Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդի գյուղի հայրենագիտության դասասենյակը ՀՀ Զինված ուժերում ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով կոչելուն:
Փաշինյանը զայրացել է, որ սա տեղի է ունեցել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ու բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ գլխավոր շտաբի պետն ընդհանրապես տեղյակ չեն։ Տեղյակ չեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները։
Վարչապետը հանձնարարել է չեղարկել այդ որոշումը, ըստ նրա՝ բազմիցս է խոսել այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխան։
Կարդացեք նաև
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում կան տասնյակ գեներալներ, կան տասնյակ գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ, նման քայլով դպրոցը դարձնում են մրցակցության առարկա, թե որ դասասենյակը՝ ում անունով կոչեն, և սա այն դեպքում, երբ ԿԳՄՍ-ն դպրոցների անվանակոչության չափորոշիչներ է սահմանել։
Նա դիտողություն արեց ու խիստ նկատողություն տվեց Շիրակի մարզպետին ու գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին։
«Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, կա պետություն և ապապետություն։ Ես թույլ չեմ տա որևէ մեկը, առավել ևս պետական պաշտոնյան ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի, հետևանքները կլինեն համապատասխան»,- նախազգուշացրեց վարչապետը։
Շիրակի մարզպետն ընդունեց նկատողությունը՝ պարզաբանելով, որ անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով՝ ծնողխորհրդի, մանկավարժական խորհրդի և տնօրինության։ Սա ավելի հունից հանեց Նիկոլ Փաշինյանին, որը կոպիտ ձևով ընդհատեց Մուշեղ Մուրադյանին՝ ասելով․ «Գյուղի բնակիչներն էլ դարդ չունեին, հա՞»։ Նա խոստացավ անձամբ լինել Վահրամաբերդում ու ստուգել մարզպետի ասածը։
«Էդ ինչ վիճակ եք ստեղծել Վահրամաբերդում, որ Վահրամաբերդի բնակիչները ո՛չ պրոբլեմ ունեն, ո՛չ խնդիր ունեն, ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ ունեն, իրենց միակ խնդիրը դասարանն անվանակոչելն է, դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար»,- զայրացած ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Քանի որ Մուշեղ Մուրադյանը վկայակոչել էր դպրոցի տնօրինությանը՝ որպես նախաձեռնողներից մեկը, Aravot.am-ը կապ հաստատեց Վահրամաբերդի դպրոցի տնօրեն Լիլիա Գասպարյանի հետ, որը, սակայն, հրաժարվեց որևէ բառ ասել՝ պատճառաբանելով, որ հարցերին չպատասխանելը իր իրավունքն է։
Խուսափողական պատասխան հնչեցրեց նաև գյուղի վարչական ղեկավար Սարո Հովհաննիսյանը, որն ասաց, թե այդ հարցը իր տիրույթում չէ, դպրոցը Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ է, հետևաբար և թող մարզպետարանից մեկնաբանեն։ Մեր ճշտող հարցին, թե վահրամաբերդիցնե՞րն են պահանջել, որ դասասենյակն անվականոչվի գեներալի անունով, վարչական ղեկավարը դարձյալ խուսափեց այս հարցին ուղիղ պատասխանել, միայն նշեց, որ գեներալը Վահրամաբերդից է։
Նշենք, որ դասասենյակը կոչվել է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունով։ Նա զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնը, մինչ այդ եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Արշակյանը, որը հարևան Մարմաշեն գյուղից է, գեներալին բնութագրեց այսպես․ «Նա բացառիկ հարգանք է վայելում, կռվող, հայրենասեր, զինվորի, հայրենիքի, հայի համար հոգի տվող անձ է։
Տարբեր զորամասերում հրամանատար է եղել ու շատ խիստ հրամանատար, այնտեղ, որտեղ զգացել են անկառավարելի իրավիճակ է՝ նրան են նշանակել։ Չգիտեմ՝ ինչո՞ւ են այդքան ծանր տարել Սմբատ Գրիգորյանի անունով դասասենյակ անվանակոչելը, գուցե չափից ավելի հայրենասեր է, դրա համա՞ր»։
Մեր դիտարկմանը, թե գուցե պատճառը նաև այն է, որ կենդանության օրոք անվանակոչումներ չեն անում, երևույթն անհամեստ է, Կարեն Արշակյանը պատասխանեց․ «Նման կարգի գեներալները շատ չեն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ