Լրահոս
Օրվա լրահոսը

Կփորձենք մեր նստացույցը տեղափոխել ԿԳՄՍ նախարարության մոտ. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

Նոյեմբեր 28,2024 15:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նոյեմբերի 7-ից մեկնարկել է մեր նստացույցը՝ պահանջ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարությանը իբրեւ միջանկյալ լուծում բացել «Գոյ» թատրոնի դռները, աշխատենք՝ մինչեւ դատարանը կորոշի, թե ով է ճիշտ եւ ով՝ սխալ: Բայց ոչ մի պատասխան չենք ստացել: Այս 20 օրերի ընթացքում փորձեցինք նպաստել իրավական գործընթացներին, ակցիայի շրջանակում ուր ասես եղանք՝ դատախազություն, ՄԻՊ, ոստիկանություն, նաեւ հանդիպել ենք ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ: Նրա հետ քննարկել ենք եւ փորձել հասկանալ ՝ արդյոք միջանկյալ լուծումն իրատեսակա՞ն է»,- ասուլիսում նշեց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

«Դանիել Դանիելյանն ասաց, որ իրավական հիմք է պետք, նա առաջարկեց մի բան, որը եղել էր մինչ այդ, այսինքն՝ անկախ թատրոնի սկզբունքից ելնելով՝ ՍՊԸ-ով կարող ենք ունենալ միջանկյալ լուծում… Մենք ասել ենք՝ համաձայն ենք ունենալ այնպիսի միջանկյալ լուծում, որը մեր դատական գործերին չի խանգարի: Բայց մինչ այսօր այդ պատասխանի պատասխանը չունենք: Նախարարությունը մեզ չի պատասխանել կամ այդ նախագիծը կյանքի չի կոչել, եւ մենք դեռ շարունակում ենք նստացույցը: Նաեւ ակնկալիք կար նոյեմբերի 25-ին ունենալ որեւէ արդյունք միջանկյալ լուծման առումով, վերջիվերջո պարզել հայցի բնույթը՝ վիճարկման հայց է, թե ճանաչման, բայց նիստը փորձեցին տապալել: Ես դրական չեմ գնահատում իրենց այդ վարքագիծը, որովհետեւ իրենք ժամանակ էին փորձում խլել, որպեսզի ամեն դեպքում չբացահայտվի՝ մենք իրավունք ունե՞նք «Գոյ» թատրոն մուտք գործել, թե ոչ: Սա կոնկրետ քայլ է մեզ դրսում թողնելու ուղղությամբ»,-հավելեց նա:

Սարգիս Արզումանյանն ընդգծեց, որ ոչ միայն նստացույցն են շարունակելու, այլեւ իր բառով՝ ճյուղավորված այլ գործողությունների են դիմելու. «Դեկտեմբերի 8-ին մեր թատրոնի ծննդյան օրն է, որը նախապատրաստվում ենք դրսում նշել: Գոնե մինչեւ դեկտեմբերի 8-ը մեր թատրոնի դռների դիմաց ենք լինելու, ակցիաները շարունակվելու են, միայն նստացույցով չենք բավարարվի, կունենանք ճյուղավորված այլ գործողություններ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ, հանրային միջոցառումներ, ներկայացումներ: Եթե քաղաքապետարանից ստանանք համապատասխան թույլտվություն, փորձելու ենք մեր նստացույցը տեղափոխել ԿԳՄՍ նախարարության մոտ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930