Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 25-ին ոստիկանությունը զեկուցագիր է ստացել, որ սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 21-ին եւ հոկտեմբերի 30-ին ՀՀ դատախազությունից ստացվել են անանուն ազդարարմամբ՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ վարույթներ, որոնց համաձայն՝ Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանն առանց մրցույթ հայտարարելու՝ սեպտեմբերի 4-ին եւ. 9-ին կազմակերպել է աճուրդ:
Ըստ նույն աղբյուրի՝ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Խաչիկ Վարդանյանի իրականացրած աճուրդները կրել են ձևական բնույթ, նա աճուրդն իրականացրել է իր մտերիմների շրջանակներում: Ավելին, փաստացի հիմնականում ինքն է հանդիսանում վերոհիշյալ անձանց կողմից գնված հողամասերի սեփականատերը:
Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:
Նշենք, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանին բաղկացած է 18 անդամներից, որոնք հավասարաչափ բաշխված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության միջև։ Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն է։