Aravot.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 6-ից 15-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը տեղեկացրել էր, որ դեռեւս միայն 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանն է մրցավայր մեկնողների ցուցակում: Իսկ թե կլինի՞ արդյոք երկրորդ կամ երրորդ մասնակիցը, մարզչական շտաբը կորոշի միայն հավաքի հրավիրված մարզուհիների համար կազմակերպվելիք փորձամրցման ժամանակ գրանցած արդյունքներով:
Այսօր պարոն Ներսիսյանը հայտնեց, որ Ալեքսանդրային կընկերակցի Տաթեւ Հակոբյանը, որը հանդես կգա 87 կգ քաշային կարգում: Մասնագետը ձեռնպահ մնաց մեր աղջիկներից ակնկալիքների մասին խոսելուց՝ նշելով, որ Մանամայի մրցահարթակում շատ մեծ մրցակցություն է սպասվում եւ յուրաքանչյուր քաշային կարգում հայտագրված է մոտ 20-30 ուժեղ մարզիկ, ապա նաեւ, որ սա նաեւ մրցահարթակն զգալու կարողությունը չկորցնելու լավ հնարավորություն է եկող տարի գարնանը մեկնարկող Եվրոպայի առաջնության համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ