Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ` նոյեմբերի 29-ին կայացավ, և դեռ երկու օր էլ կներկայացվի բեմական տեսակի մեջ աշխարհում հազվադեպ հանդիպող փառահեղ մի ծրագիր` «Զգացմունքների լաբիրինթ» պաստիչչոն` ռուսաստանաբնակ մեր հայրենակից, պատմական գիտությունների դոկտոր, ծրագրի պրոդյուսեր, սցենարիստ և բեմադրող ռեժիսոր Օլեգ Թումանովի ընդհանուր կառավարմամբ:
Ընտիր-ընտրյալ են ոչ միայն աշխարհի 300 տարիների օպերային կոմպոզիտորները, նրանց փայլուն օպերաների փայլուն արիաները, այլև ընտրագույն են այսօրեական համաշխարհային օպերայի ամենաբարձրակարգ երգիչները, ովքեր աշխատում են աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում, որոնց թվարկումն արդեն անհավատալի ցնծություն է առաջացնում` Լա Սկալա, Քովենթ Գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Բոլշոյ թատրոն, Մարինյան թատրոն և նրանց հետ միասին Երևանի օպերային թատրոնը, որպես ծրագրի ամենաամուր հենարան` ոչ միայն բեմով, ամբողջ աշխատակազմով, լուսաէկրանային համակարգերով, այլ մասնագիտորեն ամենից ամենաամուր հիմքով` սիմֆոնիկ նվագախմբով և հիացմունք առաջացնող երգչախմբով:
Կարդացեք նաև
Աշխարհում խիստ հազվադեպ օգտագործվող բեմադրական պաստիչիո ձևաչափը (իտալ. pasticcio, ֆրանսերեն pastiche, փոխաբերական իմաստով՝ «խառնուրդ, խառնաշփոթ») «նոր» հեղինակին թույլ է տալիս ազատ ընտրությամբ իր բեմական «խառն» ու «շփոթ» համադրության մեջ օգտագործել ցանկացած հեղինակի ստեղծագործության ցանկացած հատված, համադրելու այն մի ուրիշ հեղինակի մի այլ հատվածի հետ, անհրաժեշտության դեպքում հավելել իր ստեղծածը և այդ նորաստեղծ բեմական «խառնուրդը» համարձակություն, այս դեպքում` հանդգնություն ունենալ նախ այն իրականացնելու, ապա ավելի մեծ համարձակություն ունենալ այն ներկայացնելու՝ այս պարագայում շատ ավելի խստապահանջ դարձած բծախնդիր մեր հանդիսատեսին:
Բացահայտ է, որ այս տեսակ նախաձեռնությունը, նույնիսկ միայն մտահղացումը չափազանց մեծ համարձակություն է պահանջում, քանի որ այն հանրությանը ներկայացնելու միայն ու միայն մեկ ճանապարհ կա, որը պետք է լինի արդեն ընտրածը` կատարյալ կատարվող և այնքան անթերի, որ հանդիսականը «բիծ» անգամ չգտնի դեռևս կատարողական մատուցման մեջ: Ապա տարբեր գործերից հավաքված ընտրանին պետք է կարողանալ լիբրետո-սցենարական առումով հավաքել ընդհանուր և անպայման չափազանց օրգանական ու հավաստի մի «կոնցեպտի» մեջ («Լաբիրինթ»-ում այն կառուցված էր սիրող զույգերի ժամանակի մեջ ճամփորդելու բեմաձևով) և նոր համադրությունը հասցնել ինքնատիպ ստեղծագործության մի այնպիսի աստիճանի, որ «նոր» հեղինակին ոչ միայն ներվի իր «աններելի» հանդգնությունը, այլ հաղթանակի դեպքում ունկնդիրը իր ապշանքի չափ զարմացած հիացմունքն արտահայտի գերհամարձակ հանդգնության համար:
Միգուցե ամենևին պատահական չէ, որ Թումանովի կողմից ընտրվել է Երևան-Հայաստանի օպերային բեմն ու նույնքան համարձակ անձնակազմը, քանզի հստակ երևում է արդեն, որ ապահով աշխատանքի միտված աշխարհի քիչ թատրոններ կհամարձակվեն պայմաններ ստեղծել այդ տեսակ «անապահով» նախաձեռնության համար: Իր հերթին էլ ծրագրի գերպատասխանատվությունը կրող Օլեգ Թումանովը անթաքույց արտահայտվում է, թե ինքը շատ է ուզում, որ արդեն իսկ մտքի մեջ այս բացառիկ ծրագիրը առաջինը իրականանա իր հոգու հայրենիքում` Հայաստանում, իսկ դրանից հետո կերևա շարունակությունը: Թեև գրեթե պարզ է, որ այս տեսակ ծրագրերի իրականացումը շատ ավելի բարդ է, քան արդեն պատրաստի ծրագրին շրջագայական կյանք տալը:
Քանի որ աննախադեպ բառը այս դեպքում շատ սազում է, ապա նշենք, որ այս աննախադեպ ծրագրում անչափ հետաքրքիր մանրամասներն այնքան շատ են, որ դրանցից ընտրում ենք միայն մի քանիսը: Նախ` այս համաշխարհային ծրագրի Հայաստանում իրականություն դարձնելու մշակութային բացառիկ երևույթը:
Ապա` գործի մասշտաբային ընդգրկման անգամ ուրվագիծը ներկայացնելու համար բավարարվենք միայն 300 տարիների ընտրված կոմպոզիտորների անունները թվարկելով, քանի որ ստեղծագործությունները տեղ չեն թողնի մյուս բաղադրիչները ներկայացնելու: Այսպես. ցանկը` ըստ ծրագրի հերթականության, պահպանելով նույն հեղինակների ծրագրով կրկնությունը. Դոնիցետտի, Գունո, Ռոսսինի, Ռոսսինի, Օֆենբախ, Ռոսսինի, Շարպանտին, Գունո, Վերդի, Բախ, Մոցարտ, Թոմա, Դոնիցետտի, Չիլեա, Ջենկինս, Բիզե, Սեն-Սանս,Սեն-Սանս, Չիլեա, Ռոսսինի, Ռոսսինի, Վերդի:
Կուզենք հատուկ տեղեկացնել այս գործն իրականացրած «ճամփորդական» բեմադրական կազմը. ծրագրի բազմաֆունցիոնալ ղեկավար և հեղինակ` Օլեգ Թումանով, երաժշտական ղեկավար և դիրիժոր` Դմիտրի Վոլոսնիկով, կոմպոզիտոր` Իգոր Խոլոպով, ռեժիսոր-պարուսույց` Իվան Ֆադեև (օգնական-պարուսույց Արիկ Ասատուրյան), վերոնշյալ աշխարհահռչակ թատրոնների մեներգիչներ` բարիտոն` Վասիլի Լադյուկ, տենոր`Դամիր Սադուախասով, բարիտոն` Արտյոմ Գառնով, սոպրանո` Քրիստինա Գոնցա, սոպրանո` Քրիստինա Պոնոմարևա, սոպրանո` Մարիա Բուինոսովա, մեցցո-սպրանո` Անաստասիա Լեպեշինսկայա:
Նշենք բեմի հրաշալի ու բազմաճկուն ձևավորումը, երգիչների հետաքրքիր լուծումներով զգեստները, բեմում միշտ շարժուն երգչախմբի ժամանակակից «ջինսային» զգեստները: Մինչ ծրագրի ամենամեծ հիացումին` երգչախմբին (գեղ.ղեկավար` Նարինե Ոսկանյան) անդրադառնալը, հիացումի խոսք կուզեինք հայտնել մեր օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին: Պարզ է, որ նման համաշխարհային մասշտաբի ծրագիրը հնարավոր է իրականացնել միայն համաշխարհային մակարդակի նվագախմբով: Եվ հանդիսատեսը ուղղակի հիացումի պահեր էր ապրում մեր օպերային թատրոնի երգչախմբի ամեն մուտքի ժամանակ, որը պատկերացրածից ավելի հրաշալի էր կատարում բեմական արտիստիկ շարժումով հագեցած ամենաբարձրակարգ երգեցողությունը:
Արժանին պետք է մատուցել Երևանի օպերային թատրոնի ղեկավարությանը, ի դեմս Կարեն Դուրգարյանի, որ գործելու կարողություն և հնարավորություն է ընձեռում իրականացնելու համաշխարհային մակարդակի ամենաբարդ ծրագրեր: Թող կատարվի Օլեգ Թումանովի պատկերացումը և Հայաստանում «ծնվելով»` միջազգային բեմ բարձրանա այս համարձակ ու ինքնատիպ ծրագիրը: Վստահ ենք, որ ստեղծված արժեքն իր միջազգային ճանապարհը կհարթի:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում` տեսարաններ «Լաբիրինթ» ներկայացումից