Հայկական բանակի հիմնադիրներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով` հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը արդյունք է երկու կողմերի տղայական մոտեցումների։ Առհասարակ, գեներալ-լեյտենանտն այն կարծիքին է, որ Հարավային Կովկասում հակամարտությանը պետք է վերջ դնել, քանի որ այն հանգեցնում է տղայականության։ Տղայականության դրսեւորում Նորատ Տեր-Գրիգորյանցը նաեւ համարում է այն, որ Հայաստանում «Սասնա ծռերը» 102-րդ ռուսական բազայի դեմ ցույցեր են իրականացվում՝ հայտարարելով, որ այդ բազան տեղակայելու ուղղությամբ ինքն էլ է լուրջ աշխատանք տարել եւ այն թե ՌԴ-ի, թե ՀՀ անվտանգությունը պաշտպանելու համար է։
«Ինչո՞ւ չես ձերբակալում սադրիչներին, որոնք ասում են՝ «դուրս եկեք ու գնացեք»․ դուրս կգան՝ կգնան, 20 րոպե հետո դուք կզոհվեք»,-այսօր Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում վրդովվեց գեներալը։
Նորատ Տեր-Գրիգորյանցը նաեւ սխալ է համարում ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության սառեցումը։ Հայտարարում է՝ արցախյան պատերազմին ՀԱՊԿ-ը որեւէ առնչություն չունի․ «Ձեր վարչապետը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, հայտարարեց՝ Արցախի ժողովուրդն իր համար չի քվեարկել, ուրեմն, գնացին նրանք ինչ-որ տեղ․․․ եւ չի ճանաչել Արցախը՝ Հայաստանի մաս։ Այո, հայեր են ապրում․ Փարիզում էլ են հայեր ապրում, ՌԴ-ում էլ երեք միլիոն հայ է ապրում, Արգենտինայում էլ են հայեր ապրում․․․ այդ դեպքում՝ հայերին պաշտպանիր։ Ինչո՞ւ վերաձեւեցիր սփյուռքի նախարարությունը։ Ես եկա՝ ասացի՝ շուտով պատերազմ է լինելու․ ինձ չընդունեցին․․․ Դավիթ Տոնոյանը․․․ նրան հիմա դատում են»։
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը գեներալ-լեյտենանտի բնութագրմամբ՝ մահացու կլինի հենց Հայաստանի համար։ Բայց, կարծում է, որ ոչ ոք թույլ էլ չի տա, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Նա վստահ է, որ ՀԱՊԿ-ը ցանկացած պահի կօգնի Հայաստանին եւ հիշեցնում է Ղազախստանի օրինակը, երբ այդ երկրի վրա հարձակում չէր էլ եղել, բայց ՀԱՊԿ զորքերը մեկնեցին՝ հենց Նիկոլ Փաշինյանի առաջարկով, որն այդ շրջանում նախագահում էր ՀԱՊԿ-ում։
Կարդացեք նաև
Թե ինչո՞ւ ՀԱՊԿ զորքերը չմիջամտեցին, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն 200 կիլոմետր խորությամբ ներթափանցեց Ջերմուկի հատվածում, գեներալ-լեյտենանտը բացատրում է՝ Հայաստանը պետք է ՀԱՊԿ հրատապ նիստ հրավիրեր, պետք էր նստել եւ խոսել, այդպես են հարցերը լուծվում, ոչ թե խռովեր ու հեռանար։
Իսկ Տավուշի մարզում սահմանազատում-սահմանագծում գործընթացի անվան տակ բարձունքների հանձնումն, ըստ գեներալ-լեյտենանտի, Հայաստանի համար հանգեցնելու է այն իրավիճակին, ինչպիսի իրավիճակում հայտնվեց Արցախը՝ Լաչինի միջանցքի փակվելուց հետո։
Ինչ վերաբերվում է անկլավներին եւ այսպես կոչված, անկլավների վերադարձին, գեներալ-լեյտենանտն ասում է՝ այդ դեպքում թող Հայաստանին վերադարձնեն Արծվաշենը եւ այդ հատվածում էլ հայկական զորքերը տեղակայվեն ու հիշեցնում է, որ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին ՀՀ իշխանությունը դատում է՝ «կրակելու եւ հայրենիքը պաշտպանելու համար․ նա երդվել էր՝ պաշտպանել հայրենիքը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ