Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու խնդիրը դուրս է պետության տեսադաշտից. գործատու

Նոյեմբեր 28,2024 17:00

«Երիտասարդ մայրերը, որոնք երեխաներին խնամող չունեն, դուրս են մնում աշխատաշուկայից, և մենք այս սոցիալական խնդրի լուծումը փորձել ենք գտնել»,- ասում է «Արմենեկոպ» կանանց սոցիալական ձեռնարկության հիմնադիր Աիդա Աթաբեկյանը:

Նա արդեն մի քանի տարի է` կանանց համար կազմակերպում է կարուձևի եռամսյա անվճար դասընթացներ, որոնց մասնակցում են մեծամասամբ մանկահասակ երեխա ունեցող կանայք: Նրանք դասընթացներին հաճախում են երեխաների հետ:

Աիդա Աթաբեկյանը մինչ «Արմենոկոպ»-ի հիմնադրումը հայ-իտալական կարճաժամկետ ծրագրի շրջանակում երկու կարի մեքենա է գնել՝ կարուձևի դասընթացներ կազմակերպելու նպատակով: Ասում է՝ ծրագիրն ավարտվեց, բայց կարուձևի դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցող կանանց թիվը մեծ էր, և գրեթե բոլորը մանկահասակ երեխաների մայրեր էին, որոնք չէին կարողացել համատեղել կրթվելը, աշխատելը. «Այս սոցիալական խնդիրը դուրս է մնացել պետության տեսադաշտից, իսկ ՀԿ-ների ծրագրերում դրանք ունենում են կարճաժամկետ լուծումներ: Որոշեցինք խնդրին երկարաժամկետ լուծում տալ և անցանք ինքնաֆինանսավորման, 2018թ. ստեղծեցինք «Արմենեկոպ» կանանց սոցիալական ձեռնարկությունը, որպեսզի երիտասարդ մայրերին, որոնք երեխաներին խնամող չունենալու պատճառով դուրս են մնում աշխատաշուկայից` կրթվելու և աշխատելու հնարավորություն տանք: Հիմա դասընթացները կազմակերպում ենք տարեկան կտրվածքով»:

Աիդա Աթաբեկյանը նշում է, որ իրենց մոտ երեխաների համար առանձնացված անկյուն կա՝ խաղալիքներով լեցուն. «Տարեկան 20 կանանց համար կազմակերպում ենք կարուձևի եռամսյա անվճար դասընթացներ: Կանանց մեծ մասը գալիս են երեխաների հետ և մեր աշխատակիցն անվճար զբաղեցնում է երեխաներին մինչև դասաժամի ավարտը»:

Ձեռնարկությունն ունի նաև սեփական արտադրանք՝ կարում են կտորե պայուսակներ և պատրաստում մատիտների նորարական տուփեր, որոնք վաճառվում են թե Հայաստանում, թե Վրաստանում:

«Ներկայումս ունենք երկու աշխատող, որոնցից մեկը՝ Ամիրխանյան Աստղիկը, մանկահասակ երեխա ունի, և իր հետ բերում է աշխատավայր, երբ դրա կարիքը լինում է: Երբ նա մեզ մոտ ընդունվեց աշխատանքի, այդ ժամանակ իր երեխան մանկապարտեզ էր հաճախում, և երբեմն մայրիկն իր հետ նրան բերում էր աշխատավայր: Հիմա արդեն դպրոց է հաճախում և դասերից հետո է գալիս ու մայրիկի աշխատավայրում էլ դասերն է պատրաստում»,-հպարտորեն պատմում է Աիդան:

Աստղիկ Ամիրխանյանը տարիներ շարունակ չի կարողացել աշխատել երեխային խնամելու պատճառով: Աիդա Աթաբեկյանի խոսքով՝ նա շատ մոտիվացված է և իրենց լավագույն աշխատողն է. «Երբ երեխան հիվանդանում է՝ հնարավորություն ենք տալիս բացակայել աշխատանքից` միաժամանակ աշխատավարձն ամբողջությամբ վճարում ենք: Աստղիկին երբեմն գործուղում ենք Երևան՝ տոնավաճառների մասնակցելու, այդ ժամանակ էլ իր երեխան իր հետ է լինում: Համոզված եմ, որ նա ավելի լավ է աշխատում, քան այն ծնողը, որն աշխատավայրում նստած անընդհատ իր երեխայի մասին է մտածում»:

Աստղիկ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կարուձևի եռամսյա անվճար դասընթացներին մասնակցել է 2017թ., այնուհետև աշխատանքի առաջարկ է ստացել Աիդա Աթաբեկյանից ու ընդունել այն:

«Աշխատավայրում երեխաների համար հատուկ սենյակ էլ ունենք, որտեղ նրանք կարող են խաղալիքներով խաղալ: Ես, ճիշտ է, արդեն նաև տանն եմ աշխատում` հագուստի ձևափոխություն, նորոգում եմ կատարում, բայց տանը միշտ էլ լինում ենք, շատ մայրիկներ կցանկանան տանից դուրս գալ` աշխատավայր գնալ, և գործատուի կողմից նման աջակցությունը շատ կարևոր է»,-ասում է Աստղիկը:

Հոգեբան Շողեր Միքայելյանի դիտարկմամբ` հատկապես երեխայի ծննդից հետո շատ կարևոր է, որ կանայք ունենան աշխատանք, որովհետև երբեմն կանանց մոտ լինում է հետծննդյան դեպրեսիա, և աշխատանքային գործընթացում ներգրավվելով շատ հեշտ հաղթահարում են այն:

Հոգեբանը համոզված է` կնոջ համար բարենպաստ միջավայրում աշխատելը կխթանի ծնելիությունը։ Նրա խոսքով՝ եթե, օրինակ, գործատուն ճկուն է այն առումով, որ թույլ է տալիս կնոջը որոշակի ժամանակահատվածով բացակայել, հեռավար կատարել աշխատանքը, կամ անհրաժեշտության դեպքում երեխային իր հետ աշխատավայր տանել` միաժամանակ ապահովելով աշխատանքի աճը` դա կնոջը կտա վստահություն, որ ինքն իր աշխատանքի տերն է, և կտա մոտիվացիա` ունենալու երեխաներ:

Հոգեբան Անի Ապիտոնյանն էլ անդրադառնալով կես դրույքով կամ հեռավար աշխատանք գտնելու խնդրին, ընդգծեց, որ այս առումով պետությունը գործատուների համար աջակցության ծրագրեր պետք է մշակի, որոնք կօգնեն կանանց ներգրավվելու աշխատանքում` ավելի հեշտ համատեղելով երեխաների խնամքը. «Անկախ նրանից, որ դայակ ունենալը օգտակար է, միևնույնն է` երեխայի աճի, զարգացման, համար շատ կարևոր են երեխա-ծնող հարաբերությունները: Ցավոք Հայաստանում շատ փոքր տոկոս են կազմում այն գործատուները, որոնք իրենց աշխատավայրերում ստեղծում են երեխաների խնամքի կենտրոններ, որպեսզի ծնողը չունենա անհանգստություն»:

Ըստ Արմստատ-ի տվյալների` Հայաստանում 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատանք փնտրող կանանց թիվը յուրաքանչյուր ամիս ավելի քան 10.000-ով գերազանցել է աշխատանք փնտրող տղամարդկանց թվին: Այդ աշխատանք փնտրողների մեջ գործազուրկ կանանց թիվը յուրաքանչյուր ամիս գրանցվել է մոտ 10000-ով ավելի, քան գործազուրկ տղամարդկանց թիվը: Օրինակ` սեպտեմբերին աշխատանք փնտրողների ընդհանուր թիվը կազմել է 60838, որից 36776-ը կանայք են, այդ թվում` 24733-ը գործազուրկ, իսկ 24059-ը տղամարդիկ են, այդ թվում` 15713-ը գործազուրկ:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930