Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինեանի գրեթէ բոլոր հանրային ելոյթների առանցքը հակագաղափարն է եւ ինչպէս քաղտեխնոլոգներն են նշում, հակագաղափարները որպէս հայեցակարգ, նրա մօտ արտայայտւում են հանրային գիտակցութեան մէջ արմատացած գաղափարներին, մտածողութեանը եւ արժեհամակարգին հակադրւելով, աւելի ստոյգ՝ դրանց ոչնչացմամբ։
Հայաստանի հանրային հեռուստատեսութեան հետ նրա վերջին աղմկահարոյց հարցազրոյցը եւ դրանում առաջ քաշւած ամենակարեւոր հակագաղափարը նոյնպէս տեղաւորւում է վերը նշւած սահմանման տրամաբանութեան շրջանակում:
«Նեղւում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արեւմտեան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արեւմտեան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում ենք։
Հիմա էլի ասելու են՝ հերթական դաւաճանութիւնը, ստոր տականքութիւնը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատւութեան մէջ եմ, որ պարտաւոր եմ մեր ժողովրդի հետ խօսել ու ցոյց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները։
Կարդացեք նաև
Եթէ ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դէպի կորուստ»,- ասել է նա հարցազրոյցի ընթացքում՝ միտումնաւոր կերպով նոյնացնելով ԱՐԵՒՄՏԵԱՆՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ու արեւմտեան ադրբեջանը:
Հարցն այստեղ բնաւ այն մասին չէ, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, չգիտի, որ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ աշխարհագրական տերմին է, պատմականօրէն ընդունւած, դարեր շարունակ շրջանառւած, արձանագրւած ու նշւած բոլոր ժամանակների քարտէզներում, իսկ արեւմտեան ադրբեջանն ընդամէնը մտացածին յօրինւածք է, որով Ալիեւը փորձում է յագուրդ տալ իր ծաւալապաշտական նկրտումներին, այլեւ կարեւորը եւ վտանգաւորն այն է, որ նա հանրային քննարկման հրապարակ նետած հերթական անտիթէզի շնորհիւ փորձում է շարունակել հայ ժողովրդի ազգային, բանական, արժէքային ու բարոյական հոգեկառուցւածքի միտումնաւոր ու նպատակային կազմաքանդումը:
Փաշինեանը փորձում է ջնջել մեր ազգային պատմական յիշողութիւնը, առ ոչինչ դարձնել հազարամեակների ընթացքում մեր ապրածն ու արարածը, ներկայացնել մեզ անօգնական, անկարող, թոյլ ու անպիտան, խեղել, այլանադակել մեր հաւաքական նկարագիրն ու ազգային ինքնութիւնը՝ ոչնչացնելով դրա առանցքը եւ ողնայարը կազմող գաղափարներն ու տեսլականը:
Խորհրդանշերի, գաղափարների եւ տեսլականի դէմ այս յամառ պայքարը, որի ականատեսն ենք մենք այսօր, չափազանց վտանգաւոր է:
ՀՀ գործող իշխանութիւնների միտումը պարզ է. խեղել այդ ինքնութիւնը, ոչնչացնել այդ գաղափարներն ու տեսլականը: Իսկ մեր միտումը պէտք է լինի մէկը եւ միանշանակ. պահպանել այդ բոլորը՝ վերաիմաստաւորելով դրանք:
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ալիք» օրաթերթում: