Շեֆը վարչապետն է…
Ըստ իշխանության՝ Հայաստանում առկա բոլոր խնդիրները ենթակա են մեկ քաղաքական թիմի կամ, գուցե, մեկ քաղաքական գործչի՝ վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը երկրի «թիվ մեկ» քաղաքական պաշտոնյան է:
«Ես պատասխանատվություն ունե՞մ Հայաստանում անկախ դատական համակարգի գոյության համար։ Ինչպե՞ս ես պետք է իրացնեմ այդ պատասխանատվությունը…Եթե մարդկանց ընկալումն այնպիսին է, որ Հայաստանում անկախ դատական համակարգ չկա, արդարության եւ արդարադատության պակաս կա, մարդկանց եթե հարցնենք՝ ո՞վ է դրա պատասխանատուն ու մեղավորը, քանի՞ ԲԴԽ անդամի անուն-ազգանուն են տալու, քանի՞ դատավորի անուն-ազգանուն են տալու եւ ո՞ւմ անունն են տալու…իմ անունն են, չէ՞, տալու», անցած շաբաթ Հանրայինի եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, որ քաղաքական պատասխանատվություն կրելու զգացումով է անկախ մարմին հանդիսացող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին խնդրել՝ լքել զբաղեցրած պաշտոնը:
Վարչապետի կառավարող կուսակցությունից պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ կիրակի նույն հեռուստաընկերության եթերում վերահաստատել է իր քաղաքական առաջնորդի տեսակետը՝ հայտնելով. «Մեր ժողովուրդն ընտրում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ, նրանից է պահանջում: Նա չի խորանում: Մեր ժողովուրդը չի խորանում, որ կա իշխանության մեջ երեք ճյուղեր՝ օրենսդիր, գործադիր, դատական»:
Կարդացեք նաև
Չանդրադառնանք նրան, որ ժողովուրդը վարչապետ չի ընտրում։
Փաշինյանի ընկալումը ճիշտ է, բայց…
Ցավոք, Փաշինյանը ճիշտ է այնքանով, որ հասարակությունն ամեն ինչ իրենից է պահանջում եւ պահանջելու: Շատ երկրներում գործադիրի ղեկակարը դիտվում է որպես մի ֆիգուր, որը պետք է զբաղվի պետական բոլոր գործերով:
Սակայն վարչապետ Փաշինյանը պե՞տք է բավարարի հասարակության այն պահանջները, որոնք վարչապետի լիազորությունների եւ պետական իշխանության երեք ճյուղերի բաժանման եւ հավասարակշռման սահմանադրական նորմից դուրս են գտնվում:
Եթե ցանկանում ենք ունենալ կայացած ինստիտուտներով պետություն, ապա՝ ոչ:
Բացի այդ, մշտապես եւ միայն ժողովրդին լսելը ինքնին վտանգավոր է, քանի որ ժողովուրդը կարող է սխալվել։ Սահմանադրություն եւ պետական մարմիններ ունենալու իմաստը հենց ժողովրդական այսրոպեական իմպուլսները զսպելու եւ մեծամասնական բռնապետությունը կանխելու համար է։
Ոչ ինստիտուցիոնալ մտածողությունը
Իշխանական կուսակցությունը, որ ուժն էլ դա լինի, պետք է ունենա քաղաքական կամք անկախ դատական համակարգի առաջ մղման հարցում, բայց երբ վարչապետը, որը կուսակցական եւ քաղաքական գործիչ է, խնդրում է Սահմանադրությամբ անկախ, ապաքաղաքական պետական մարմին հանդիսացող ԲԴԽ նախագահին հրաժարական տալ, դա ոչ ինստիտուցիոնալ մտածելակերպի մասին է խոսում:
Այսինքն, բացակայում է երկարաժամկետ, ինստիտուցիոնալ մտածողությունը՝ իր տեղը զիջելով մեծ հաշվով անէական, մանր մտածողությանը։
Էլ ո՞ւմ է պետք պետական համակարգը
Իսկ եթե Փաշինյանն ու ընկերներն ընդգծում են, որ պետությունից դժգոհ մարդիկ «չեն խորանում» եւ տալու են միայն վարչապետի անունը, ապա կարելի է պարզապես լուծարել պետական համակարգը եւ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները կենտրոնացնել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում:
Քանի որ նա շատ ազնիվ, բանիմաց եւ իմաստախոհ մարդ է, նա ըստ արժանվույն կիրականցնի ամբողջ պետական կառավարումը: Բացարձակ միապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի կյանքը կդարձնի այնպիսին, ինչպիսին արդեն վեց տարի է՝ ցանկանում է դարձնե,լ բայց չի կարողանում «վատ համակարգի» պատճառով: Հարկատուների գրպանից էլ էականորեն ավելի քիչ պաշտոնյա աշխատավարձ կստանա։
Այ քեզ ժողովրդավարությո՜ւն։
Այլ խնդրանքներ
Այս հոդվածում կենտրոնացանք դատական իշխանության նկատմամբ գործադիր իշխանության ղեկավարի ոտնձգության վրա, բայց գործադիրը նաեւ ոտնձգել է օրենսդիրի նկատմամբ՝ խնդրելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին հրաժարվել պատգամավորական մանդատից:
Զեյնալյանն արդեն կատարել է Փաշինյանի խնդրանքը:
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ լրագրողներին խոստովանել է՝ «Եթե իմ առաջնորդը որոշեց, որ մանդատս պիտի վայր դնեմ՝ ես կդնեմ», մինչդեռ խորհրդարանական համակարգում հենց պատգամավորը կարող է «խնդրել» վարչապետին հրաժարական տալ։
Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու չես
Ամփոփելով՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման որեւէ նշույլ անգամ չկա Հայաստանում:
Անկախ պետական մարմինների անկախության հարցն էլ լուրջ կասկածի տակ է, քանի որ այդ մարմիններում ղեկավարի կամ անդամի կարգավիճակ ունեն իշխանության նախկին թիմակիցներ։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Փաշինյանի կառավարությունում արդարադատության նախարար էր աշխատում, հետո գործուղվեց ԲԴԽ, հիմա էլ «շեֆը» նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ շարունակում է կախված մնալ մի մարդուց: Այստեղ հաճելի կլիներ ասել, թե «այդ մեկ մարդը դու ես», բայց այդ մեկ մարդը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է՝ Հայաստանի «շեֆը»:
Նա կորոշի՝ ով լինի պատգամավոր, ով՝ չլինի, ով գլխավորի դատական իշխանությունը, ով՝ ոչ:
Իսկ թե ինչ կարող է տեղի ունենալ «շեֆի» խնդրանքն առայժմ չիրագործած եւ մանդատը վայր չդրած պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, դեռ կհասցնենք տեսնել:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2024