«Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին», Անջեյ Դուդայի երեւանյան կարեւոր ուղերձները:
Նոյեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որը օրեր առաջ Ադրբեջան էր այցելել ընդամենը մի քանի ժամով:
Դուդայի այցի նախօրեին հայաստանյան բանակցությունների օրակարգի վերաբերյալ մամուլին ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել։ «Բանակցությունների թեմաներից մեկը կլինի տարածաշրջանի իրավիճակը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացը», – հայտնել էր Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը։ Նրա խոսքով՝ շուրջ երկու շաբաթ առաջ Անջեյ Դուդան հանդիպել եւ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ քննարկելով այդ թեման. «Այժմ նա հնարավորություն կունենա հանդիպելու Հայաստանի իշխանությունների հետ։ Խաղաղ գործընթացի ավարտը ամենահրատապ խնդիրն է։ Թվում է՝ այդ ավարտը մոտ է, եւ տարածաշրջանի կայունության համար ծայրահեղ կարեւոր է դրան հասնելը։ Այս թեմայի շուրջ բանակցությունները շատ կարեւոր են»:
Պավլակը տեղեկացրել էր, որ բանակցությունների թեմաներից կլինեն նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական, ինչպես նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները։ «Վերջին տարիներին մենք նկատում ենք որոշակի շրջադարձ դեպի Արեւմուտք, դեպի Եվրամիություն՝ Հայաստանի կառավարության քաղաքականության մեջ։ Լեհաստանը, որը շուտով կղեկավարի ԵՄ Խորհուրդը, եւս հետաքրքրված է այս հարցով», – նկատել էր Մեսկո Պավլակը։
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտնեց մեկ այլ ուշագրավ տեղեկություն, որ նոյեմբերի 27-ին Անջեյ Դուդան կայցելի Հայաստանում ԵՄ մոնիթորինգի առաքելության (EUMA) կենտրոնակայան։ Պավլակը հիշեցրել է, որ EUMA-ում աշխատում են 9 լեհեր, այդ թվում՝ առաքելության ղեկավարի տեղակալը` Մարեկ Կուբերսկին։ «Առաքելությունը կարեւոր գործիք է ԵՄ-ի համար, որը նպաստում է իրավիճակի կայունացմանը», ասել էր նա ու հավելել, որ Դուդան կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
Առաքելության մանդատը երկու տարի է։ Ժամկետը երեք ամսից կավարտվի։ Եվրամիությունը դեռ չի հստակեցրել՝ ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակեն մնալ այստեղ, թե ոչ, եւ այս փուլում Լեհաստանի նախագահի մակարդակով առաքելությունը կարեւորելը կարեւոր ուղերձ էր նախեւառաջ Հայաստանի իշխանությանը, մասնավորապես Փաշինյանին, որը օրեր առաջ ԵՄ դիտորդական առաքելությունից հրաժարվելու վերաբերյալ կարծիք հնչեցրեց:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայաստանյան այցի մեկնարկին նախ ուղեւորվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լեհաստանի խորհրդարանը 2005թ. ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել։
Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին եւ եվրոպական քաղաքականությանը նպաստում է հայ-լեհական հարաբերությունների խորացմանը, ՀՀ նախագահի նստավայրում կայացած համատեղ ասուլիսում նշեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ հավելելով, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Լեհաստանի համար։ Նա կարեւորել էր ֆինանսական ոլորտում համագործակցությունը՝ հիշեցնելով Դավոսում երկու տարի առաջ ստորագրված նախագիծը, որը ներառում է հայկական ֆինանսական բորսայի եւ լեհական ֆինանսական բորսայի համագործակցությունը։
Նախագահ Դուդան նշել էր, որ Լեհաստանը շահագրգռված է Հայաստանի հետ ընդլայնել տնտեսական հարաբերությունները եւ ներդնել նորարարական լուծումներ, որոնք երկուստեք կօգնեն երկու երկրի տնտեսությունների զարգացմանը։ Նա առանձնացրել էր համագործակցության հնարավորությունները նոր տեխնոլոգիաների, կլիմայական պաշտպանության եւ կանաչ էներգետիկայի ոլորտներում։ «Լեհաստանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որտեղ առկա է զարգացման մեծ ներուժ»,-ասել էր Անջեյ Դուդան։
Լեհաստանի նախագահը կարեւորել էր Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունը։ Լեհաստանի նախագահը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը քննարկել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` COP-29-ի շրջանակում Բաքու կատարած այցի ժամանակ: «Եվ ուզում եմ շեշտել, որ ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ հստակ եւ կայուն սահմաններում։ Խաղաղությունը կարեւոր է նաեւ, իհարկե, եվրոպական տարածաշրջանի համար, եւ մենք պատրաստ ենք օգնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- եզրափակեց Դուդան։
Դուդան Երեւանում անդրադարձավ նաեւ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաեւ Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ հակամարտությունների խաղաղ լուծումը առաջնահերթ է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի համար։
Այսպես, Լեհաստանը Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստակամություն հայտնեց` ընդգծելով, որ խաղաղությունը շատ կարեւոր է նաեւ եվրոպական տարածաշրջանի համար։ Բացի այդ, հունվարից Լեհաստանն է նախագահելու ԵՄ Խորհուրդը եւ Վարշավան ընդգծում է, որ ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է:
Լեհաստանը ցանկանում է քննարկումներ սկսել Եվրամիության Արեւելյան գործընկերության ֆորմատը վերականգնելու ուղղությամբ՝ այն որոշակի փոփոխությունների ենթարկելու միջոցով։ Երեւանում հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ «Վարշավան ցանկանում է վերականգնել Արեւելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները եւ ուզում է մասնակցել այդ գործընթացին»,- նշեց Դուդան։
Ապա Լեհաստանի նախագահը վստահեցրեց, որ Վարշավան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում. «Մենք ընկերներ ենք, մենք Հայաստանի բարեկամն ենք։ Մենք շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթության մեջ։ Մենք ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին ներգրավենք եվրոպական ընտանիք։ Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին», – ընդգծեց Անջեյ Դուդան։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի: Եվրամիությունից արձագանքեցին՝ յուրաքանչյուր երկիր ազատ է որոշելու՝ արդյոք ցանկանում է անդամակցել Միությանը, թե ոչ:
Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանն ու Անջեյ Դուդան կարեւորել են Հայաստանի եւ Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Նրանք ընդգծել են առեւտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էին, որ Փաշինյանն ու Դուդան անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Իսկ Փաշինյանը Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն, ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Նոյեմբերի 27-ին Անջեյ Դուդան Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում էր, որտեղ հանդիպեց Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Լեհաստանի նախագահն այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրեց` գրառում կատարելով եւ կադրեր հրապարակելով:
Ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից: Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատեց խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի 3 պահանջները, որը վերջերս Բաքվից էին գաղտնազերծել: «Մենք Ադրբեջանին ասել ենք` եկեք էդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, էն սահմանը, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա», նշել էր Փաշինյանը:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի անվտանգային խնդիրը, եւ առհասարակ, Հայաստան պետության գոյությունն ու նշանակությունն Արեւմուտքում սկսել են ավելի կարեւորել, քան հայաստանյան քաղաքական դաշտում: Մինչդեռ, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կարծես մի մթնոլորտ են ձեւավորել, որով ընտրություն անելու պահանջ են հասունացնում. ՀԱՊԿ-ի հարցում` «պետք է կողմնորոշվել` կամ-կամ»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 28.11.2024