Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք Երեւանի հետ անկեղծ, առարկայական զրույցի»․ Միխայիլ Գալուզինը՝ հայ-ռուսական տնտեսական կապերի մասին

Նոյեմբեր 29,2024 16:24

«Մենք անկեղծորեն արժևորում ենք մեր հարաբերությունները Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Մենք միշտ փորձում ենք շատ խնամքով վերաբերվել ռուս-հայկական դաշինքին։ Մեր երկրների միջև կապերը հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, ընդհանուր պատմության, մշակույթի և արժեքային համակարգերի, ինչպես նաև բազմաթիվ նյութական հիմքերի և նախագծերի վրա»,- Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, որ ՌԴ-ն դեմ չէ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, բայց կարծում են, որ դա չպետք է արվի ի վնաս հայ-ռուսական արդեն իսկ հաստատված կապերի, առավել եւս՝ ոչ «հանուն մի շարք արևմտյան երկրների ամորֆ և քաղաքականացված գաղափարների իրականացման, քանի որ այդ գաղափարները զուգակցված են միայն Հայաստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման հետ»։

ՌԴ փոխարտգործնախարարը վստահեցնում է՝ Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է հավատարիմ հայ-ռուսական տնտեսական համագործակցության համաձայնագրերի ողջ շրջանակին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում ասոցիացիաների շրջանակներում․ «Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։ Մենք տարիներ շարունակ միասին աշխատել ենք Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետությունը ձևավորելու ուղղությամբ։ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված է եղել և կլինի՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։ Այս ակտուալ թեմայի շուրջ մենք պատրաստ ենք Երեւանի հետ անկեղծ, առարկայական զրույցի»։

Չնայած հայտնի խնդրահարույց հարցերին, ռուս դիվանագետը հայտարարում է՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմաբնույթ երկխոսությունը․ «Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ միջոցառումների շրջանակներում։ Ակտիվորեն զարգանում է առևտրատնտեսական փոխգործակցությունը, ապրանքաշրջանառությունը հասել է աննախադեպ մակարդակի։ Խոսքը 14-16 միլիարդ դոլարի մասին է։ Արդյունքը բազմաթիվ օգտակար նախագծերն են մշակութային և հումանիտար ոլորտում: Կարևոր է պահպանել և մեծացնել այդ դրական միտումները։ Մեր երկրների սերտ համակարգումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, հայ բնակչության բարեկեցության գրավականն է։ Մենք բարձր ենք գնահատում 2024թ.-ին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Ռուսաստանը մնում է հանրապետության տնտեսական, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովման երաշխավորը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930