Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրոյենց տոհմի նշանավորները. մեր ասպետական Վալերին

Նոյեմբեր 29,2024 12:30

Վերհուշի մասունքներ

Ճակատագիրը բարեհաճ չեղավ Վալերի հանդեպ՝ ասուպի նման հայտնվեց երկնակամարում եւ կայծակնային արագությամբ անցավ, բայց մնացել է մեր հոգում ներկա՝ ջահել ու գեղեցիկ։ Մի սքանչելի երեւույթ էր՝ ասպետական պահվածքով, սեր ու բերկրություն էր ճառագում իրենից։ Բնությունը շռայլ բարեմասնությունով էր օժտել՝ գեղադեմ, բարձրահասակ, նշաձեւ թուխ աչքերով, գանգրահեր։ Լավ մարդ ու լավ ընկեր էր՝ համեստ ու խաթրաշահ, հումորով, որի հետ մարդ կիսում էր մտահոգությունն ու գաղտնիքը։ Մեծի հետ՝ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, մեծ ձգողական ուժի տեր, որտեղ Վալերիկը՝ այնտեղ կյանքը։ Երջանիկ են նրանք, որ  ճանաչեցին նրան։ Հրճվանքի, երանության շատ պահեր ապրեցինք ամեն անգամ նրան տեսնելիս, նրա հետ շփվելիս…

Ծնվել է 1945 թ. մայիսյան հաղթանակից հետո, նոյեմբերի  24-ին, դեռ գյուղի մի աչքը՝ լաց էր, մյուսը՝ ուրախություն (53 որդիները չվերադարձան պատերազմից)։ Վալերիկի ծնունդը սպեղանի եղավ Վաղարշակ հոպարի եւ Աբրոյենց տոհմի չսպիացող վերքին։ Աբրոյենց քաջարի վեց որդիները զոհվեցին Երկրորդ աշխարհամարտում, որոնց թվում Վաղարշակի երկու եղբայրները՝ Վազգենը եւ Վալուշը։ Իսկ ստալինյան բռնաճնշումների զոհ էին դարձել նաեւ նրա հայրը՝ Հմայակը եւ հորեղբայրը՝ Զոհրապը։

Վալերի մանկությունն ու պատանեկությունն անցան Գեղարոտում։ Գյուղի բոլոր երեխաների նման, ամռանը՝ ֆուտբոլը, իսկ ձմռանը՝ դահուկներով սահելը դարձել էին նրա սիրելի խաղերը։

Հիշում եմ, անցած դարի 70-ականների սկզբին թե՛ «Արարատ» ֆուտբոլային թիմի, թե՛ աշխարհի  առաջնությունների ժամանակ՝ Վալերի գլխավորությամբ, մեր տունը դառնում էր ֆուտբոլի երկրպագուների հավաքատեղի՝ ոգեւորության կանչերով ու բացականչություններով։ Նրա սիրուց, մենք էլ էինք դարձել Հովիվյանի ու Զանազանյանի, Բեկենբաուերի եւ Մյուլերի երկրպագուն։

Այն տարիներին Վալերիկի եւ գյուղի իր հասակակից տղաների շնորհիվ, Գեղարոտի ֆուտբոլային թիմը մեծ անուն էր հանել Սպիտակի շրջանում եւ դարձել շրջանային առաջնության գավաթակիր։

Ձմռանը դահուկների վրա էր Վալերին՝ աներկյուղ, հաճախ առանց ձեռնափայտերի Ղուբկասարի գագաթից կամ Ձմեի լանջերից մեծ արագությամբ սլանում էր ներքեւ…

Գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո,  փոխադրվեց Կիրովական (Վանաձոր). որտեղ հաստատվել էր ավագ եղբոր՝ Միշայի ընտանիքը, ապրում էր նրանց հետ նույն հարկի տակ։ Եթե մրցումների չէր մեկնում, ուրեմն, ամեն շաբաթ կամ կիրակի օրերին գյուղում էր։ Երբ Վանաձորից այցի էր գալիս, ամեն անգամ հորական տուն բարձրանալիս՝ անցնում էր մեր տան դիմացով եւ բարձրաձայն կանչում.

– Վարիկո աբա, թթուն դիր, հիմա գալիս եմ:

Աշնանը մայրս կարասներով տարատեսակ պտուղ-բանջարեղենի թթու էր դնում. ի՜նչ համով թթուներ: Հացատուն մտնելիս, մառանի դուռը բացելիս՝ թթվի անուշաբուրությունով էր լցված շուրջը (համն զգացի քիմքիս): Բայց արիուտես՝ երեխաներս թթու չէինք սիրում:

Հրճվանքով էինք լցվում, երբ Վալերին այցելում էր մեզ: Մայրս սուփրա էր բացում, նաեւ թթու դնում սեղանին: Թթու չուտող երեխաներս «հարձակվում» էինք թթվի վրա: Մայրս ստիպված մի քանի անգամ մառան էր գնում-գալիս, եւ մեկ անգամ քրքիջով մտավ սենյակ, թթուն դրեց սեղանին.

– Վա՜յ, Վալերիկ ջան, դու բարով գաս, էս թթուն դարձավ Հայր Աբրահամի մատաղը…

***

Վալերիկը ուսումը շարունակեց Կիրովականի թիվ 16 գիշերօթիկ դպրոցում: 1964-67 թթ. ծառայեց ԽՍՀՄ զինված ուժերում։ Ավարտեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը:

Կիրովականում ծաղկեցին Վալերիի սպորտային նախասիրությունները, բացահայտվեցին տաղանդավոր մարզիկի եւ մարզիչի ունակությունները։

Աշխատել է Կիրովականի «Աշխատանք» կամավոր սպորտ ընկերության նախագահի տեղակալ, ապա՝ սպորտկոմիտեի մարզիչ, այնուհետեւ՝ «Էլեկտրոտեխնիկական» գործարանում՝ որպես ֆիզկուլտուրայի մեթոդիստ։ Եղել է նաեւ ԽՍՀՄ սահնակային սպորտի պատանեկան հավաքականի  մարզիչ:

Ի զարմանս մեզ, զբաղվեց սահնակային մարզաձեւով, բայց դա մեր իմացած սահնակը չէր, որ Ղուբկա սարից ցած էինք սղղում երեխաներս։ Դա բնական կամ արհեստական սառցամրցուղի է (բարձունքից վար), որի վրայով չափազանց մեծ արագությամբ անցնում է սահնակին պառկած մարզիկը, իսկ սահնակը՝ առանց արգելակի, առանց ղեկի, եւ հաղթում է այն մարզիկը, ով մրցուղին անցնում է արագ եւ ամենաքիչ ժամանակում։ Առաջինը Հայաստանում այդ մարզաձեւով նա սկսեց մասնակցել միութենական եւ միջազգային մրցումներին, որը նրան փառք  բերեց ու ճանաչում, այդ սպորտի առաջին վարպետն էր Հայաստանում։

1970թ. Վալերին մասնակցել է Լատվիայի Ցեսիս քաղաքում անցկացվող սահնակային սպորտի միութենական առաջնությանը եւ գրավել առաջնակարգ տեղերից մեկը։ 1972 թ. սահնակային սպորտի Բրատսկում անցկացված խորհրդային միության առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի: 1973 թ. փետրվարի 12-18-ը մասնակցել է ԳԴՀ Թյուրինգենի երկրամասի Օբերհոֆում անցկացված սահնակային սպորտի աշխարհի առաջնությանը…Ցանկը կարելի է շարունակել…

Այն տարիներին Վալերի մասին գրել են հանրապետական եւ միութենական մամուլում, ցավոք, չի հավաքվել վավերագրական նյութը, եւ իմ ձեռքի տակ չկա որեւէ բան, միայն 60 տարի առաջ բանակից ինձ հասցեագրած նրա նամակներն են, որոնք սուրբ մասունքի նման պահվում են Գեղարոտում՝ եղբորս տանը։

Նա ծնվել էր նրա համար, որ մոր եւ մեր սրտերում կարոտ դառնար, Սեւակի խոսքը ձեւափոխված։

Ափսո՜ս, որ չհասցրեց անձնական կյանք ստեղծել։ Անբուժելի հիվանդություն ձեռք բերեց, եւ ժամանակ առ ժամանակ բուժվում էր Երեւանի հիվանդանոցում…

Լսեցինք, որ վատթարացել է վիճակը։ 1977թ.  հունվարի 8-ին՝ ընտանիքով մեկնեցինք Կիրովական՝ Վալերին տեսության։ Դարանակալ հիվանդությունը անկողնին էր գամել մեր կենսասեր Վալերին, որը թույլ ժպիտով դիմավորեց մեզ։ Ի՞նչ մտածեինք, որ այդ պահին նա գերմարդկային ճիգով մարտի էր բռնված մահվան հետ։

Պատմում էին, որ մեր հրաժեշտից հետո, խնդրել էր եղբորը  իրեն տանի պատշգամբ, Միշան եղբորը հազիվ հասցրել էր պատուհանի մոտ, հենց այդպես՝ եղբոր գրկում, հունվարի 9-ի լուսաբացին, ավանդել էր հոգին…

Ավա՜ղ, դեռեւս որքա՜ն հույսով սնած երազանքներ ու ծրագրեր ուներ։

***

Տեսնես ո՞ւմ սրտի տիրակալը պետք է լիներ, եւ քանի՜-քանի աղջիկներ են անցել կողքով՝ իրենց հիացմունքի շշուկով, երբ նա հպարտ քայլել է Վանաձորի փողոցներով եղբոր դստեր՝ Մարինեի ձեռքը բռնած:

Հիշում եմ, որ  արցախցի համակուրսեցիս՝ Ռայան, մի գեղանի, բարձրահասակ աղջիկ, որի հետ հետագայում մտերիմ ընկերներ դարձանք, եւ Վալերը, համակրում էին միմյանց։

Բանը հասավ այնտեղ, որ մերոնք՝ հորս գլխավորությամբ, մեկնեցին Արցախ, Ստեփանակերտ՝ Վալերի համար խնամախոսության: Ռայայի մայրը արտասվել էր, թե միակ դստերը չի ամուսնացնի Ստեփանակերտից հեռու: Ա՜խ, այդ Ճակատագրի մատը: Ռայան երջանիկ չեղավ առաջին ամուսնու հետ, իսկ Վալերը հեռացավ, երբ ընդամենը 31 տարեկան էր…

Հուսամ, իրենց հուշերով կարձագանքեն նրան ճանաչող ապրողները, որպեսզի հեռացնենք Վալերի անվան մոռացության թանձր ծածկույթը, եւ կարողանանք հողին հանձնած Վալերի հունդը աճեցնել եւ ապրեցնել:

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գերմանիա, Վիսբադեն

«Առավոտ» օրաթերթ
28.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930