Ermenihaber.am-ը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում տարասեռ տեսակետներ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը թուրք քաղաքական գործիչ, Ստամբուլ նահանգի Էսենյուրթ շրջանի հիմնադիր նախկին քաղաքապետ Գյուրբյուզ Չափանն է։
Չափանը ծնվել է 1955թ․ մայիսի 19-ին Կարս նահանգի Չըլդըր շրջանում։ Սովորել է Կարսի դպրոցներից մեկում, այնուհետև կրթությունը շարունակել է Դիարբեքիրի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում։ Նա 1989-ից 2004 թվականներին երեք ժամկետ զբաղեցրել է Էսենյուրթի քաղաքապետի պաշտոնը: Չափանը Թուրքիայում ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ է։ Բացի այդ, նա զբաղեցնում է Սոցիալիստների պատվիրակների համաշխարհային միության նախագահի պաշտոնը։
Կարդացեք նաև
— Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսվեց կարգավորման գործընթաց: Երկկողմ հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսակա՞ն եք համարո՞ւմ։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
— Կցանկանայի իրատեսական համարել, բայց այստեղ թատրոն կա, և այս թատրոնը դեռ ավարտված չէ: 90-ականներին, երբ Տեր-Պետրոսյանը նախագահ էր, երեք լրագրողների հետ եկա Հայաստան՝ Երևան։ Ինչ ասես, որ տեղի չունեցավ ինձ հետ։ Երբ վերադարձա, ապոկալիպսիս սկսվեց, ինձ բանտ նետեցին, լուրջ խնդիրների բախվեցի։ Այստեղ՝ Թուրքիայում, հայերի դեմ խորը ատելություն են սերմանել։ Ղեկավարները իրենց գեների մեջ նախ՝ հույների, ապա նաև հայերի նկատմամբ թշնամություն են վարակել։ Սա դատապարտման ու հաղթահարման կարիք ունի։ Այդպես էր նաև Խորհրդային Միությունում։ Հայերի մեջ էին ներարկել։ Նրանք երևակայական թշնամի էին ստեղծել։ Կովկասի բոլոր ժողովուրդները թշնամություն ու ոսոխություն ունեին միմյանց նկատմամբ, բայց մերոնց մոտ այն աննորմալ մակարդակի վրա է։ Սա տարօրինակ բան էր։ Հետո լսեցի, որ սահմանը բացել են 2023 թվականին, բայց հայերն ու թուրքերը անցակետով չեն անցնում։ Հավանաբար ճանճ ու միջատ է անցնում։ Հիմա ասում են՝ կարգավորում-մարգավորում, բայց երանի թե լինի։
Ասում են՝ Հայաստանը դարձել է ազատականացված, լավ է։ Ոչ մի խնդիր չկա։ Թուրքիայի և Հունաստանի միջև էլ արդեն ոչինչ չի մնացել, սակայն քանի որ գլուխները շատ հայհոյանքներ են պարունակում թշնամանքը վերածել են գենետիկ ձևի։
Մենք՝ մի խումբ Թուրքիայում, ընդունում ենք Հայոց ցեղասպանությունը։ Չեմ կարող բացատրել, թե որքան թշնամական են նրանք մեր նկատմամբ։ Ինչ էլ ասում ես, ամեն ինչ թվերի հետ են կապում: Նրանցից ամենաքաղաքավարին ասում է, որ 300 հազ. է մահացել։ Մեկն էլ ասում է, որ 1 միլիոն է մահացել. Ինչևէ… Ի՞նչ է սա։ Գառ կամ ոչխա՞ր է մահացել։ 300 հազարը քի՞չ է։ Երբ սա հարցնում ենք, թշնամանք ենք տեսնում։ Այսինքն, մի կողմ թողեք հայատյացությունը, թշնամաբար են վերաբերվում նաև նրանց, ովքեր թշնամի չեն Հայաստանին։
— Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։
— Գիտակցաբար, միտումնավոր։ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիային։ Նա մաքսանենգ ճանապարհով ձեռք բերած իր ողջ գումարն օգտագործում է Թուրքիայի վրա։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի պատանդն են դարձել։ Այսինքն, այդ առանձնահատկությունը կա։ Ադրբեջանը մեր եղբայրն է, այդ դեպքում հայն ինչո՞ւ մեր թշնամին լինի։ Սա առանձին, նա էլ առանձին երկրներ են։ Մեզ համար էլ են մեր եղբայրը։ Վրացին էլ է մեր եղբայրը։ Այսինքն, ոչ մի կերպ դեռ չենք կարողացել գալ այդ էջին։
Մի պատմություն կա․ Հայաստանում բոլորի տանը Արարատ լեռան լուսանկարը կա, փոքրիկ պատուհանով տուն (նկատի ունի դեպի Արարատ բացվող տեսարանով-խմբ․)․․․ ինչպես որ թուրքատյացությունն է մկան գցել (արմատացել), նույն կերպ թուրքերն են թշնամանք տածում (հայերի նկատմամբ-խմբ․)։ Չեմ կարծում, որ առանց այս լեզուն ու ժարգոնը փոխելու մենք ինչ-որ տեղ կհասնենք։ Տեր-Պետրոսյանն մի առաջարկ ուներ. «Այս հարցը թողնենք պատմաբաններին, որպեսզի պատմաբանները քննարկեն»։ Մինչդեռ պատմաբանները վիճում են՝ օգտագործելով ռազմական լեզուն։ Նրանք դեռ այնտեղ են։ 90-ականներից անցել է 30 տարի, այս ժարգոնը չի փոխվել։ Լրագրողին (թուրք-խմբ․) նստեցնում ես, Թուրքիայի ԳՇ պետի նման է խոսում։ Կամ էլ մի հայի ես նստեցնում, ՀՀ ցամաքային ուժերի հրամանատարի նման է խոսում։ Դա պետք է հեռացնել լեզվից։ Ամենաճիշտ լեզվով հաղորդակցվողը ամերիկյան սփյուռքն է։ Ֆրանսիական սփյուռքը շատ կոշտ է վարվում.
Եվ դրան գումարած՝ Ղարաբաղում իրավիճակը շիկացավ։ Մի փոքր ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ։ Մեր կառավարությունը խրվել մնացել է։ Միգուցե դրա համար կարող է քայլ անել, քանի որ մտել են տնտեսական փակուղու ու քաղաքական ճգնաժամի մեջ։ Դրա համար դրսում լավ հարաբերություններ հաստատելու ճնշում կա, քանի որ բոլոր հարևանները մի կողմից, Իրաքը, Սիրիան մի կողմից․․․ բոլորի հետ թշնամի ենք դարձել։ Փառք Աստծո, առանց այդ էլ հայերի հետ մարդկանց ստեղծման օրից ի վեր թշնամի ենք։ «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» գաղափարախոսության ներարկման հարցում կա նաև քաղաքացիների արձագանքը։ Ի վերջո, գուցե համաձայնվեն, սահմանը կբացեն, կհաշտվենք, կսկսենք գնալ-գալը։ Մեր միջև առևտրային համաձայնագիր, դեսպանություն կլինի։ Մեկս մյուսի պետք է նորմալ երկրի պես վերաբերվենք։
— Ի՞նչ եք կարծում առաջիկայում սահմանները կբացվե՞ն։
— Ես այնքան էլ հույս չունեմ: Երևանից քարեր բերեցի, Կարսում հյուրանոց կառուցել տվեցի։ Մարդիկ, հյուրանոցին թշնամի դարձան։ Ես դաղստանցի գաղթական եմ, մեր արմատները Դաղստանից են եկել։ Ամեն ինչ արեցին, որ այն (հյուրանոցը-խմբ․) չբացվի։ Այնպես են վարվում, կարծես թե հայկական ամրոց ենք կառուցել։ Սրանք ինչպե՞ս են հաշտվելու։ Ժողովրդի մոտ ոչինչ չկա, ղեկավարների մոտ է թշնամությունը։ Ինչ–որ ղեկավար (Թուրքիայում–խմբ․) իրեն պարտավորված է զգում հային կամ հույնին թշնամի դարձնել։ Այսինքն՝ Արևմուտքում ինչքան ստոր մարդ կա նրանց անվանում են «հույնի սերմ», արևելքում՝ «հայի սերմ»։
Այն, որ Երևանում էլ կա․ «թուրքի ջուրը չեն խմում» ։ Այ, դա՛ պետք է կոտրել։ Մեկս մյուսի հանդեպ ունեցած այդ լեզուն պետք է կոտրենք։ Մենք այս հարցում բավականին ջանքեր ենք գործադրել իմ ընկերոջ՝ Թաներ Աքչամի հետ։
Կարծում եմ՝ միգուցե նրանք կարող են ինչ-որ բան անել ամերիկացիների ճնշման ներքո։ Ես որոշակի հույսեր եմ կապում ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Նրանք (Դոնալդ Թրամփի վարչակազմ–խմբ․) կարող են մեղմացման առիթ հանդիսանան ինչպես հարավ-արևելքում, այնպես էլ Կովկասում: Ինչ վերաբերում է մեզ, ես հույս չունեմ մեզնից։
— 1995թ․ այցելել եք Հայաստան և հանդիպել ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։ Որպես թուրք քաղաքական գործիչ այցելել եք նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ավելի ուշ երբ վերադարձել եք Թուրքիա, ասել եք, որ ամերիկացիներն են ցանկացել, որ Հայաստան գնաք։ Թուրքիայում ինչպե՞ս է ընդունվել ձեր այցը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
— Ինձ փակեցին, հետո խաբեցին ու բանտ նստեցրին։ Իմ դեմ հայց էին ներկայացրել։ Օրինակ, դատական գործի թեման հետևյալն էր․
Առաջին․Հա՞յ ես։ Երկրորդ՝ իբրև թե Հայաստանում զբաղվել եմ ոչխարների մաքսանենգությամբ և երրորդ՝ քրեական գործ էին հարուցել՝ ասելով, թե միջուկային զենքի մաքսանենգությամբ եմ զբաղվել։
—Ցեղասպանության ոճրագործների թվում կա նաև ձեր հորեղբայրը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։
—Հորեղբայրս Հատուկ կազմակերպության (Teşkîlât-ı Mahsûsa) անդամ էր։ Այսինքն իրենք այդ պայքարի մեջ եղել են։ Մենք այդ կռվի մեջ եղած ընտանիք ենք։ Բայց մենք չենք կարող լվանալ արյունն ու արյան մեջ թաթախվածին։ Պապս դա արել է։ Ի՞նչ անեմ։ Այդ ժամանակ ինչ-որ բան տեղի է ունեցել։ Հիմա ես խաղաղասեր եմ, ոչ մի հայի թշնամի չեմ, ես ոչ մեկին թշնամի չեմ իր ռասայի պատճառով։ Այդ իսկ պառճառով, ես արեցի այն, ինչ անհրաժեշտ էր: Ես գիտեի, որ Հայաստան գնալով ինձ հետ այս խնդիրներն են լինելու։ Ալփարսլան Թյուրքեշն (թուրք ռազմական և քաղաքական գործիչ, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդը-խմբ․) ասաց, որ փաստաթղթեր ու թղթեր վերցրու։ Նա ասաց, որ քեզ այստեղ (Թուրքիա-խմբ․) կսպանեն։ Ես չէի հավատում: Դրանից հետո ինձ հետ ինչ ասես, որ չի պատահել։
Այդ ժամանակ ինձ աջակցում էր Ալփարսլան Թյուրքեշը։ Նա ինձ աջակցեց և՛ գնալուց, և՛ վերադառնալուց, ինձ լինչի դատաստանի ենթարկեցին։ Հեռուստատեսության եթերում Մոսկվայում թուրք նախկին դեսպանի հետ միասին ինձ աջակցություն հայտնեցին։
— Իսկապե՞ս, Ալփարսլան Թյուրքեշն աջակցե՞լ է, որ դուք այցելեք։
—Այո, անշուշտ, իհարկե, աջակցել է։
— Նա որպես ազգայնական գործիչ, հայի թշնամի աջակցե՞լ է։
— Հայի հանդեպ թշնամի չի եղել։ Կեսը հայ էր։ Մինչև վերջ աջակցել է։
Ու Շ Ա Դ Ր Ու Թ Յ Ու Ն
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1.Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական–հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ–թուրքական երկխոսության նկատմամբ։
2.Ներկայացնել մեր լսարանին հակահայկական տրամադրությունների դինամիկան Թուրքիայում։
3.Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4.Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ