Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր քննարկվեց նաեւ հանրային մեղադրողներին բացարկ հայտնելու հարցը:
Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Այս կողմում նստած են Հայաստանում ճանաչված մասնագիտական բարձր համբավ ունեցող փաստաբանները: Բայց ոչ մեկը չի հասկանում՝ ինչ օրենսդրությամբ ենք առաջ շարժվում: Կխնդրեի Ձեզ մի հատ նայել, կարո՞ղ է ուրիշ երկրի օրենսգրքով ենք առաջ շարժվում: Ակնարկ եղավ այստեղ, որ պետք է վատ չնայենք այս տեխնիկական սարքերին, բայց մտահոգությունները օդից չեն: Մտահոգությունները եկել են նրանից, որ մի քանի օր առաջ մի sms-ով Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ուղղակի փախավ: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է մտածել, որ եթե այս մարդը, օրենքներով ամենից պաշտպանված այս մարդը, մեկ sms-ով փախնում է իր պաշտոնից, ինչ վիճակում կհայտնվեն դատավորները, եթե հանկարծ ստանան նման կարգի sms-ներ: Իրավունք ունե՞նք մտածելու, իրավունք ունենք: Բոլոր դատավորները պետք է մտածեն, թե այս ԲԴԽ նախագահն ինչու մեզ այսպես խայտառակեց ու այսպիսի հիմար վիճակում մեզ դրեց»:
Կարդացեք նաև
-Պարո՛ն Քոչարյան, ԲԴԽ նախագահն իմ վերադասը չէ, չեմ ուզում ընդհատել, բայց Դուք առիթն օգտագործում եք ու հայտարարություններ անում: Ի՞նչ կապ ունի էլի դա,- հարցրեց դատավորը:
-Կապ ունի, որովհետեւ ԲԴԽ նախագահն այն պաշտոնյան է, որի ուղղակի գործառույթն է պաշտպանել ձեր անկախությունը: Եթե ինքը չի կարողանում պաշտպանել իր սեփական անկախությունը, ձեր գործը բուրդ է,- ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին ենթակաները սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էին դեռ 2021-ին: Արդարացումից 3 տարի անց Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, գործն ուղարկեց նոր քննության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ