Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ ենք տեսնել առաջընթացը, որը համացանցը բերել է մեր կյանքի տարբեր ոլորտներ». նշվել է Հայաստանի ազգային դոմենի ստեղծման 30-րդ տարեդարձը

Նոյեմբեր 28,2024 15:08

Հայաստանի ազգային դոմենի՝ .am-ի եւ այն կառավարող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-րդ տարեդարձի առիթով  նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ հոբելյանական հանդիսավոր արարողություն։ Հրավիրված էին Հայաստանում ինտերնետի զարգացման եւ .am հայկական դոմենային տիրույթի ստեղծման ու ընդլայնման գործի երախտավորները, մարդիկ, որոնք 1990-ականների ճգնաժամի տարիներին գիտակցում էին համացանցի կարեւորությունը, հավատում՝ երկրի ապագային։

«Նվիրյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի պատմություն է մեր կազմակերպության 30-ամյա գործունեությունը։ Հայաստանն ինտերնետով ապահովելու գաղափարն արդեն իրականություն է, ու մեծ պատիվ է այդ գործի ակունքներում լինելը։ Անչափ ուրախ ենք տեսնել այն առաջընթացը, որը համացանցը բերել է մեր կյանքի տարբեր ոլորտներ։ Ինչպես տարիներ առաջ, այժմ էլ վստահ ենք, որ այն կրթության, զարգացման բացառիկ հնարավորություններ է ընձեռում մեր սերունդներին, ու պետք է շարունակենք ջանքերը հանուն այդ հնարավորությունների ընդլայնման»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Ցուցադրվեց հոբելյանի առիթով պատրաստված «Համացանցի մեր տիրույթը՝ .am 30»  փաստավավերագրական ֆիլմը և ներկայացվեց նույնանուն հատուկ հրապարկում-ամսագիրը։ Նշվեց, որ սա բացառիկ թողարկում է, որտեղ Հայաստանում «ինտերնետի հայրերն» առաջին անգամ համապարփակ ներկայացնում են համացանցը մեր երկիր բերելու պատմությունը։

Միջոցառմանն ամփոփվեցին նաեւ «Վիքի.հայ» ամենամյա մրցույթի արդյունքները։ Այն այս տարի հոբելյանական էր։ Դրա շրջանակում վերջին երկու ամսում համացանցի հայկական տիրույթը հարստացել է համացանցին, դոմենային ոլորտին վերաբերող բազմաբնույթ տեղեկատվությամբ։ Այդ աշխատանքը կատարելու համար սահմանված 5 անվանակարգերում պարգեւատրվեցին «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության 7 խմբագիրներ։ Շնորհվեցին նաեւ հատուկ մրցանակներ։

Հայաստանում ինտերնետի ներդրման եւ զարգացման, .am դոմենի ստեղծման գործում նշանակալի ավանդի համար շնորհակալագրեր հանձնվեցին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամներին եւ ոլորտի այլ նվիրյալների։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930