատրված, սակայն նրանք ունենում են ապագա հղիության դրական ելքի բավականին մեծ հավանականություն՝ կենդանածնության բարձր ցուցանիշով:
-Վիժումը ի՞նչ բացասական հետևանք է ունենում կնոջ օրգանիզմի վրա:
-Հղի ժամանակ կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մասշտաբային հորմոնալ և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք ապահովում են հղիությունը կրելու պրոցեսը, իսկ վիժումը իրենով հանդիսանում է ուժեղ սթրեսս օրգանիզմի համար, որի ժամանակ առաջին հերթին տուժում է հորմոնալ համակարգը:
-Վիժումը և հղիության արհեստական ընդհատումը նու՞յն բացասական հետևանքներն են առաջացնում:
-Ինչ-ինչ առումներով կան համանման բացասական հետևանքներ, սակայն ի տարբերություն արհեստական ընդհատումներին, ինչին ինքս կտրականապես դեմ եմ, վիժման պարագայում տեղի չի ունենում գործիքային որևիցե միջամտություն արգանդի խոռոչում և պտղաձուն ինքնուրույն է դուրս գալիս, ուստի էնդոմետրիումի բազալ շերտի վնասում չի գրանցվում, իսկ արհեստական ընդհատումները հետագայում կարող են հանգեցնել անպտղության:
-Ի՞նչ քայլերով է պետք վերականգնել օրգանիզմը վիժումից հետո:
-Տեղի ունեցած վիժումից հետո խորհուրդ է տրվում պահպանել սեռական և ֆիզիկական հանգիստ, վիժումից երկու շաբաթ անց կատարել փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ` պտղաձվի մնացորդ հաստատելու կամ հերքելու նպատակով, ընտրել հուսալի հակաբեղմնավորիչ մեթոդ բժշկի հետ, պլանավորել նոր հղիությունը վիժումից 4-6 ամիս անց: Հղիությունից առաջ և հղիության ընթացքում օրգանիզմը հագեցնել վիտամիններով, որոնցից կառանձնացնեմ ամենակարևորը՝ Ֆոլաթթուն 400մկգ, որն անհրաժեշտ է պտղի նյարդային խողովակի ճիշտ զարգացման համար, այն ցանկալի է ընդունել պլանավորվող հղիությունից երեք ամիս առաջ և շարունակել մինչև հղիության 12շաբաթը ներառյալ:
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ