«Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն կատարել այդ հանցագործությունները եւ պատիժ չկրել, այլեւ նրան հարթակ են տրամադրում այդ ահավոր հանցագործությունները, էթնիկ զտումները լեգիտիմացնելու եւ «կանաչ լվացման» համար»: Հիշեցնենք, այս դատապարտող խոսքերի հեղինակը շվեդ հայտնի երիտասարդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն է, որը ծայրահեղ երկերեսանիություն էր որակել ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելը: «Կանաչ լվացման», ասել է թե՝ այդ երկրի կողմից իր մեղքերը կլիմայական համաժողովի անցկացմամբ քողարկելու, մոռանալ տալու ձգտման, ինչի մասին դեռ հոկտեմբեր ամսին գրել էր անգամ բրիտանական «Ֆայնենշլ թայմս» պարբերականը:
Նոյեմբերի 11-ից 24-ը Կլիմայի փոփոխության 29-րդ համաշխարհային գագաթնաժողովը («COP29») անցկացվեց մի երկրում, որն ունի հանածո վառելիքից ամենաշատ կախված տնտեսություններից մեկը. նավթն ու գազը կազմում են նրա արտահանության 90 տոկոսը եւ ապահովում են պետբյուջեի 60 տոկոսը: Բնապահպանների մի խմբի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թունավոր նյութերի արտանետումներն Ադրբեջանում տարեցտարի աճում են եւ 2023 թվականին հասել են վերջին տասնամյակի առավելագույն ցուցանիշին: Երկիրը մեղադրվում է ե՛ւ գործող բռնատիրական կարգի, ազատ խոսքի ու մարդկանց իրավունքների զանգվածային խախտումների, ակտիվիստների հետապնդումների (մոտ 300 քաղբանտարկյալ), ե՛ւ Արցախի բնիկ հայության դեմ գործած հանցանքների ու էթնիկ զտման, գերիների, պատանդների անօրինական պահման, Հայաստանի տարածքի մի մասի զավթման եւ այլ գործած մեղքերում: Ու անգամ Եվրոխորհրդարանը սույն թվականի հոկտեմբերի 23-ին ընդունած հատուկ բանաձեւով անդամ երկրներից պահանջել էր պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ, շատ կազմակերպություններ, նշանավոր անհատներ պահանջել էին չեղյալ հայտարարել այնտեղ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացումը:
Սակայն բոլոր առարկությունները եղան «ձայն բարբառոյ յանապատի»…
Որպես աշխարհի հեղինակավոր մի համաժողովի վայր Բաքուն ընտրելը, դրան 100-ից ավելի երկրների ներկայացուցիչների ու ղեկավարների մասնակցությունը (առաջատար տերությունների առաջին դեմքերի բացակայությամբ հանդերձ), մասնակիցների կողմից «Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու» նախապես դրված պահանջին հիմնականում հետեւելը, իրոք, աշխարհի երկերեսանիության, գործող բազմակի ստանդարտների արտահայտությունը, աշխարհի ամոթն էր:
Կարդացեք նաև
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում