Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի ծրագրին կհատկացնի հավելյալ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը 2023թ․ կազմում էր 100 մլն ՀՀ դրամ։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում:
Ծրագրի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել են ավագ դպրոցի ընդունելության քննությունները 2024թ․ սկսել են ուսուցանել Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։ Այս տարվա շահառու աշակերտները ընդունվել են UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց, Այբ դպրոց և ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։
Ծրագիրը շարունակվում է և հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թվականին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները և ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր: Ծրագրին պայմանների համապատասխանող դպրոցներն ու ծրագրերն են.
– Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր
– UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր
– Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր
– Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր
– Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ
– ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր
Կարդացեք նաև
Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի առնվազն 30% զեղչ կամ ուսման վարձի և տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին: Ծրագրին կարող են միանալ նաև այլ դպրոցներ, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին։
Նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն աջակցում է ծրագրի ընթացիկ իրագործմանը։ Կրթաթոշակների տրամադրումն իրականացվել է յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցներից ստացված դիմումների հիման վրա:
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության մասին.
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է 500 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 390 հազար մասնակիցների համար։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ» (Ampega Asset Management GmbH)` «Տալանքս ԱԳ գրուփի» (Talanx AG Group) անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: Այսօր ՀԲԸՄ-ն գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր՝ ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված աքելությանը:
ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: