Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Այդ պատգամավորը հայտնվել է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այնպես որ՝ թիմն ունի այդ իրավունքը». «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2024 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

– Ներքաղաքական օրակարգի դատարկությունը Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկություններով եւ իր թիմի պատգամավորներին մանդատից զրկելով է որոշել լցնել: Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռեւս համառում է` մանդատը վայր չի դնում, իսկ Նարեկ Զեյնալյանը` ուժային կառույցների ղեկավարների նման, հլու-հնազանդ ենթարկվեց Փաշինյանին եւ մանդատը վայր դրեց: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական կյանքում:

– Հովիկ Աղազարյանի թեման ինձ համար շատ անլուրջ թեմա է, դա իրենց ներքին խնդիրն է: Ավելի կարեւոր հարց է ԲԴԽ նախագահի պաշտոնանկությունը, իսկ պատգամավորների հարցն այլ է, քանի որ քաղաքական մեծամասնությունն իր թիմակցի առջեւ կարող է նաեւ նման խնդիր դնել, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում:

– Բայց վարչապետն ի՞նչ իրավունք ունի ժողովրդի քվեն ստացած պատգամավորի ձեռքից մանդատ վերցնել:

– Կներեք, ոչ, այդ պատգամավորը հայտնվել է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այնպես որ՝ թիմն ունի այդ իրավունքը: Դա քաղաքական թիմի որոշումն է, վարչապետը համոզված է, որ իր կայացրած որոշումը թիմը պաշտպանելու է, հետեւաբար՝ սա դառնում է քաղաքական հարց:

– Ի դեպ, երբ Դուք վարչապետ էիք, լինո՞ւմ էին դեպքեր, երբ պատգամավորներին մանդատից զրկեին, ԲԴԽ նախագահ հեռացնեին:

– Պատգամավորների մասով չեմ հիշում նման բան: Պաշտոնանկություններ եղել են իմ ժամանակ, բայց՝ փաստարկված:

– Ի՞նչ դեպքեր են եղել:

– Իմ՝ վարչապետ եղած ժամանակ աշխատած, օրինակ, պետնախարարից էի շատ դժգոհ` Չիֆթալարյանից, որը դիմում գրեց ու հեռացավ: Ես ունեի կոնկրետ փաստեր, որ նա ձախողում է, ես ասացի` կա՛մ դիմում եք գրում եւ գնում եք, կա՛մ ես փաստերի հիման վրա հեռացնում եմ աշխատանքից: Կար նաեւ հացամթերումների նախարարություն: Արձանագրեցինք, որ ձախողում են աշխատանքը, ոչ ստանդարտ լուծումներ էին պահանջում, խնդիրներ առաջացան: Նախարարը չարդարացրեց իրեն, եւ ես շատ հանգիստ, նիստի ընթացքում ասացի, որ նրա կարողությունները չեն բավարարում` նրա ներկայությամբ: Նա էլ հեռացավ շատ հանգիստ: Խնդիրը, հավանաբար, այստեղ ձեւի մեջ է: Փաշինյանն ասում է, որ համակարգային փոփոխություններ են հեռացված նախարարներն արել, ամեն ինչ լավ է, բայց հանկարծ մի գիշերվա մեջ հեռացվում են աշխատանքից, այն էլ` նամակի միջոցով: Նման բան չի կարող լինել: Սա արդեն խոսում է այն մասին, որ հիմնավորումները կեղծ են: Կամ գոնե՝ համոզիչ չեն ո՛չ հեռացողների, ո՛չ էլ հասարակության համար: Կառավարումը հեշտ գործ չէ, ես եղել եմ վարչապետ, ամեն ինչ իմ կաշվի վրա զգացել եմ ու շատ բաների նայում եմ այդ կոնտեքստում: Բայց, կներեք, արդեն հանրության հանդեպ վիրավորանք է սա: Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանն առաջնորդվում է հետեւյալ մոտեցմամբ` նույնիսկ ամենանվիրված մարդիկ ինձ համար երկարաժամկետ երաշխիքներ չունեն: Հետեւաբար, անգամ նրանք պետք է մի օր հեռանան: Համատարած կոռուպցիա է, հետեւաբար՝ ով պաշտոնի նշանակվեց, քանի որ չկա երաշխիք, որ աշխատանքը երկարաժամկետ է լինելու, հնարավորիս քերթելու է: Այսինքն` Փաշինյանի գործողությունները ձեւավորում են կոռուպցիայի ռիսկեր: Նա խթանում է կոռուպցիան:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930