Ղազախստան կատարած պետական այցի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով 2024թ. նոյեմբերի 28-ին Աստանայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները: Չէ որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական պարագծի մեջ»:
Սա ՌԴ նախագահի երրորդ ուղղակի մեղադրանքն է՝ ուղղված Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար:
Մինչ այս ՌԴ նախագահը Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար Հայաստանի նախկին և ներկա բոլոր վարչակազմերին քննադատել է երկու անգամ ուղղակի, երեք անգամ անուղղակի կերպով:
Կարդացեք նաև
Այսպես, առաջին անգամ Վլադիմիր Պուտինը ուղղակի կերպով այս մասին խոսել է Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի ավարտից ութ օր անց՝ Ադրբեջան-Արցախ հակամարտության թեմայով տված հարցազրույցի ժամանակ՝ 2020թ. նոյեմբերի 17-ին, որտեղ, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի որպես անկախ, ինքնուրույն պետության ճանաչմանը կամ չճանաչմանը, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել, դա, անկասկած, էական գործոն կլիներ, այդ թվում՝ վերջերս ավարտված արյունալի պատերազմի ընթացքում։ Որովհետև Ղարաբաղի, այդ թվում՝ Հայաստանի կողմից չճանաչման բուն փաստն էապես իր հետքն է թողել իրադարձությունների ընթացքի և ընկալման վրա։
Այստեղ պետք է ուղիղ խոսել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցավոր, անկասկած, գործողություններից հետո նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հարվածները, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մենք արդարացի ենք ճանաչել Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը և այնտեղ ապրող մարդկանց՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ձգտումը, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, դա արեցինք բացահայտ։ Ոմանց դա կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այնտեղ ապրող մարդկանց շահերից և ելնելով ողջ Ռուսաստանի շահերից, և մենք չենք ամաչում դրա մասին ուղիղ խոսելուց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա չարվեց, և դա, իհարկե, էական ազդեցություն ունեցավ այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա»:
Արցախի Հանրապետությունը չճանաչելու համար Ռուսաստանի նախագահը Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա վարչակազմերին երկրորդ անգամ քննադատել է անուղղակի կերպով 2022թ. ապրիլի 26-ին Մոսկվայում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ՌԴ նախագահը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին՝ պաշտպանելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության հռչակումն ու Ռուսաստանի կողմից նրանց անկախության ճանաչումը:
Երրորդ անգամ Ռուսաստանի նախագահը կրկին անուղղակի քննադատել է Հայաստանի Հանրապետության ներկա և նախորդ բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար 2022թ. սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում տեղի ունեցած Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանում, որտեղ միջազգային իրավական ակտերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության հղմամբ Ռուսաստանի նախագահը իրավացիորեն պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը:
Չորրորդ անգամ ևս Ռուսաստանի նախագահը անուղղակիորեն քննադատական խոսք է հնչեցրել Հայաստանի նախորդ և ներկա վարչակազմերի հասցեին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար 2022թ. հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում աֆրիկյան յոթ պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում: Խոսելով ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին՝ Ռուսաստանի նախագահը ՄԱԿ-ի կանոնադրության հղմամբ հիմնավորել է Ռուսաստանի իրավացիությունը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման և նրանց հետ բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրերի ստորագրման հարցում:
Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար Վ. Պուտինը հինգերորդ անգամ ուղղակիորեն է քննադատել Հայաստանի նախորդ և ներկա վարչակազմերին՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին մասնակցելով «Վալդայ» միջազգային ակումբի 20-րդ հոբելյանական հանդիպման լիագումար նիստին։ Պատասխանելով Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին՝ ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել է. «Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչն, անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է, բայց, այնուամենայնիվ, որոշումն այդպիսին է եղել. նրանք չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը»:
Արցախի Հանրապետության անկախությունը Հայաստանի կողմից չճանաչվելու վերաբերյալ 2024թ. նոյեմբերի 28-ին Աստանայում հնչեցրած հայտարարությամբ ՌԴ նախագահն ընդհանուր հաշվով վեցերորդ անգամ իրավացիորեն քննադատել է Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերի որդեգրած անհեռատես քաղաքականությունը:
Իսկ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն վեց հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:
Այսպես, առաջին հարմար հնարավորությունը եղել է 1991թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ազդարարելով նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի անկախության իրավական գործընթացի մեկնարկի մասին, որին ի պատասխան Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ:
Երկրորդ հարմար հնարավորությունը եղել է մինչև 1994թ. մայիսի 9-11-ը հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումը, երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը չէր դադարեցնում ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի մոտավորապես 9%-ը:
Երրորդ հարմար հնարավորությունը եղել է 2016թ., երբ նույն թվականի ապրիլի 2-ին օկուպանտ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, երկրորդ անգամ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության դեմ և մինչև ապրիլի 5-ը չի դադարեցրել ռազմական գործողությունները:
Չորրորդ հարմար հնարավորությունը եղել է 2020թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ակտի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների օգնությամբ երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և մինչև նույն թվականի նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի ևս, մոտավորապես, 75%-ը:
Հինգերորդ հարմար հնարավորությունը եղել է 2023թ., երբ նույն թվականի ապրիլի 23-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին» եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) հայտարարությունը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող ճանապարհահատվածում՝ Հակարիի կամրջի մոտ, տեղադրել է ապօրինի հսկիչ անցագրային կետ և ինը ամիս շրջափակման մեջ պահել արցախահայությանը՝ ենթարկելով ցեղասպանության:
Վեցերորդ հարմար հնարավորությունը կրկին եղել է 2023թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 19-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:
Ցավոք, բոլոր վեց հարմար հնարավորություններն էլ Հայաստանի Հանրապետությունը բաց է թողել օրվա իշխանության քաղաքականապես անհեռատես և անհիմն հաշվարկների արդյունքում:
Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա բոլոր վարչակազմերը հայտարարում էին և հայտարարում են, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա կհանգեցնի պատերազմի ընդդեմ Ադրբեջանի, քանի որ դրանով Հայաստանը կհամարվի ագրեսոր և այլն:
Ժամանակը ցույց տվեց, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա բոլոր վարչակազմերի մոտեցումները քաղաքականապես սնանկ են և հիմնազուրկ:
Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել և շարունակում են թույլ տալ՝ չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս:
Համոզիչ չէ Արցախի Հանրապետությունը չճանաչելու մասին ցանկացած փաստարկ, ում կողմից էլ այն կներկայացվի: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը՝ այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, գրեթե անհնար է ակնկալել, որ այն կճանաչվի որևէ երրորդ պետության կողմից:
Արցախի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերի Արցախ վերադարձը և Արցախի Հանրապետությունում երաշխավորված, անվտանգ, ապահով կենսագործունեությունն արդյունավետ կերպով ապահովելու համար Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է, որին կարելի է հասնել նաև Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվելու պարագայում: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հասնելու հնարավորություններից մեկը Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն է:
Իսկ մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները:
Այսպես, 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան «…վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»:
Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Արցախի հայությունն անթերի կերպով իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, վաղուց հարկն է, որ այդ իրավունքի իրացման փաստը ճանաչվի միջազգայնորեն:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ