Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին. Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, որ ՌԴ-ն աշխատում է այդ ձեւաչափը Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։
«Հենց այսպիսի դրական միավորող օրակարգն այսօր առավել քան երբևէ արդիական է։ Չեմ կասկածում, որ դարերի ընթացքում ձևավորված ամուր ներուժը և ամուր կապերը Ռուսաստանին և Հայաստանին միասին թույլ կտան համարժեք դիմակայել ուժի բոլոր փորձություններին»,- կարծում է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Ռուս դիվանագետը հայտարարում է՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրենք չեն խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր բոլոր ուղղություններով նպաստելուց․ «Մենք համոզված ենք, որ 2020-2023 թվականների եռակողմ համաձայնագրերին համահունչ առաջընթացի համակարգված շարժումը կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կբացի դրա ստեղծագործական ներուժը»։
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, որ Վրաստանը չի մասնակցում «3+3» ձեւաչափին, Միխայիլ Գալուզինն ասաց, որ այդ մասով որեւէ մեկնաբանություն չունի։ Ավելին, կարծում է, որ որեւէ մեկնաբանությունը կարող է դիտարկվել իբրեւ Վրաստանի ներքին գործերին միջամտելու փորձ, իսկ ՌԴ-ն, իր հավաստմամբ, զերծ է մնում նման գործելաոճից։ Բայց, ռուս դիվանագետը այլընտրանք չի տեսնում Հարավային Կովկասում եւ առհասարակ, տարածաշրջանում, հարցերը, այսպես ասած, փաթեթային լուծելու տարբերակին։
Կարդացեք նաև
Միխայիլ Գալուզինը նույն կերպ պատասխանեց հարցին՝ թե ի՞նչ քայլեր են ակնկալվում Հայաստանից՝ ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս մակարդակի պարագայում․ ասաց՝ ակնկալիքները կարող են դիտարկվել իբրեւ ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ։
Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամության սառեցմանը, ռուս դիվանագետը մնում է արդեն իսկ արտահայտված պաշտոնական դիրքորոշումների շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ