Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ին» կրակված պարկուճները փոխելու փաստերը Ռոբերտ Քոչարյանը համարում է միֆոլոգիայի ժանրից

Նոյեմբեր 28,2024 18:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտումներ թույլ տալ: Սա մի խայտառակություն է: Փաստաբանների հետ կատակում էինք, ասում էինք՝ սա իրավաբանության խոշտանգում էր»,- Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ դատական նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց այս գործով Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը այս գործով նիստի ընթացքում փոխեց Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին վերագրվող արարքի իրավական գնահատականը՝ նոր մեղադրանք առաջադրելով 2003-ի ապրիլին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այն համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածին:

Անդրադառնալով իրեն առաջադրված նոր մեղադրանքին՝ Ռոբերտ Քոչարյանն այն որակեց որպես հեքիաթ․ «Էդ հեքիաթը լսե՞լ եք: Չեմ ուզում իրավական հարցերի մեջ խորանալ, բայց օրինակ ասում են՝ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին, ինչո՞ւմն է ապօրինությունը: Այդ հրամանագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Ասում են՝ իրավունք չուներ տալ հրամանագիր: Եթե դատախազը իրավաբանությունից գոնե մի քիչ բան հասկանար, կբացեր Սահմանադրությունը. անցումային շրջանում գրված է, որ մինչեւ օրենքի ընդունումը՝ հրամանագրով նախագահը իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն: Ինչ էին ասում, քանի որ չկա օրենք, իրավունք չուներ մտցնել»:

Քոչարյանին հարց տրվեց՝ իսկ 2008 թվականի մարտի 1-ին Արցախից զորք բերե՞լ է, ինչպես այսօր դատարանում ներկայացրեց հանրային մեղադրողը, ի պատասխան ասաց. «Քովիդի ժամանակ արտակարգ դրություն էր մտցվել, չէ՞: Ռազմական ոստիկանությունը ուղղակի մասնակցում էր արտակարգ ռեժիմի իրականացմանը: Ռազմական ոստիկանությունը Պաշտպանության նախարարության ստորաբաժանում է: Ռազմական ոստիկանը նույն զինծառայողն է: Քովիդի ժամանակ բազմաթիվ կադրեր կան՝ ռազմական ոստիկանը իրականացնում էր նաեւ այդ ռեժիմը»:

Լրագրողի դիտարկմանը, թե ասում են՝ կրակել են զինծառայողները, պարոն Քոչարյանն արձագանքեց. «Ահ, սուտ են ասում»:

Մեկ այլ հարցի՝ որ եթե սուտ են ասում, ինչպե՞ս այդքան մարդ մահացավ, ո՞վ կրակեց ու ինչո՞ւ փոխվեցին պարկուճները, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Բազմաթիվ տեսանյութեր էին նաեւ պտտվում՝ ոնց են ցուցարարների միջից ավտոմատով կրակում դեպի ոստիկանական շարքեր: Չե՞ք տեսել, ես կառաջարկեմ այդ տեսանյութերը թարմացնել»:

Ճշտող հարցին, արդյոք զինծառայողները կրակել էին, իսկ եթե չէին կրակել, ինչու էին փոխվել պարկուճները, պարոն Քոչարյանն ասաց՝ իրեն այդ փաստը հայտնի չէ. «Այդ պարկուճների փոխելը միֆոլոգիայի ժանրից է»:

Ըստ նրա՝ մարտի 1-ին արտակարգ դրությունը մտցվել է, երբ մենք արդեն ունեցել ենք ոստիկանական զորքերից մոտ 20 վիրավոր: Ըստ նրա՝ առաջին վիրավորները ունեցանք կեսօրին եւ մի քանի հրկիզված ոստիկանական մեքենա: Ապա հավելեց՝ արտակարգ դրություն մտցնելու հանգամանքը ամբողջովին հիմնավորված է:

Հարցին, թե ի վերջո Երեւանի կենտրոնում մահացավ 10 մարդ, դուք որպես նախագահ քաղաքական պատասխանատվություն կրո՞ւմ եք, Քոչարյանը պատասխանեց. «Չի կարող լինել ղեկավար, որի համար դա շատ մեծ տհաճություն չլինի: Իհարկե, լավ չէ: Այդ հարցը պետք է տալ նաեւ այն մարդկանց, որոնք այդ բախումները հրահրել են: Վիրավորված ոստիկանների քանակը կրկնակի, եռակի ավելի էր, քան ցուցարարներինը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930