Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողական համայնքը շարունակում է սթրեսածին մեդիաբովանդակության հետ առնչվել․ կարևոր են հոգեկան առողջության աջակցման մեխանիզմները»․ Սեդա Մուրադյան

Նոյեմբեր 28,2024 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ցավոք, վերջին տարիներին լրագրողական համայնքն ուղիղ է առնչվել տրավմատիկ իրավիճակների՝ լուսաբանել պատերազմ, հետպատերազմյան իրավիճակ, տեղահանում և շարունակում է լուսաբանել։ Շարունակում է այդ սթրեսածին մեդիաբովանդակության հետ առնչվել»,-«Մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեկան առողջության ապահովման և զարգացման կարևորությունը» թեմայով համաժողովի ժամանակ փաստեց Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախագահ Սեդա Մուրադյանը։

Նա կարևորեց մեդիահամայնքում համախոհներ գտնելը, որոնք կարևորում են հոգեբանական առողջությունը և պատրաստ են որոշակի գործողություններ, փոփոխություններ նախաձեռնել։

Համաժողովը կազմակերպվեց Հանրային լրագրության ակումբի և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի կողմից։ Այն անցկացվում է «Ինտերնյուսը Հայաստանում» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԼԱ-ն, կարևորելով հայաստանյան մեդիայի աշխատակիցների հոգեբանական բարեկեցությունն ու առողջ մասնագիտական միջավայրի առկայությունը, անվճար հոգեբանական խորհրդատվություններ է առաջարկում Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչներին Ծրագրի շրջանակներում «Հոգեբանների հայկական գիտական միավորում»-ն իրականացրել է հետազոտություն գնահատելու արտակարգ իրավիճակներ լուսաբանող հայաստանյան լրագրողների սոցիալ-հոգեբանական կարիքները։

«Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի նախագահ Դավիթ Ամիրյանը լրագրողական համայնքի հետ համագործակցության մասին ասաց․ «Սա մեզ իսկապես հնարավորություն է տալիս շատ ավելի մասնագիտական մակարդակում խոսել այլ պրոֆեսիոնալ համայնքի հետ և կարողանալ ուժերը միավորել»։

Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյն ասաց՝ ցավալի է տեսնել, որ աշխարհում բազմաթիվ լրագրողներ լքում են մասնագիտական դաշտը․ «Խնդիրն այն է, որ իրենց լուծումը չեն գտել որոշակի խնդիրներ՝ տրավմաներ և հոգեբանական խնդիրներ։ Եթե տրավմաները, որոնք անձը ստացել է, մնում են չփաստագրված, դրանք մասնագիտական այրումների պատճառ են դառնում։ Դրա պատճառով պրոֆեսիոնալ լրագրողները թողնում են դաշտը, փորձում գտնել այնպիսի աշխատանք, որտեղ սթրեսի մակարդակը ցածր է։ Սրա պատճառով տուժում է մեդիադաշտը»։

Ճգնաժամային հաղորդակցության միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը կարևորեց՝ ոչ միայն հոգեբանական աջակցություն ցույց տալը տրավմատիկ իրավիճակներ լուսաբանելող լրագրողներին, այլև նախապես լրագրողին պատրաստել, թե նա ուր է գնում, ինչի կարող է հանդիպել, և ինքն իրեն ոնց պետք է պահի, ինչպես հաղթահարի հերոսության և վախի մթնոլորտը։

Հղում կատարելով Սպիտակի երկրաշարժի ժամանակ նաև իր փորձին՝ Նիկոլայ Գրիգորյանը նշեց․ «Չգիտեինք՝ ինչը կարելի է ցույց տալ․ ցույց էինք տալիս դիակներ, լացող երեխեք, ցույց էինք տալիս այն բոլորը, ինչ մարդուն մղկտացնում է, բայց գործողության չի մղում, որը չի բարելավում իրավիճակը։ Երբ հիմա քննարկում ենք այս հարցը, ուզում եմ նաև հակառակ կողմից գանք․ ոչ միայն հոգեբանական աջակցություն տրամադրենք լրագրողներին հետո, այլ լրագրողը  պետք է նախապես պատրաստվի, պետք է առաքելության զգացողություն ունենա։ Լրագրողներին պետք է ուսուցանել՝ չնույնականացվել զոհի և մնացածի հետ, ինչը մեր բոլորի կարևորագույն խնդիրն է։  Ինքն այդ դիակը, ցավը, դարդը, տանում է իրենց տուն, բայց պետք է թոթափի, որ հաջորդ անգամ թարմ գա ու այդ լուրը մատուցի հանրությանը»։

Սեդա Մուրադյանը տեղեկացրեց՝ պատրաստվել է Հայաստանի մեդիա կազմակերպություններում հոգեկան առողջության և բարեկեցության պաշտպանության և զարգացման ապահովմանն ուղղված ուղեցույց․ «Այն կներկայացնենք նաև Դիտորդ մարմնին, և դրանից հետո հնարավորություն կլինի այս ուղեցույցը տարածել մյուս գործընկերների շրջանում՝ արդեն որպես փաստաթուղթ առաջարկել ներդնել ԶԼՄ-ներում։ Մենք փորձում ենք նաև իրականացնել իրազեկման արշավ և որոշ մեդիապրոդուկտներ ենք ստեղծել։ Այս հարցում մեզ օգնում են մեր գործընկերները՝ հոգեբանները, լրագրողները, մեդիաբովանդակություն ստեղծողներ։ Շատ կարևոր է իրազեկումը, երկխոսությունը, որպեսզի ԶԼՄ-ներում ներդրվեն աջակցության մեխանիզմներ։ Կան տարբեր ձևաչափեր, որ նկարագրված են ուղեցույցում»։

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի՝ լրագրողների հոգեկան առողջության խնդիրը պետք է բոլորիս մտահոգության առարկան դառնա․ «Այն ոչ ֆորմալ կոալիցիան, որը գոյություն ունի լրագրողական կազմակերպությունների շրջանակում, պետք է ակտիվ նաև աջակցի այս հարցին, ինչպես օրենսդրության բարեփոխումները, ինքնակարգավորման գործընթացները, լրագրողների իրավունքների պաշտպանությունը դարձավ մեր բոլորի հետաքրքրության առարկան, այնպես էլ լրագրողների հոգեկան առողջության խնդիրը պետք է բոլորիս մտահոգության և գործողությունների առարկա դառնա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930