Եվրախորհրդարանը այսօր կոչ է արել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների միջազգային անկախ հետաքննություն կազմակերպել։ Այս կոչով բանաձևն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում։
Ներկայացված նախագծին կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 444, դեմ՝ 72 պատգամավորներ։
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ «միջազգային վերահսկողության ներքո»։
Իշխող «Վրազանք երազանքն» այդ ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների շուրջ 54 տոկոսը։
Կարդացեք նաև
Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի, այսօր վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Թբիլիսիում հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
«Որոշել ենք մինչև 2028-ի վերջը ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկի հարցը չընդգրկել մեր օրակարգում»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Թբիլիսիի համար «բացարձակապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն, որը Եվրամիությունը պետք է տա մեզ»։
«Նաև, մինչև 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից։ Մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները և վարկերը օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով»,- հավելել է նա։
Ավելի վաղ Եվրախորհուրդն ինքը հայտարարել էր, որ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը փաստացի դադարեցվել է իշխող «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով։
Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերով են ընդունել վարչապետի հայտարարությունը, թե Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի։
Թբիլիսիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ ինքնաբուխ հավաք է սկսվել։
Ցուցարարները նշում են, որ այս որոշումը դավաճանություն է երկրի շահերին և Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է եվրաինտեգրման ցանկությունը։ Նրանց կարծիքով՝ նման գործողությունները վտանգում են Վրաստանի ապագան և ոչնչացնում Եվրոպայի հետ մերձեցման երկարամյա ջանքերը, հաղորդում է Эхо Кавказа-ն։
Ցուցարարներ են հավաքվել նաև Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։
Ակցիաներ են այլ քաղաքներում ևս՝ Բաթումում, Քութաիսում, Զուգդիդիում։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմությանը միասնության կոչ է արել՝ հայտարարելով, որ «այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին»։
«Ազատություն» ռադիոկայան