Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հայկական ֆիլմեր է գրաքննում․ Ինչո՞ւ ԱԳՆ-ն բան չի անում

Նոյեմբեր 28,2024 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայկական սադրանքը խափանվել է», «Կասեցվել է հայկական սադրանքը Մարոկկոյում»։ Այս վերնագրերն է դրել ադրբեջանական մամուլը հայկական ֆիլմը Մարոկկոյի փառատոնից հանելու առիթով։ Անգլերեն, ռուսերեն, տասնյակ լրատվամիջոցներով։

Շուշիի մասին Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» 11 րոպեանոց խաղարկային ֆիլմը հանվեց Ագադիր քաղաքի Issni Nurgh միջազգային ֆիլմերի փառատոնից՝ Ադրբեջանի դեսպանատան սպառնալիքների տակ։

Երկու ամիս անց Ադրբեջանը Հորդանանին պարտադրեց հետ կանչել Արցախի մասին Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմը։ Հորդանանը հետ կանչեց։

Ադրբեջանի սպառնալիքների հիմքում եղել է այն, որ այս ֆիլմերը նրա տարածքային ամբողջականությանը հակասում են։

Սրանից պետք է հետևի, որ փառատոները չպետք է ֆիլմեր ընդունեն, որոնք Պաղեստինի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Թայվանի, Քաշմիրի և այլ հակամարտությունների մասին են։

Մյուս կողմից ֆիլմերը ոչ թե ընտրվում են պետությունների քմահաճույքներից ելնելով, այն էլ բռնապետական, այլ ֆիլմի որակից, և ֆիլմերը ոչ թե պատասխանատու են պետությունների քաղաքականությունների համար, այլ բարձրաձայնում են հակամարտություններից առաջացած խեղված ճակատագրերի՝ ֆիլմի սյուժե դարձած կյանքերի մասին։ Ֆիլմն է նրանց լեզուն՝ կողպված բերանի։

Սա կարող ենք մեր մեջ քննարկել, հոդվածներ գրել, բայց էական հարցն է՝ իսկ ի՞նչ է արել Հայաստանը, որ կանխի հայկական արտադրության կամ հայերի մասին ֆիլմերը պաշտպանելու համար։

Ի՞նչ է արել արտաքին գործերի նախարարությունը որպեսզի մեզ պաշտպանի խտրականությունից և մեր ազատ արտահայտման իրավունքը ճնշելուց։

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը տվել է այս հարցը արտաքին գործերի նախարարությանը, փորձելով նաև պարզել, թե արդյոք հիմա որևէ քայլ ձեռնարկելու են։

«Ռեժիսորները մեզ չեն դիմել»։ Երկու ֆիլմերի համար էլ պատասխանն այս է եղել ԱԳՆ-ից։ Բայց անելո՞ւ են ինչ-որ բան։ Երկու դեպքում էլ պատասխան չկա։

Ըստ այս գերատեսչության իրեն պետք է դիմեն, որպեսզի նա իր գործառույթները կատարի, հակառակ դեպքում որևէ պաշտպանություն մի ակնկալեք։

Արդյո՞ք ԱԳՆ-ն չի հասկանում, որ ոչ թե անձնապես Կատյա Սպիվակովայի և Սարին Հայրապետյանի դեմ են եղել այս ոտնձգություններն, այլ Հայաստանի, հայերի, այդ թվում՝ ԱԳՆ-ում աշխատողների։

Գրաքննելով կին ռեժիսորների ֆիլմերը՝ ոտնահարվել են հայերի իրավունքները, որովհետև ֆիլմերը թռչունների և ծաղիկների մասին չեն, այլ հայերի։ Ադրբեջանը որպես ֆիլմ չի այն գրաքննել, այլ որպես նյութ, որը վերաբերում է իր կողմից զրկանքների ենթարկված մարդկանց։

Եվ քանի դեռ ԱԳՆ-ն սպասելու է, որ իրեն դիմեն տուժելուց, Ադրբեջանը շարունակելու է այս միտումը։ Ադրբեջանին ոչ ոք չի դիմում հայկական ֆիլմերը գրաքննելու համար, անում են նրանք ըստ պահանջի։

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ինքնավստահություն ձեռք բերած, այս փորձը կիրառելու է այլ միջոցառումներում՝ մեր մշակույթը կոչելով «սադրանք» և ամենուր իր բռնապետական ձեռքը մտցնելու է՝ զրկելով ռեժիսորին բարձրաձայնել այն մարդկանց փոխարեն, որոնց ձայները լռեցվում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի արցախաֆոբ կառավարության կողմից, իսկ ԱԳՆ-ն չի գործածելու հայկական ներուժը, իր կապերը, գիտելիքները, միջազգային և տեղեկան մամուլը սրա դեմն առնելու համար, որովհետև իրեն չեն դիմել։

Արդյո՞ք Արտաքին գործերի նախարարությունը նաև սպասում է, որ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ճարտարապետ Հրաչյա Գալստյանը դիմի իրենց, որ զբաղվեն եկեղեցին Ադրբեջանի կողմից ավերելու հարցով, իսկ 19-րդ դարի Ղազանչեցոցը պղծելու և նույն դարի Կանաչ ժամը վերացնելու հարցով նույնպե՞ս եկեղեցիների ճարտարապետները պետք է դիմեն։

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ Պապիկ) արձանի քանդակագործ, լուսահոգի Սարգիս Բաղդասարյանը հիմա՞ պետք է դիմի ԱԳՆ-ին, թե՞ ջարդուխուրդ անեն արձանը՝ հետո։

Արտաքին գործերի նախադրությունը բացի իր գոյության պատճառի առաքելությունից, այն է՝ հայերի շահը պաշտպանելը, նաև օրենքով է պարտավորված միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ ներկայացնել ու Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանել։

Եվ, բնականաբար, դա ոչ թե արվում է տուժած ռեժիսորի դիմումի համաձայն, այլ ֆիլմը Ադրբեջանի կողմից գրաքննելու արդյունքում տուժած երկրի շահերը պաշտպանելու անհագ ցանկությունից, անհրաժեշտությունից և պարտականությունից։ Տուժած երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի պետական լեզվով ու որի քաղաքացիների մասին ֆիլմը հեշտությամբ հանվել է միջազգային փառատոնից և հեղինակավոր մրցանակաբաշխությունից՝ չարժանանալով որևէ դիմադրության։

Այս պայմաններում մնում է, որպեսզի արվեստագետները մշակույթի գործիչներն իրենք դառնան արտաքին գործերի նախարարություն՝ պաշտպանելով իրար, ազատ արտահայտման և Հայաստանի քաղաքացիների ու հայերի իրավունքները, որովհետև դա մի բան է, որն արվում է առանց դիմումի։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930