«Իրականության մեջ արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրը մինչեւ 2023 թվականը անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ՀՀ քաղաքացին ուներ։ Բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը, այն էլ Հայաստանում հաշվառվելուց եւ ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաեւ կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները ՀՀ-ում։ Որպես ասվածի ապացույց՝ կարող ենք վկայակոչել այն հանգամանքը, որ 070 ծածկագրով անձնագրերով արցախցիները հանգիստ աշխատանքի էին անցնում ՀՀ պետական հանրային ծառայության ոլորտում, մի բան, որն օրենքով հասանելի է բացառապես ՀՀ քաղաքացիների համար»,- այս մասին Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը բռնի տեղահանված արցախցիներին տվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Սրան զուգահեռ՝ սահմանվել է, որ արցախցիները քաղաքացիություն ստանալու համար կարող են անհատական դիմում ներկայացնել եւ պարզեցված կամ արագացված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն։
«Սակայն թվերը փաստում են, որ բռնի տեղահանվածները չեն շտապում դիմելու քաղաքացիության համար, եւ պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, որոնցից կփորձեմ առանձնացնել մի քանիսը։ Քաղաքացիություն ստանալու ազդեցությունը վերադարձի իրավունքի վրա։ Անհերքելի է, որ առնվազն ընկալումների տեսանկյունից՝ արցախցիների շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալ-չստանալու հարցն ուղիղ կապված է նաեւ Արցախ վերադարձի հեռանկարի ու վերադարձի իրավունքի հետ։ Ես ուզում եմ, որ այս հարցին շատ լուրջ մոտենանք, քանի որ մարդկանց հետ ամենօրյա շփումներից եւ այս թեմայով խոսակցություններից իմ կատարած հիմնական եզրակացությունն այն է, որ հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է։ Արցախցիների մտահոգության պատճառը հետեւյալն է․ ՀՀ իշխանությունների կողմից վերադարձի հարցի անտեսումը, ընթացող բանակցություններում այդ հարցի հասցեագրման բացակայությունը, տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում քաղաքացիության պահանջի ներդրումը, կարծես պարտադրանքը մարդկանց մոտ ձեւավորում է վերաբերմունք, որ ամեն ինչ արվում է Արցախ վերադարձի հարցը փակելու, եւ ըստ այդ էլ ձեւավորվում է հակադրություն։ Մարդիկ հակվում են կառչելու Արցախի հետ կապված միակ փաստաթղթից՝ 070 ծածկագրով անձնագրից։ Այս հարցերի ճիշտ հասցեագրման դեպքում նման խնդիրներ չէին առաջանա, անհրաժեշտ է ձեւավորել ճիշտ հիմքեր, որոնք բռնի տեղահանվածների մոտ վստահություն կստեղծեն առ այն, որ քաղաքացիություն ստանալը նրանց չի զրկելու վերադարձի իրավունքից եւ Արցախի նկատմամբ այլ իրավունքներից։ Ասվածը վերաբերում է նաեւ գույքային իրավունքներին»,- ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը նշեց, որ մյուսը խնդիրը քաղաքացիության համար դիմելու եւ ստանալու հետ կապված խնդիրն է։ Թեեւ հայտարարված է պարզեցված ու արագացված կարգով քաղաքացիության տրամադրման մասին, բայց, ըստ Գեղամ Ստեփանյանի, մարդիկ հանդիպում են բազմաթիվ տեխնիկական ու վարչարարական խնդիրների։ Օրինակ՝ ծննդյան վկայականի կամ այլ կարեւոր փաստաթղթերի վերականգնումը, որոնք կորել են տեղահանման ժամանակ, եւ դրանց վերականգնման անհնարինությունը հաճախ հանգեցնում է քաշքշուկների։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ