Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես սովորել հայկական մշակույթն ու պատմությունը՝ խաղի միջոցով

Նոյեմբեր 28,2024 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջերս Մատենադարանում կայացած «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարվեցին «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը։ 174 դիմում-հայտ էր գրանցվել՝ շուրջ 26 երկրներից: Հաղթողներից յուրաքանչյուրին տրվել է 10.000 դոլար՝ իրագործելու հայկական ժառանգության պահպանմանն ու հայ համայնքների հզորացմանն ուղղված իրենց գաղափարը:

Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանը ներկայացրեց ծրագրի առաքելությունն ընդհանրապես, նշեց, թե ի՞նչ չափանիշների հիման վրա են կատարել ընտրությունը, ինչո՞վ են առանձնահատուկ ընտրված 10 նախագծերը:

«2024 թ. փետրվարից «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը: Կազմակերպությունն այս ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ է տրամադրում Սփյուռքում բնակվող այն անհատներին, խմբերին կամ կազմակերպություններին, որոնք ունեն համահայկական գաղափարներ, իսկ դրանք իրագործելու համար նրանց ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ: Ծրագրի գերնպատակն է միավորել հայերին, ոգեշնչել հատկապես երիտասարդ սերնդին, հնարավորություններ տալ աշխարհասփյուռ հայերին ստեղծագործելու, հանդես գալու նորարար մտքերով, հայկական արմատներին հավատարիմ մնալու, մեր պատմությունն ու մշակույթը տարածելու, մեր լեզուն օգտագործելու համար»,-ասաց նա:

«Բոլոր դիմում-հայտերը դիտարկվել են՝ հաշվի առնելով, թե արդյոք ներկայացված գաղափարը հզորացնում է Սփյուռքը եւ նպաստում մեր միավորմանը, խրախուսում է Սփյուռքի մեր համայնքների միջեւ տարատեսակ համագործակցությունը, դրական ազդեցություն է ունենում մեր համայնքների վրա: Նախ 20 լավագույներին հնարավորություն ենք տվել թեպետ կարճ, բայց շատ արդյունավետ աշխատել իրենց ոլորտներում բարձունքների հասած՝ Սփյուռքում եւ Հայաստանում բնակվող հայերի հետ:

Այնուհետեւ 5 անդամներից բաղկացած ժյուրին ընտրել է 10 հաղթողներին, որոնք էլ արդեն ստացել են դրամաշնորհները: Վերջնական ընտրությունը նույնպես արվել է փակ քվեարկությամբ: Հաղթող գաղափարներն արդեն սկսել են աշխատել դրանց իրականացման ուղղությամբ: Հուսով ենք, որ դրանք ոչ միայն արդյունավետ կիրագործվեն, այլեւ նոր մտքեր ու ծրագրեր առաջ կբերեն, կոգեւորեն իրենց շրջապատի մարդկանց նույնպես մասնակից դառնալ նման նախաձեռնություններին: Ծրագիրը կհամարենք հաջողված, եթե կարողանանք հասնել Սփյուռքում գտնվող նույնիսկ մեր ամենափոքր համայնքներին եւ նրանց մեջ կապեր հաստատել ու խթանել տարատեսակ համագործակցությունը»,-նշեց «Ուժեղ Սփյուռք» ծրագրի ղեկավարը:

Ծրագրի հաղթողներից մեկը «Կորիզ» կրթական ծրագիր ՓԲԸ-ն ներկայացնող Սուրեն Ալոյանն է, նրա նախագիծը սովորեցնում է հայկական մշակույթն ու պատմությունը խաղի միջոցով: «Կորիզ» կրթական ծրագիրը եզակի հարթակ է, որը համատեղում է կրթությունն ու խաղային մոտեցումները՝ 3-12-րդ դասարանների աշակերտների համար։ Այն ուղղված է աշակերտների գիտելիքների խորացմանը՝ տարբեր առարկաների եւ հմտությունների շրջանակներում։ «Կորիզը» կազմակերպում է կրթական մրցույթներ՝ մաթեմատիկայից, ֆինանսական գրագիտությունից, ընթերցանությունից, ճարտարագիտությունից եւ այլ ուղղություններից՝ խրախուսելով ուսումնական գործընթացը դարձնել առավել հետաքրքիր, ինտերակտիվ եւ մոտիվացնող։ «Կորիզը» նաեւ ծառայում է որպես կամուրջ Հայաստանի և Սփյուռքի հայ աշակերտների միջեւ՝ հնարավորություն տալով զարգացնել իրենց գիտելիքները, մասնակցել մրցույթների եւ մեծարել ուսուցիչներին» ,-նշեց Սուրեն Ալոյանը։

Նրա ձեւակերպմամբ, «Կորիզը» ցույց է տալիս, որ կրթությունն ու սովորելու գործընթացը կարող են լինել ոչ միայն բարդ ու պահանջկոտ, այլև հետաքրքիր եւ գրավիչ. «Ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի յուրացնել իր ակադեմիական ծրագիրը՝ համապատասխան իր անհատական ուսումնական տեմպին, նախընտրած վայրում եւ ժամանակին՝ կիրառելով խաղային մեթոդաբանություն»։

Թե ինչ խնդիր են լուծում դրամաշնորհով, այն ինչքանո՞վ է նպաստել գաղափարի իրականացմանը, այս հարցին էլ մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Koreez» հավելվածի գործարկումից հետո, ընդամենը մեկ տարվա ընթացքում այն ձեռք բերեց ավելի քան 150,000 օգտատեր՝ 40 տարբեր երկրներից։ Օգտատերերի թվում են ոչ միայն աշակերտներ, այլեւ ուսուցիչներ, ծնողներ՝ Հայաստանից եւ Սփյուռքից։ Դրամաշնորհը կօժանդակի խաղի եւ դրա բովանդակության որոշ հատվածների թարգմանությանը՝ անգլերեն եւ ռուսերեն, հնարավորություն ընձեռելով Սփյուռքի այն աշակերտներին, որոնք բավարար չեն տիրապետում հայերենին, սովորել եւ կրթվել իրենց հասանելի լեզուներով։ Սա մեծապես կնպաստի հայ կրթական արժեքների տարածմանը եւ կապերի ամրապնդմանը՝ համաշխարհային հայ համայնքի շրջանակներում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930