Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ռազմավարական խնդիրն է, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում. Փաշինյան

Նոյեմբեր 28,2024 16:38

Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովումը. 2024 թվականին պետբյուջեից սուբվենցիաներին ուղղվել է 22 մլրդ դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ հերթական գումարն է հատկացվել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2024 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորել: Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2024 թվականին պետական բյուջեից սուբվենցիաներին ուղղվել է 22 մլրդ դրամ համաֆինանսավորում:

Գումարը կուղղվի հետևյալ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը. Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ, Բյուրական, Սասունիկ, Ուջան և Ղազարավան բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ (ավարտված), ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դվին, Մրգանուշ բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում /նորոգում (կատարված է աշխատանքների 75%-ը), Արտաշատ համայնքի Վարդաշեն և Բարձրաշեն բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում (կատարված է աշխատանքների 70%-ը), Մասիս համայնքի Այնթապ, Արևաբույր, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Սիս բնակավայրերի փողոցների նորոգում՝ ասֆալտապատմամբ (կատարված է աշխատանքների 80%-ը), Վեդի համայնքի Եղեգնավան և Արալեզ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (կատարված է աշխատանքների 95%-ը), Վեդի համայնքի Ոսկետափ և Վեդի բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (կատարված է աշխատանքների 95%-ը), Վեդի համայնքի Տափերական և Եղեգնավան բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցում (կատարված է աշխատանքների 40%-ը), Վեդի համայնքի Նոր Ուղի, Փոքր Վեդի, Վանաշեն, Սիսավան, Դաշտաքար, Շաղափ, Գինեվետ, Լանջանիստ և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցում (կատարված է աշխատանքների 45%-ը), Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Գևորգ Մարզպետունի փողոցի և Երվանդաշատ բնակավայրի Խաչին Տակ փողոցի ասֆալտապատում (ավարտված), Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրի գազաֆիկացում (կատարված է աշխատանքների 95%-ը), Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (կատարված է աշխատանքների 95%-ը) Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Գ․ Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2 փողոցների ասֆալտապատում (կատարված է աշխատանքների 70%-ը), Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի տիկնիկային թատրոնի հիմնանորոգում (ավարտված), Տաշիր համայնքի Մեծավան, Լեռնահովիտ, Պաղաղբյուր և Ապավեն բնակավայրերի ճանապարհների վերանորոգում սալարկմամբ (կատարված է աշխատանքների 75%-ը), Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացում (կատարված է աշխատանքների 90%-ը), Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում (ավարտված), Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար, Թավշուտ, Սիզավետ բնակավայրերում 1500մ խմելու ջրի ջրագծերի վերանորոգում (ավարտված), Գյումրու բազմաբնակարան բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացում (ավարտված), Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների ասֆալտապատում (ավարտված), Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված), Արթիկ համայնքի Գեղանիստ բնակավայրի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված), Անի համայնքի Շիրակավան բնակավայրի տնամերձ հողամասերի ոռոգման փակ համակարգի կառուցում (ավարտված), Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում (մատակարարման փուլ), Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարանց բնակավայրի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում (կատարված է աշխատանքների 95%-ը), Կապան համայնքի Կապան բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում (կատարված է աշխատանքների 90%-ը), Վայոց ձորի մարզ Վայք համայնքի Զառիթափ և Գոմք բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցում (ավարտված), Վայք համայնքի Մարտիրոս, Սերս և Բարձրունի բնակավայրերի ոռոգման ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ (ավարտված), Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում (ավարտված), Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրի Ձախափնյակ 7 և 22 շենքերին կից աստիճանների հիմնանորոգում (ավարտված):

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև համայնքներում ծառայողական մեքենաների հարցին և նշել. «Ուզում եմ մի նկատառում անել. Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում ասացի, բայց հիմա ուզում եմ հրապարակային արձանագրել հետևյալը, որ մենք նաև համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր մեր պատկերացրած պիտի սահմանենք և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան»:

Էդուարդ Հակոբյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ, Արթուր Պողոսյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Կառավարության որոշմամբ Էդուարդ Հակոբյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Մեկ այլ որոշմամբ էլ Արթուր Պողոսյանը նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշումներին և նշել. «Ե՛վ պարոն Պողոսյանը, և՛ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար: Պարոն Պողոսյանն արդեն շուրջ 2 տարի Գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանն արդեն շուրջ 2 տարի Ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից առաջ էլ նրանք, համապատասխանաբար, աշխատել են իրավական համակարգում. պարոն Պողոսյանը գլխավոր դատախազի տեղակալ լինելուց առաջ եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային ողջ գործունեությունն անցկացրել է Ֆինանսների նախարարությունում»:

Նոր նշանակված ղեկավարները շնորհակալություն են հայտնել վստահության համար: Էդուարդ Հակոբյանը նշել է՝ պատրաստ է առաջնորդել ՊԵԿ-ը՝ թիմի թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական գործիքների և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական և ծանրակշիռ պայքարը: Արթուր Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ մասնագիտական ողջ փորձը, ամբողջ ներուժը և գիտելիքները ծառայեցնելու է ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը, իրավակարգի հաստատմանը և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացմանը: Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահն ընդգծել է՝ նպաստելու է հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ռազմավարական նպատակ ենք արձանագրել: Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, և «արդարություն» ու «արդարադատություն» հասկացությունները լինեն համարժեք, նույնական: Իհարկե, դա միայն Քննչական կոմիտեի լուծելի խնդիրը չէ, բայց ակնհայտորեն Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում: Բոլորիս հաջողություն եմ մաղթում այս հարցում»:

Նախատեսվում է փոխել ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը և սահմանել կատարման ստանդարտ

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրը հավանություն է տվել առաջարկությանը, որն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ:

Պատգամավորական նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և նույն հանձնաժողովի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը: Օրինագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ։

«Առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար: Եթե գործող օրենքով պարտադիր էր օրենքի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Նաև, եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ապա նախագծով այն պարտադիր է դառնում այդ ընթացքում տեղի ունեցող պաշտոնական իրադարձությունների ժամանակ: Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված 1 միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, կգործարկի իր ունեցած գործիքակազմը ՀՀ օրհներգի ստեղծումը և տարածումն ապահովելու համար»,- ասել է փոխնախարարը:

Ըստ Դանիել Դանիելյանի, նախատեսվում է նաև օրհներգի տեքստը վերադասավորել՝ ըստ պետական քաղաքականության տրամաբանության՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, ՀՀ դրոշը, պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով հաջորդականությունը: «Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, և, հետևաբար, երկրորդ և երրորդ քառատողերը, համապատասխանաբար, դառնում են երրորդ և չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով.

Նայիր նրան երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փոփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, օրհներգը կտեղադրվի ՀՀ Կառավարության կայքէջում և մնացած պաշտոնական հարթակներում՝ հանրային հասանելիություն ապահովելու համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրինագծին և նշել, որ անձամբ է մասնակցել նախագծի ձևավորման քաղաքական մասին: Վարչապետը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ իր եզրակացությամբ՝ եթե փոփոխությունների արդյունքը չի հասնում ԴՆԹ մակարդակին, ապա փոփոխությունները տևական, ամբողջական և խորքային չեն կարող լինել: «Պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ ու շատ երկար ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարմանը, չկա արագության ստանդարտ, տևողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է լուծել նաև տեխնիկական պարամետրերի հարցը, օրհներգը պետք է ունենա ստանդարտ՝ տևողության, արագության:

Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրինագծով ոչ մի բառի փոփոխություն չի նախատեսվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածությունը փոխել. «Հիմա առաջարկվում է հետևյալ տեքստը՝

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. «Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է նաև վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը: Ներկայում գործող ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը»:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝

1. նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր

2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր և դրանից պակաս

3. ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

Նախատեսված պահանջների խախտման համար կկիրառվեն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից:

Վարչապետն անդրադառնալով որոշմանը՝ նշել է, որ սա այն որոշումներից է, որ քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու, քանի որ հանրապետությունում կան վարորդներ, որոնք նաև ձմեռն ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: «Այո, մենք պետք է այս որոշումը կայացնենք, ծա՞խս է բերելու մարդկանց՝ այո, ծախս է բերելու: Անվադողերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործերը որոշակիորեն լավանալո՞ւ են՝ այո, լավանալու են: Լինելո՞ւ են շահարկումներ՝ այո, լինելու են շահարկումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է գնալ այս ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ո՞րն է սանկցիան այս կանոնը խախտելու պարագայում:

Դավիթ Խութադյանն ի պատասխան հայտնել է. «Եթե վարչական իրավախախտում է արձանագրվել տեղում՝ մինչև 5000 դրամի տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ՃՏՊ-ի մեջ՝ 20 հազար դրամ»:

Մհեր Գրիգորյանն առաջարկել է խստացնել տուգանքի չափը, քանի որ սիմվոլիկ գումարով տուգանելու դեպքում կարգավորումը չի աշխատելու:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով նախնական քաղաքական ուղերձ է հղվում՝ վարքագիծ փոխելու, որտեղ տուգանքը համարժեքության առումով ավելի շատ սիմվոլիկ է, այնքան էլ ծանրակշիռ չէ, բայց մեկնարկի համար՝ տրամաբանական լուծում է:

Դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան. վարչապետ

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետության և պետականության ընկալման թեմայի շրջանակում՝ սոցիալական ցանցերում մեկնարկած «Զրույցներ պետության մասին» շարքին, որը, ըստ Վարչապետի, կարելի է ընդլայնել և անվանել «Զրույցներ կամ պատմություններ Հայաստանի Հանրապետության մասին»:

«Կան պատմություններ, իրավիճակներ, որոնք մեծ հաշվով սովորական են մեր իրականության մեջ, բայց, կարծում եմ, որ մենք այդ իրավիճակների հետ կապված մեր հայացքը պետք է փոխենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ առաջին հարցը, որին ուզում է անդրադառնալ վերջերս Հայաստանում տեղի ունեցած Ռազմական սպորտի միջազգային խորհրդի զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությանն է վերաբերում՝ Ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնությանը:

«Պիտի արձանագրեմ, որ մեր զինվոր մարզիկները բավականին հաջող հանդես եկան այդ առաջնությունում և նվաճեցին 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ, որը ոչ միայն հաջող, այլև պետք է խոստովանեմ՝ անսպասելի հաջող արդյունք էր»,-ասել է երկրի ղեկավարը և կիսվել այս առաջնության մասին քննարկումների վերաբերյալ իր վերաբերմունքով, որը ձևավորվել է նույնիսկ հանրային քննարկումներից առաջ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է լրահոսում հայտնված այն լուրերի մասին, որոնց համաձայն՝ հայտնի մարզիկները զորակոչվել են բանակ: Այդ մարզիկների հիմնական խնդիրն Ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն է եղել: «Անկեղծ ասած, ես այստեղ դիսոնանս տեսա, որովհետև ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա Հայաստանի Հանրապետության բանակի և այս առաջնության նկատմամբ: Եվ մենք քննարկելով եկանք այն եզրակացության, որ սա նաև պետության ռեպուտացիայի հարց է, որովհետև, ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որը լինելով արդարության և ֆեյքազերծման ջատագով, կարող է հայտնվել սխալ իրավիճակում: Սա առաջնություն է ոչ թե մարզիկների, ովքեր բանակ են գնում մրցման մասնակցելու համար, այլ սա առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում և բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում»,-ասել է երկրի ղեկավարը:

Խոսելով բանակը ընդամենը մրցմանը մասնակցելու գործիք դարձնելու անթույլատրելիության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր քաղաքական ընդհանուր մոտեցումն այն էր, որ մեր հավաքականը ճշգրիտ պետք է համապատասխանի միջազգային այս կազմակերպության կանոնադրությանը և՛ տառին, և՛ ոգուն համապատասխանող տրամաբանությանը: Եվ այս մոտեցումը ձևավորվում էր առաջին հերթին մեր պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ բանակի նկատմամբ մեր վերաբերմունքից»:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, վերաբերել է նախորդ շաբաթ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի մի դասասենյակի անվանակոչմանը՝ ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ միջոցառումից տեղյակ չեն եղել ո՛չ Պաշտպանության նախարարը, ո՛չ Գլխավոր շտաբի պետը, ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ ՏԿԵ նախարարը: «Եվ սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ ես այս դահլիճում տասնյակ անգամներ խոսել եմ այդ մասին և ԿԳՄՍ նախարարն է խոսել այդ մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է այդ թվում՝ դե յուրե միջոցներով, չեղարկել այդ որոշումը: «Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ, և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում, երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել: Սա անընդունելի մոտեցում է, և այսպես հրապարակային են ասում՝ որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի:

Եվ ես խիստ դիտողություն եմ անում Շիրակի մարզպետին և Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: Կրկնում եմ՝ կա պետություն և կա ապապետություն, թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի, հետևանքները կլինեն համապատասխան»,- նշել է երկրի ղեկավարը:

Հաջորդ թեման վերաբերել է Հայաստանի տարբեր բնակավայրերում մայթերի տեխնիկական պարամետրերի ստուգմանը, որը, ըստ վարչապետի, պետք է տեսչական մարմինների ուշադրության կենտրոնում լինի:

Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ

Կառավարության որոշմամբ Հունգարիայում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր: Հայաստանն ընդգծում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարևորությունը և շարունակելու է աշխատանքներ իրականացնել Հունգարիայի կառավարության հետ՝ զարգացնելու փոխշահավետ երկկողմ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև: Հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում: Ըստ հիմնավորման՝ երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Սուբվենցիաներ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին հատկացնել՝ մինչև 120,968 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին՝ 139,487.9 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքին՝ մինչև 71,845.6 հազար դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին՝ մինչև 167,698.5 հազար դրամ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված և օբյեկտներով չբաշխված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 5,470,300.3 հազար դրամ հատկացնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ Կառավարության մի շարք որոշումներով ՀՀ մարզերի ենթակառուցվածքների զարգացման նպատակով տրամադրվող սուբվենցիաների շրջանակներում թվով 40 մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման համար հատկացվել է 3.8 մլրդ դրամ:

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

Գործադիրը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: «Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ նպաստելով համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Միջազգային համագործակցություն. կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի Հանրապետության պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառի հետ կապված նախատեսվում է մոտարկում ԵՄ մի շարք դիրեկտիվների հետ: Կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները, Արևմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի (WENRA) անվտանգության չափանիշները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները։ Ծրագրի իրականացումը նշված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում հնարավորություն կտա ՀՀ-ին ներդնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթ, ստեղծել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք և իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ դիրեկտիվներին, ինչպես նաև հնարավորինս բավարարում են WENRA- ի անվտանգության չափանիշներին և կարտացոլեն եվրոպական լավագույն փորձը և միջազգային չափանիշները: Համաձայնագրի շրջանակում նաև նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է զարգացնել ՀՀ միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Անվտանգության պարբերական հաշվետվությունը: Նշված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև մատակարարել շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումներ։

Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. սեպտեմբերի 23-ին Երևանում ստորագրված «ՀՀ դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ» աշխատանքային պայմանավորվածությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ փաստաթղթով սահմանվում են Համագործակցության հարցերով դատախազի և իր անձնակազմի գործունեության մանրամասները, այդ թվում՝ Կոլեգիալ լիագումար նիստերին, աշխատանքային քննարկումներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին մասնակցության կարգը և պայմանները: Համագործակցության հարցերով դատախազը և նրա օգնականները աշխատանքային խմբերում քվեարկելու իրավունք չունեն: Համագործակցության հարցերով դատախազին և նրա օգնականներին տրամադրվում են Կոլեգիայի նիստերի օրակարգը և համապատասխան փաստաթղթերը նիստերի կամ նիստերի մի մասի համար, որոնց նրանք հրավիրված են մասնակցելու: Միաժամանակ փաստաթղթով սահմանված են հավելյալ երաշխիքներ ՀՀ-ի, Եվրաջասթի և մյուս անդամ պետությունների միջև համագործակցության ընթացքում փոխանակվող անձնական տվյալների և գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման նպատակով:

Կապահովվի ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման գործընթացը

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2025 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 8000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 5000 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում: Ընդ որում, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական – դիստրիբյուտորական պայմանագիր, չեն կարող օգտվել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի /համաձայնագրի/ շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների համար սահմանված 3000 հատ չափաքանակից և հակառակը՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի /համաձայնագրի/ շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտները չեն կարող օգտվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր չունեցող ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար սահմանված 5000 հատ չափաքանակից։

Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման և կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքների կիրառումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման ընդունումը կնպաստի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովմանը: Ըստ հիմնավորման՝ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել ցեմենտի ներմուծման վրա: Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար: Մասնավորապես՝ 2023 թ. Հայաստանում արտադրվել է 1.14 մլն տոննա ցեմենտ, ինչը 13.1 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2023 թ. աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 125.2 հազ. տ. (աճը՝ 19.2 %), ինչպես նաև աճ է արձանագրվել ցեմենտի ներմուծման վիճակագրությունում, որը կազմել է շուրջ 270 հազար տոննա: Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում ցեմենտի ներմուծման գործընթացին, այլ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը՝ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես՝ առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը ևս 6 ամիս ժամկետով։

Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը: Ըստ այդմ՝ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող միևնույն համապատասխան որակավորումը: Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար ապահովվում են ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում: Արդյունքում, դիմորդը կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Օրենսդրական նախաձեռնություն. Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրում կանցկացվեն հավաքական թիմերի մարզումները

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով: Ներկայումս մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում: Այն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար: Մարզահամալիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:

Հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից։ Օրինագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացը և իրականացվող հարկային քաղաքականությունը, որը նպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը։

Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղային գործունեության կարգավորման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն:

Հավանության է արժանացել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների և պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Արդյունքում՝ հնարավոր կլինի նույնականացնել և հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների և պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները, դրանք արտացոլել կադաստրային քարտեզում, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրելիս ներառել նաև հուշարձանների, դրանց տարածքների, պահպանական գոտիների առկայության վերաբերյալ տվյալներ, ստացված պատկերի հիման վրա մշակել անհրաժեշտ չափորոշիչներ՝ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ պետական գրանցում կատարելու գործընթացում՝ ապահովելով հողային ռեսուրսների օպտիմալ կառավարումն ու օգտագործումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը:

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Այլ որոշումներ. Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լուսակն, 4-րդ փողոց 33/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որով հնարավոր կլինի շենքերի նկուղային/ստորգետնյա կամ որմնախարսխային հարկաբաժինների ներկայումս չշահագործվող տարածքները վերազինել և նորոգել՝ դարձնել օգտագործելի բնակչության համար: Որոշման ընդունումը կխթանի առողջ ապրելակերպի սկզբունքները՝ գործընթացում ներգրավվելով բազմաթիվ սպորտային մասնագիտացված խմբակների և ակումբների մարզիչների: Այն կնպաստի նաև ձեռնարկատիրական գործունեությանը մարզական ոլորտում:

Կառավարության որոշմամբ «Ոսկե կաթ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար՝ իրականացնելով 100 մլն դրամի ներդրում սարքավորումների և 78.7 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 6 աշխատատեղ 312 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 36-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 78.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11.8 մլրդ դրամ:

Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Հանրապետական հանձնաժողովը ամփոփել էր արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները, սակայն Լոռու և Տավուշի մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացվել է լրացուցիչ 9 վնասված տրանսպորտային միջոցների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, արդյունքում վերջինիս համապատասխան եզրակացության հիման վրա անհրաժեշտություն է առաջացել՝ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 1,975 հազար դրամ՝ 2 տրանսպորտային միջոցի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմին 10,666․3 հազար դրամ՝ 7 տրանսպորտային միջոցի համար։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930