Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական խնդիրը, որ դնում եմ պարոն Հակոբյանի առաջ՝ հետևյալն է. պոզիտիվ բովանդակությունը պետք է ճիշտ կառավարվի և այդ պոզիտիվ հարթության վրա մենք պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը». Փաշինյան

Նոյեմբեր 28,2024 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի այսպիսի նրբության վրա բոլորի ուշադրությունը հրավիրել. հատկապես վերջին շրջանում ես շատ եմ ընդգծում պետական բյուջեի՝ որպես ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեի հայեցակարգի հատվածը, և իհարկե, այս պրոցեսի հետ ՊԵԿ-ը և նրանում տեղի ունեցող փոփոխությունները, բարեփոխումները շատ էական դեր ունեն, որովհետև մեր ընկալումը հենց ընտանեկան բյուջեի տրամաբանության մեջ հետևյալն է. ՊԵԿ-ն ուժային պատժիչ կառույցից քայլ-քայլ պետք է վերածվի ծառայություններ մատուցող կառույցի, ինչը պարոն Բադասյանի պաշտոնավարման ընթացքում էականորեն տեղի է ունեցել: ՊԵԿ-ից Քննչական վարչության տեղափոխումը Քննչական կոմիտե այս տրամաբանությունն ունի, նաև տնտեսվարողների համար հարկերի վճարումը՝ որպես ծառայություն առավել հարմարավետ դարձնելու, տնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու առումով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էդուարդ Հակոբյանին և մաղթել հաջողություն ՊԵԿ նախագահի պաշտոնում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պրոցեսների ժառանգականությունը կապահովվի: Երկրի ղեկավարը նկատել է, որ Հակոբյանը վերջին երկու տարիներին աշխատել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում և ուղիղ առնչություն ունեցել ՊԵԿ-ի հետ աշխատանքի, քաղաքականությունների մշակման հետ: «Քաղաքական խնդիրը, որ դնում եմ պարոն Հակոբյանի առաջ՝ հետևյալն է. պոզիտիվ բովանդակությունը պետք է ճիշտ կառավարվի և այդ պոզիտիվ հարթության վրա մենք պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը՝ ոչ մի րոպե չշեղվելով բարեփոխումների օրակարգից և չմոռանալով, որ բարեփոխումների առանցքային նպատակը պետական եկամուտներն ապահովելն է, ինչն ակնհայտորեն ՊԵԿ-ի և, ընդհանրապես, Կառավարության առաջնային խնդիրն է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում փողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա, այդ թվում՝ փողի հետ հարաբերությունների: Վարչապետն արձանագրել է, որ փողը ոչ ավել, ոչ պակաս կառավարման գործիք է և պետք չէ փողի նկատմամբ ոչ նեգատիվ վերաբերմունք ձևավորել և ոչ էլ հակառակը՝ պաշտամունք ձևավորել: «Բայց մյուս կողմից՝ պետք է մի բան արձանագրել. ի՞նչ է նշանակում՝ պետությունը զարգացած է, թե ոչ: Ամենատեսանելի ցուցիչն այն է, թե երկրում որքան փող է գեներացվում: Ինչո՞վ է Կառավարությունը տարբերվում այլ խումբ մարդկանցից, ընդամենը մի բանով. պարզ է՝ օրենսդրության և այլ հանգամանքների բերումով երկրում ամենամեծ դրամական միջոցները կառավարելու հնարավորությունն է, եթե օրինակ՝ երկրում լինի ավելի մեծ դրամական միջոցներ կառավարելու հնարավորություն ունեցող խումբ՝ Կառավարությունը և պետությունը՝ որպես այդպիսին, անխուսափելիորեն կգնա դեպի անկման: Սրանք, իհարկե, հայեցակարգային ձևակերպումներ են, բայց կարծում եմ՝ այս նրբությունները շատ կարևոր են մեր ամենօրյա աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է երկրի ղեկավարը:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին անցած տարիների ընթացքում ՊԵԿ առաջնորդությունն իրեն վստահելու համար և նշել, որ համակարգը վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել՝ հարկային, մաքսային ծառայությունների թվայնացման, դրանք հարկ վճարողներին ավելի հասանելի դարձնելու, մաքսային համակարգում երկար տևող բյուրոկրատական պրոցեսները կրճատելու առումով, ինչը նաև ազդեցություն է ունեցել կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման տեսանկյունից: «ՊԵԿ-ում ներդրվել է բարեվարքության համակարգ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, որ կուզեի շեշտել, այն է, որ ՊԵԿ-ը, ինչպես հարիր է հարկային և մաքսային մարմիններին, սկսել է միջազգային ստանդարտներին համահունչ ընթանալ»,- ասել է Բադասյանը և Էդուարդ Հակոբյանին մաղթել  հաջողություններ:

Իր հերթին Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, ինչպես նաև ՊԵԿ գործընկերներին՝ վերջին տարիների ձեռքբերումների համար: «Մենք պետք է մեծ տեմպ հաղորդենք բարեփոխումների ընթացքին: Պատրաստ եմ իմ ողջ ներուժը ներդնել՝ դրանք առաջնորդելու, հասարակություն-ՊԵԿ կապն ամրապնդելու գործում, հարկ վճարելու մշակույթը մոտեցնելու պետականամետության կարևոր արժեքներին»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930