ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:
Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Ղազախստանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական բարեկամության ներկայացուցչական խմբի այցը Հայաստան խթան կհաղորդի երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Նա ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ օրենսդիր մարմինների տեսանկյունից կարեւորագույն երկկողմ նախագծերի իրականացման վրա:
Դրական գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ղազախական կողմին այս տարվա մայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների նպատակով հարթակ տրամադրելու համար:
Կարդացեք նաև
«Ուրախ եմ նշել, որ Ղազախստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, եւ որի նպատակն է նպաստել տարածաշրջանի բոլոր երկրների փոխշահավետ տրանսպորտային համագործակցությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա ընդգծել է, որ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը լայն հնարավորություններ է բացում երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կառուցողական համագործակցության համար, ներառյալ միջազգային խորհրդարանական կառույցների միջոցով փոխգործակցության խթանումը:
Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այս այցը հիանալի հնարավորություն է քննարկելու համագործակցության օրակարգային հարցեր: «Մենք հետաքրքրությամբ հետեւում ենք Հայաստանի վարած քաղաքականությանը, տնտեսության զարգացման գործընթացներին: Հայաստանը, վստահորեն, քայլեր է անում դեպի բարեփոխումներ՝ ի շահ ժողովրդի բարեկեցության»,- ասել է Մուկաշ Իսկանդիրովը:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ՝ շեշտելով, որ 2024 թվականի ինն ամիսների ընթացքում այն կազմել է 71,5 մլն ԱՄՆ դոլար:
Կողմերը նշել են, որ առկա է չօգտագործված ներուժի իրացման պահանջարկ:
ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ Հայաստանը կարեւորում է Ղազախստանի հետ նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը: Նա վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը խթանելու ռազմավարական համագործակցությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:
ԱԺ