«Այս գործընթացը նպատակ չունի միջամտելու Հայաստանի ներքաղաքական կյանքին: Այն ունի վերքաղաքական նշանակություն և ուղղակիորեն վերաբերում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, անվտանգությանն ու դրա էլ ավելի ամրապնդմանը»,- «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական ֆորումի ժամանակ, որն ընթանում է այսօր՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, իր ելույթում ասաց «Իմ երկիր իմ Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Մհեր Ավետիսյանը։
Բանախոսի կարծիքով՝ Ռուսաստանը հետխորհրդային ընդհանուր միավորման, ինչպես նաև մերձավոր արտերկրի բարեկամ երկրների համախմբման շարժիչ ուժն է հանուն կյանքի, անվտանգության, գիտության, մշակույթի և ազգային ինքնության պահպանման․ «Ես՝ իմ խոսքն ու գործունեությունը կառուցում եմ այն տրամաբանությամբ, որ ցանկացած հայ մարդու համար, անկախ աշխարհի որ մասում է նա ապրում, Հայաստանի սուվերեն պետականությունը պետք է լինի գերագույն արժեք, քանզի ես խորապես վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ հպարտանում է սուվերեն պետություն ունենալու իրականությամբ և հայի ինքնություն ունեցող ցանկացած մարդ պարտավոր է իր ուժերի ներածին չափով, իսկ հարկ եղած դեպքում նաև սեփական կյանքը զոհաբերելով՝ պաշտպանել այդ գերագույն արժեք։ Այս իմաստով մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ ասել է սուվերեն պետություն և ինչ պետք է անել այդ պետությունը փայփայելու և ապագա սերունդներին ժառանգելու իմաստով»։
Ըստ բանախոսի, Սովետական Միության փլուզումից հետո 15 հանրապետությունները ստացան ինքնիշխանություն և դարձան անկախ պետություններ, այդ թվում և Հայաստանի հանրապետությունը, որը 1991 թվականին հռչակվեց որպես Հայաստանի 3-րդ Հանրապետություն և իրեն հռչակեց Հայաստանի 2-րդ Հանրապետության, այսինքն` Սովետական Հայաստանի իրավահաջորդ․ «Եվ այն պահից, երբ արդեն դու ունես սուվերեն պետություն՝ դա նշանակում է, որ ինքդ ես, որպես ժողովուրդ, որպես այդ պետության քաղաքացի տնօրինում քո ճակատագիրը և պարտավոր ես ձևավորելու այնպիսի քաղաքական էլիտա, որն ունակ է հասկանալու քո պետության պետական շահերն ու ամեն գնով այդ շահերը պաշտպանելու և երբեք թույլ չտալու, որպեսզի քո սուվերեն պետությունը գործիք դառնա այլ պետությունների կամ աշխարհաքաղաքական բևեռների ձեռքում և աշխատի սեփական շահերի դեմ, կործանելով սեփական պետականությունը»։
Մհեր Ավետիսյանը տպավորություն ունի, որ հայաստանյան շատ քաղաքական գործիչներ կամ գրեթե բոլորը՝ «սուվերեն պետություն ասելիս հասկանում են, որ դու այն պահից, երբ արդեն սուվերեն ես անկախ ես՝ ինչ ուզում ես կարող ես անել, սա շատ սխալ և վտանգավոր մոտեցում է քանզի սուվերեն պետություն ունենալ նշանակում է նաև՝ դու ունես սխալվելու սուվերեն իրավունք, բայց խելացի և հեռատես ժողովուրդները ամեն բան անում են այդ իրավունքից չօգտվելու և սխալներ թույլ չտալու, քանզի սխալվելու սուվերեն իրավունքից օգտվելու պարագայում դու կարող ես վտանգել ոչ միայն քո պետականությունը, այլ նաև քո պետության տարածքում ապրող ժողովուրդներին»։
Իր գնահատմամբ, սուվերեն պետություն ունենալ նշանակում է ունենալ հնարավորություն և կամք՝ ձևավորելու այնպիսի քաղաքական էլիտաներ, որոնք ունակ են հասկանալու սեփական երկրի պետական շահերն ու առաջնորդվել բացառապես այդ շահերով։ Այդ համատեքստում էլ Մհեր Ավետիսյանը կարծում է, որ Ուկրաինան, որպես սուվերեն պետություն, կանգնած է լինել-չլինելու խնդրի առջև, իսկ Վրաստանը դեռ դեգերումների մեջ է։
Բանախոսի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը դա ոչ գազն է, ոչ նավթն է, այլ հակառուսականությունն է․ «Բոլոր այն պետությունները, որոնք որդեգրում են հակառուսական դիրքորոշում, Միացյալ Նահանգները պատրաստ են այդ երկրներում և փող ծախսել, և զենք տալ և աջակցել հնարավորինս, որպեսզի այդ երկրները հակառուսական ճանապարհով շարժվեն և օգնեն Միացյալ Նահանգներին քանդելու Ռուսաստանի Դաշնությունը, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ վաճառվելով Միացյալ Նահանգներին, որպես հակառուսական միավոր դու դառնում ես նաև Ռուսաստանի թշնամին և հետևաբար հայտնվում ես, Ռուսաստանի անվտանգության տեսադաշտում իր բոլոր հետևանքներով: Սա նշանակում է, որ որևէ խելամիտ և սեփական պետության շահերով առաջնորդվող քաղաքական էլիտա և ժողովուրդ չի կարող իր երկրում հակառուսականությունը որպես քաղաքական օրակարգ ձևավորել և վտանգի տակ դնել սեփական պետությունն ու ժողովրդին»։։
Մհեր Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը պրոհայաստանյան գործիչ է եւ իր քաղաքական գործունեության խոսքի հիմքում ընկած է բացառապես Հայաստանի պետական շահը, որը համընկնում է բացառապես Ռուսաստանի Դաշնության և ռուս ժողովրդի շահերի հետ․ «Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու և ռեգիոնում խաղաղություն ձևավորելու հարցում, այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է թույլ չտա Արևմուտքին միջամտելու մեր ռեգիոնալ խնդիրներին: Հայաստանի ռեգիոնալ խնդիրները պետք է լուծվեն 3+3 ձևաչափով, այսինքն ռեգիոնալ պետությունների համաձայնությամբ և կարծիքով: Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, այլ պետք է օգնի Ռուսաստանին և անի դիվանագիտական քայլեր, որպեսզի Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ-ի անդամ, ինչը էլ ավելի կբարձրացնի մեր ռեգիոնում անվտանգության ճարտարապետության խնդիրները: Իր անվտանգության խնդիրները լուծելու և սուվերենությունը պահպանելու ճանապարհին Հայաստանը խնդիր չպետք է դնի Արևմուտքի հետ իր հարաբերությունները փչացնելու, բայց եթե Արևմուտքը անտեսելով այն փաստը, որ Հայաստանը իր քաղաքական որոշումները կայացնելիս լուծում է իր սուվերենության և պետականության պահպանման խնդիրները, պետք է խզի իր կապերը Հայաստանի հետ և Հայաստանին ենթարկի սանկցիաների՝ դա իր որոշումն է միևնույն է, երբ Ռուսաստանն ու նրա դաշնակիցները կհաղթեն հավաքական Արևմուտքին տեղի ունեցող գլոբալ պատերազմում և կնստեն նոր Յալթայի, նոր Պոտսդամի սեղանի շուրջ և կձևավորեն նոր ավելի արդար և բազմաբևեռ աշխարհ՝ հարաբերությունները Արևմուտքի հետ կկարգավորվեն, այդ ժամանակ, կկարգավորվեն նաև Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, միևնույնն է Հայաստանը պարտավոր է լուծել իր սուվերենության և պետության պահպանման խնդիրները»։
Ըստ նրա, Հայաստանի հանրապետությունը պետք է փորձի ինտեգրվել БРИКС, ШОС և բոլոր այն կառույցները, որոնք այսօր Ռուսաստանի բարձր հովանու ներքո դառնում են միաբևեռ աշխարհը քանդելու և բազմաբևեռ աշխարհ ձևավորելու քաղաքական օրակարգ:
Համաժողովի մասին մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ