Երևանի մնջախաղի թատրոնն օրերս, հանդես եկավ պրեմիերայով. ներկայացվեց «Ուրվականների սոնատը» միմոդրաման, ըստ Ավգուստ Սթրինդբերգի համանուն պիեսի, որին ներկա էր մնջախաղի թատրոնի հիմնադիր կազմի արտիստ Լևոն Իվանյանը: Մենք հարցեր ուղղեցինք փորձառու մասնագետին, որը նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է:
-Պարոն Իվանյան, հանդիսատեսը խոսում է այն մասին, որ նոր ներկայացումը նոր փուլ է մնջախաղի թատրոնի համար: Կպարզաբանե՞ք, ի՞նչն է նորությունը Երևանի պրոֆեսիոնալ մնջախաղի թատրոնի 50-ամյա պատմության մեջ:
-Լավ հարց է, միևնույն ժամանակ բարդ: Թատրոն օրգանիզմը նման է մարդ օրգանիզմին, կառույցը նույնն է, բայց բնույթով խիստ տարբեր են իրարից: Ինչպես միլիարդավոր մարդիկ նույն մարմնակազմն ունենալով հանդերձ՝ տարբեր բնավորություն ունեն, այնպես էլ թատրոնն ընդհանրապես և մնջախաղը մասնավորապես, իր նույն կառույցի մեջ այնքան են տարբերվում իրարից, որ երբեմն անհնար է ասել, որ դա նույն ժանրն է: Ինչպես մարդը մարդկանց մեջ, թատրոնը թատրոնի մեջ, այնպես էլ մնջախաղը մնջախաղի մեջ տարբերվում են իրարից այնքան, որ երբեմն իրար հակոտնյա են, երբեմն նույնիսկ թվում է, թե այլ ժանր կամ նույնիսկ այլ ոլորտ է: Դա նույնի մեջ նույնքան տարբեր է, որքան նույնի մեջ տարբեր են տարբեր բնավորություն ունեցող մարդիկ, երկուսն էլ ֆիզիկական նույն կառույցի մեջ այնքան տարբեր են, որ ընդհանուրը ավելի դժվար է գտնել, քան տարբերությունը, հակոտնյա այն աստիճան, որ նույնիսկ սեռերի տարբերությունը այս ամենի մեջ ամենաչնչին տարբերությունն է:
Կարդացեք նաև
-Դառնանք «Ուրվականներին»: Ինչն է ուրեմն նորությունը, նոր մոտեցման մեջ:
-Նորությունը, թերևս, մտածողության նոր աստիճանն է, արտիստական խաղի նույնաժամանակ ավելի բազմաշերտ մատուցումը, որն ուղիղ կապված է մարմնի հոգետեխնիկային տիրապետելու աստիճանի հետ: Դա ստեղծագործական մտքի պարզ քմայք չէ, այլ կարողության աստիճան է, որին հնարավոր է հասնել տարիների հետևողական վարժանքի ընթացքում, որից հետո միայն համարձակություն ունենալ, այդ հմտացած հոգեֆիզիկայով ներկայանալ միշտ բազմաշերտ, մշտաբազմաճաշակ հանդիսատեսին: Թերևս, պատահական չէ նաև, որ ներկայացման բոլոր մասնակիցները Թատրոնի և կինոյի ինստիտուտի մնջախաղի ավարտական կուրսի ուսանողներն են, ովքեր չորս տարի շարունակ ինստիտուտում և թատրոնում ուսանել, տեսել ու մասնակցել են մնջախաղի արվեստի ամենատարբեր փորձերին ու փորձարարություններին: Երիտասարդ է նաև բեմադրող ռեժիսոր Իննա Հախնազարյանը մնջախաղի ռեժիսուրայում, որը չափազանց բարդ ոլորտ է, ով իր առաջին, բայց համարձակ քայլերն է անում:
-Ներողություն, իսկ ավելի պարզ հնարավո՞ր է:
-Փորձեմ: Փորձեմ նաև մնջախաղը խոսքով ներկայացնել, որ գրեթե նույնն է, թե երաժշտությունը խոսքով ներկայացնելը: Բայց փորձենք շարժումը վերափոխել խոսքի: Այսպես. պարզ կամ ավելի կոպիտ ասած` պարզունակ մնջախաղը մարմնի հասկանալի շարժումներով բոլորին հասկանալի գործողություններ կատարելն է, որտեղ խոսքի կարիք չկա, քանի որ գործողությամբ ամեն ինչ հասկանալի է: Դրան ավելանում են մարմնի ֆիզիկական տիրապետման որոշակի տեխնիկական հնարքներ, որոնք տարբեր գործողությունների պատրանք են ստեղծում` տեղում քայլքի, պարան քաշելու, վազքի կամ անօդ տարածության մեջ թռիչքի և այլն: Այս կերպ կարող են աշխատել նաև հատուկ պատրաստություն չունեցող անձինք, ովքեր հաճախ ընկերական հավաքների ընթացքում ուղղակի խաղում են մնջախաղ հայտնի խաղը: Բոլորովին այլ է, երբ մարդը բեմ է բարձրանում և հանդես է գալիս հարյուրավոր հանդիսականների առաջ: Այստեղ մի պարզ շնորհքով ու մարմնի ճկունությամբ կարող ես միայն ծաղրի առարկա դառնալ, քանի որ բեմը նախ արտիստի պահանջ ունի:
-Շատ ավելի լավ կետի եկանք: Լավ առիթ է: Դե, ուրեմն փորձենք հասկանալ, թե ով է արտիստը:
-Ինքս ավելի բարդացրեցի իմ պատասխանը: Պարզելու փոխարեն ավելի բարդին եկա: Հոգ չէ, քանի որ ճիշտը հենց այստեղ է: Բեմն էլ, մնջախաղն էլ, իրականում շնորհի ավելի բարդ աստիճանն է, քան պարզապես շնորհքով մարդ լինելը: Արտիստը, որպես կանոն, մասնագիտական աշխատանքի արդյունքում ձևավորված անհատն է: Մասնագիտություն ասվածն այս դեպքում կարող է երաժշտությունը լինել, դերասանական աշխատանքը կամ մեր դեպքում՝ մնջախաղը: Բնական շնորհը կարևոր գործոն է, բայց դա չափազանց քիչ է բեմ դուրս գալու համար: Դա է պատճառը, որ կյանքում (տանը) շատ «տաղանդավոր» համարվող մարդիկ անկարող ու խղճուկ են դառնում, երբ հայտնվում են բեմում: Բեմին հասնում են (եթե հասնում են) միայն մասնագիտացված ճանապարհի արդյունքում: Չկա՜ այլ ճանապարհ: Բնությունը բեմի ճանապարհ չունի, դա միայն մարդկային գործոն է:
-Պարոն Իվանյան, մենք շեղվու՞մ ենք, թե այդպես ավելի ենք մոտենում մեզ հետաքրքրող թեմային:
-Առերևույթ շեղվում ենք, բայց, ըստ էության, ավելի դիպուկ ենք մոտենում մեր ասելիքին: Այլևս կարիք չկա մանրամասների մեջ մտնելու, քանի որ արդեն տեսանելի է, որ որևէ մասնագիտական նորություն կարող է լինել բարդից ավելի բարդին անցնելու ուղին կամ ավելի անհասանելին հասանելի դարձնելու կարողությունը: Ստրինդբերգի պիեսի թեմայի Իննա Հախնազարյանի կողմից յուրատեսակ վերափոխված «Ուրվականներում» ամենակարևոր հանգամանքը, այստեղ մեծ- մեծ բառեր եմ ասելու, վիրտուոզ աստիճանի հասած մարմնական պլաստիկայի, բեմական կատարյալ դերասանական վարպետությամբ, բազմամարդ և հոգեբանորեն չափազանց խորը, բարդ փոխհարաբերություններով կյանքի մասին մեկ մեծ ներկայացմամբ ներկայացնելն է, որի կատարողական աստիճանը գուցեև հասու չէ անգամ միջազգային բեմի շատ դպրոցների համար, քանի որ երիտասարդ արտիստներն այն հրամցնում են ամենավերին սահմանային աստիճանների մակարդակի վրա:
Ես չեմ չափազանցնում, սրան պետք է ավելացնեմ բեմադրող նկարիչ Քնքուշ Մալխասյանի գրագետ արված դիզայներական բնույթի բեմանկարչությունը և իհարկե, անպայման պիտի նշվի այսօր, մեր ժամանակներում հնարավոր ամենաբարձրաճաշակ երաժշտական ձևավորումը, որ փոքր ինչ հասկանալի լինի, թե որն է այն նորը, որը 50 տարի առաջ շատ ամուր հիմք ունենալով և հինգ տասնամյակ արագընթաց զարգացումով գործելով հանդերձ, մինչև օրս չի ունեցել Երևանի մնջախաղի պետական թատրոնը: Ոչինչ չեմ գունազարդում, գուցեև փոքր ինչ զուսպ եմ ասում:
-Ստացվում է՝ որքան էլ ուսանողական, այնուամենայնիվ, անթերի ներկայացում է:
-Դարձյալ սուր ու նուրբ հարց է: Լավն այնքան շատ է, որ թերին չի երևում: Թերին թերևս, անպատրաստ հանդիսականի համար ռեժիսորական առումով մի քիչ ավելի պարզ ճանապարհ ցույց տալն է, թե որտեղից ուր են գնում գործողությունները, որպեսզի ավելի կենտրոնանան հրաշալիորեն լուծված արտիստական և ռեժիսորական առումով հմուտ իրականացված վարպետության վրա:
-Դե, ինչ, շնորհավորենք թատրոնին նոր ներկայացման, նոր նվաճումի և նոր սերնդի մուտքի առթիվ:
-Այո, մեծ շնորհավորանքի արժանի աստիճան է: Թատրոնի 50-ամյակի տարում, մնջախաղացների նոր ներկայացման, նոր սերնդի առկայությունը գործի շարունակության լավագույն առհավատչյան է, որ ի տարբերություն պայմաններ չունենալուն, շատ ավելի կարևոր գործոն է և մասնագիտական մեծ ուրախություն: «Ուրվականների սոնատի» Երևանի պրեմիերային զուգահեռ, Փարիզում ելույթ էր ունենում դարձյալ մնջախաղի թատրոնի մյուս խումբը և ինձ համար, որպես թատրոնի հիմնադիր կազմի արտիստի, մեծ ուրախություն է տեսնել Երևանի մնջախաղի թատրոնի 50-ամյա առաջընթացը:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում՝ տեսարաններ «Ուրվականների սոնատը» ներկայացումից