Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ցածր պետական տուրքերը վկայում են, թե որքանով ենք արժևորում մեր քաղաքացիությունը»․ Արմեն Ղազարյան

Նոյեմբեր 28,2024 15:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Oրենքի նախագծի հիմնական նպատակն է քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը։ Մեր առաջարկությունն է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային միջավայր, որտեղ կվարվեն քաղաքացիության գործերը ամբողջությամբ։ Ներկայումս այդ գործերը վարվում են թղթային տարբերակով, և դա բավականին ռեսուրսատար ու ժամանակատար է»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը՝ նշեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Նա հայտնեց՝ էլեկտրոնային համակարգը կիրառվելու է ինչպես քաղաքացիության շնորհման գործերի, այնպես էլ քաղաքացիության դադարեցման գործերի համար․ «Էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվելու են բոլոր հարցումները։ Քաղաքացիության շնորհման և դադարեցման գործերում ներգրավված են մի շարք պետական մարմիններ․ նրանք բոլորը գործելու են այսուհետ միասնական էլեկտրոնային համակարգի մեջ՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո։ Կարևոր դրույթ է նաև գործերի էլեկտրոնային պահպանման հարցը։ Ունենք թղթային գործեր, որոնք պահպանելը բարդ ու ծախսատար է»։

Արմեն Ղազարյանը նկատեց՝ հիմնական բարելավումը, որ բերում են քաղաքացիություն հայցող անձանց կյանքում, այն է, որ գործի ամբողջականության ստուգումը կիրականացվի ամբողջությամբ էլեկտրոնային միջամտությամբ․ «Ներկայումս, երբ անձինք, որոնք ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, դիմում են պատրաստում, որ ներկայացնեն վարչական մարմնին, մի քանի անգամ ստիպված են լինում վարչական մարմին իրենց գործի ամբողջականությունը ստուգելու համար որոշ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել։ Մենք պահպանում ենք անձի մեկանգամյա այցելության անհրաժեշտության պայմանը։ Մենք խոսում ենք առաջին նույնականացման մասին քաղաքացիության պարագայում էլեկտրոնային միջավայրում ներկայացվող փաստաթղթի իսկության ստուգման անհրաժեշտության մասին։ Մեկ օտարերկրացին, որը ցանկանում է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, մեկ անգամ պետք է այցելի վարչական մարմին և անցնի առաջնային նույնականացում, որից հետո գործը կվարվի էլեկտրոնային միջավայրում։ Շատ կարևոր հանգամանք է նաև, որ քաղաքացիության ստացման պահից ի վեր անձը կստանա հանրային ծառայության համարանիշ և կգրանցվի բնակչության պետական ռեգիստրում»։

Անդրադառնալով պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններին՝ Արմեն Ղազարյանն ասաց․ «ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար պետական տուրքը սահմանվում է հազար դրամ, և այն չի փոխվել 1997-ից ի վեր։ Քաղաքացիության դադարեցման պետական տուրքը սահմանվում է 25 հազար դրամ։ Հաշվի առնելով այս տարիներին գնաճն ու տեխնիկական փոփոխությունները և համեմատելով միջազգային փորձի հետ՝ մենք առաջարկել ենք համապատասխանաբար շնորհման պարագայում հիսուն հազար դրամ պետտուրք, քաղաքացիության դադարեցման ժամանակ 150 հազար դրամ պետական տուրք։ Պետտուրքից առաջարկում ենք ազատել փախստականներին, այդ թվում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց՝ տվյալ պարագայում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց»։

Հարցին՝ պետտուրքը թռիչքաձև չի՞ բարձրացվել, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Եթե համադրելի երկրներն ենք ուսումնասիրում, բացարձակ համեմատելի էլ չի մեր երկու դոլարը որևէ այլ երկրի հետ։ Այստեղ մենք դնում եք մի խոսակցության սկիզբ, որն առնչվում է քաղաքացիության ինստիտուտի արժևորմանը։ Մենք արդեն հիմա սկսում ենք աշխատանքները միգրացիոն ռազմավարության վերաբերյալ և դրանում առաջին անգամ անդրադարձ ենք կատարում քաղաքացիության ռազմավարական խնդիրներին։ Սա քաղաքացիության արժեքի գիտակցման հետ է կապված։ Մեր ցածր պետական տուրքերը վկայում են, թե որքանով ենք մենք արժևորում մեր քաղաքացիությունը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930