Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվադող չփոխելը մարդասպանություն է»․ ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի

Նոյեմբեր 28,2024 15:04

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի՝ կարգելվի ձմեռային անվադող չունեցող ավտոմեքենաների շահագործումը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց․ «Հանրապետությունում ձյան կամ այլ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց պատճառներից է նաեւ վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթեւեկելը։ Այս նախագծով առաջարկում ենք տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե նոյեմբերի 15-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ թեթեւ մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր։ 2024 թվականի համար բացառություն է լինելու, որոշումը կգործի դեկտեմբերի 10-ից»։

Խուդաթյանն ասաց, որ ըստ նախագծի՝ կարգելվի տրանսպորտային միջոցի շահագործումը, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը կլինի 4մմ կամ դրանից պակաս։ Իսկ ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային անվադողեր։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա այն որոշումներից է, որը քաղաքացիների մի մասի մոտ դժգոհություն է առաջացնելու, որովհետեւ հանրապետությունում կան վարորդներ, ովքեր ձմռանը մեքենաները վարում են ամառային անվադողերով։ Նա նշեց, որ սա քաղաքացիների մոտ ծախսերի ավելացում է ենթադրելու, իսկ անվադողերի բիզնեսով զբաղվողների գործերը որոշակիորեն լավանալու են, լինելու են շահարկումներ, բայց կառավարությունը գնում է այդ քայլին, քանի որ կան վարորդներ, որոնք ձմռանն ամառային անվադողերով են վարում մեքենան։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց, թե ի՞նչ տուգանքներ են նախատեսված։ Դավիթ Խուդաթյանն իրազեկեց, որ եթե վարչական իրավախախտում է արձանագրվում, մինչեւ 5000 դրամ տուգանք է սահմանվելու, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ՝ 20 հազար դրամ։

«Կարծում եմ՝ լուրջ չէ, մենք հաջորդ որոշմամբ պետք է խստացնենք այս սանկցիաները, կապենք ԱՊՊԱ-ի հետ, տեխզննության հետ եւ նպատակին հասնենք։ Սենց սիմվոլիկ տուգանքներով չի աշխատելու կարգավորումը։ Եթե իրենց վտանգը 5000 տուգանքն է, վախենամ, որ սպասեն տուգանքի, ոչ թե կատարեն պահանջը։ Անվադող չփոխելը մարդասպանություն է»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930