«Ամերիկայի ձայն». Վերջին 30 տարիների ընթացքում Ուկրաինայի բնակչությունը կրճատվում է, և պաշտոնյաները նշում են, որ Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի հետևանքով այդ անկումը արագացել է:
Նինա Մարինենկոն և Արտեմ Մարինենկոն, որոնք մոտավորապես իրենց 20-ականների վերջում են, ապրում են Կիևում՝ իրենց երկու շների հետ։ Նրանք ամուսնացել են 2022 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ինը ամիս անց։
Զույգը երազում է ծնող դառնալու մասին, բայց նրանք ասում են, որ պատերազմը բերում է անորոշություն և վտանգներ, որոնք վախեցնում են նրանց:
«Պատերազմի համատեքստը ստիպում է մտածել բոլորովին այլ բաների մասին։ Մտածում եմ, թե ինչպես եմ պատկերացրել հղիությունը խաղաղության ժամանակ և ինչպես կլինի այն պատերազմի ընթացքում։ Սա ինձ շատ է մտահոգում»,- ասում է Նինան։
Կարդացեք նաև
Նինան անհանգստացած է ոչ միայն անվտանգության, այլև Ուկրաինայում կենսապայմանների պատճառով։
«Ես արդեն իմ կյանքի այն փուլում եմ, երբ հնարավորինս պատրաստ եմ [երեխա ունենալ], սակայն պատերազմը կարևոր գործոն է, որը խանգարում է ինձ»,- ասում է Նինան։
Ուկրաինայի կառավարությունը նշում է, որ պատերազմի ընթացքում երկրի ծննդաբերության մակարդակը նվազել է 30 տոկոսով՝ 2021 թվականի 130 հազարից հասնելով մինչև 86 հազարի 2023-2024 թթ.-ի ընկած ժամանակահատվածում։
Ուկրաինայի Դեմոգրաֆիայի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Օլեքսանդր Հլադունն ասել է «Ամերիկայի ձայնին», որ 2022 թվականի սկզբին երկրի բնակչությունը կազմում էր 42 միլիոն։ Այս տարի, նրա խոսքով, այդ թիվը նվազել է մինչև 35 միլիոն։
«Մեր ինստիտուտի կողմից մշակված դեմոգրաֆիկ իրավիճակի կանխատեսումը բավականին բացասական է։ Հնարավոր է, որ 15 տարվա ընթացքում մենք 10 միլիոնով ավելի պակասենք։ Մենք մշակում ենք տարբեր սցենարների վրա հիմնված կանխատեսումներ»,- պնդում է Դեմոգրաֆիայի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Օլեքսանդր Հլադունը
Հլադունն ասում է, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է հրատապորեն զբաղվի այս հարցով։ Նա հիմնական խնդիրը համարում է տնտեսական անորոշությունը։
Խնդիրը լուծելու համար Ուկրաինայի կառավարությունն այս տարի հաստատել է դեմոգրաֆիկ զարգացման ռազմավարություն, որը նպատակ ունի բարելավել տնտեսական և սոցիալական պայմանները։ Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ծննդաբերության մակարդակը, նվազեցնել մանկական մահացությունը և խթանել պատերազմի ընթացքում այլ երկրներ տեղափոխված ուկրաինացիների վերադարձը։
Կիևի առաջատար ծննդատներից մեկի մանկաբարձ Տետյանա Նարիտնիկը նշում է, որ իր շատ հիվանդներ այժմ ներքին տեղահանված անձինք են։
«Այս կանայք իրենց հղիության ընթացքում ունեն որոշակի բարդություններ՝ կապված սթրեսային գործոնների հետ։ Նրանցից շատերն ի վիճակի չեն եղել այցելել ծննդատուն, տեսնել բժշկին և անցնել որոշակի հետազոտում և խորհրդատվություններ»,- ասում է մանկաբարձ Տետյանա Նարիտնիկը։
Անաստասիան վերջերս է ունեցել Օլիվիա անունով երեխա։ Ամուսնու և մեծ որդու հետ միասին նա փախել է 2022 թվականի հունիսից ռուսական ուժերի կողմից օկուպացված Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկ քաղաքից։ Երկրորդ երեխան ընտանիքի երկարատև երազանքն էր։
Անաստասիան որոշեց չսպասել։
«Պատերազմն ինչ-որ պահի կավարտվի, իսկ երեխաները մեր երջանկությունն են։ Ինչո՞ւ ոչ։ Երբ, եթե ոչ հիմա»,- ասում է Անաստասիան։
Նինան և Արտեմն այնքան էլ չեն կիսում Անաստասիայի և նրա ամուսնու վստահությունն ու լավատեսությունը։
«Մեր օրերում միայն անխոհեմ կամ հուսահատ մարդիկ են երեխաներ ունենում։ Դե, գուցե մենք [մեկ օր] ընկնենք այդ կատեգորիաներից մեկի մեջ»,- նշում է Արտեմը։
Շատ երիտասարդ զույգեր, ինչպես Նինան և Արտեմը, գտնվում են երկընտրանքի առջև՝ մտածելով՝ արդյոք նրանք պետք է կազմեն ընտանիքներ այս պահին, թե սպասեն ավելի լավ ժամանակների կամ ընդհանրապես հրաժարվեն այդ մտքից։